Հղիության արհեստական ընդհատումների թիվը երեխայի սեռի պատճառով Ախալքալաքում նվազել է, սակայն այսուհետ այն հասնելու է 0-ի, քանի որ Վրաստանում հղի կանայք այլևս չեն ունենա հնարավորություն նախապես իմանալ երեխայի սեռը:
Տարեսկզբից մինչև նոյեմբերի 13-ը Ախալքալաքում ծնվել է 386 երեխա՝ 207 տղա և 179 աղջիկ: Նույն ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատման 152 դեպք է գրանցվել։
Ախալքալաքի հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքի պետ, բժշկուհի Զոյա Ռաիսյանը նշում է․ «Եթե առաջ կատարվում էր երկու արհեստական ընդհատում և մեկ ծնունդ, հիմա ճիշտ հակառակն է»։
Բժշկուհին այս փաստը բացատրում է կրթվածության մակարդակի բարձրացումով: «Այս ամենը գալիս է կրթության մակարդակի բարձրացումից, հասարակությունն արդեն ունի բավականին տեղեկություն և գիտելիք բժշկության մասին, կան պաշտպանիչ միջոցներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում հղիանալուն և վնաս չեն հասցնում առողջությանը։ Սակայն ամենակարևորն այն է, որ եթե առաջ մարդիկ ուզում էին ունենալ տղա երեխա, հիմա բոլորի ցանկությունն է ունենալ առողջ երեխա», – ասում է Զոյա Ռաիսյանը։
Ճիշտ է հիմա սելեկցիոն աբորտների թիվը նվազել է, սակայն դեռ մարդիկ կան, ովքեր իրենք են որոշում ծնվելու է տղա, թե աղջիկ, և եթե իրականությունը չի համընկնում իրենց որոշման հետ, ապա երեխան չի ծնվում:
Ա․Ա․-ն համարում է, որ սեռի մասին նախապես չիմանալը լավ կլինի կանանց համար: «Երբ իմացա հղի եմ, շատ ուրախացա, սակայն հետո տեղեկացանք, որ աղջիկ է և ունենալով մի աղջիկ, երկրորդը այլևս չուզեցինք․․․ Իհարկե շատ լավ կլինի, եթե ոչ մեկ չիմանա երեխայի սեռը մինչ ծնվելը, քանի որ չեն անի այնպիսի բան, ինչի համար հետո կզղջան»։
Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոյի նախաձեռնությամբ Վրաստանում արգելվում է հայտնել ծնողներին երեխայի սեռը հղիության վաղ շրջանում (երբ դեռ հնարավոր է արհեստական ընդհատումը): Այսուհետև շատ սպասված սեռի մասին ծնողները կիմանան հղիության 18-20-րդ շաբաթում։
«Անցած մեկուկես տարվա ընթացքում հղիության արհեստական ընդհատումների թիվը կտրուկ նվազել է։ Շատ կարևոր է, որ հղիության ընթացքում չբարձրաձայնվի երեխայի սեռը, քանի որ դա ծնողների որոշմամբ կարող է խոչընդոտ առաջացնի երեխայի ծնունդին, ինչը անընդունելի է։ Տարիներ առաջ մենք նույն առաջարկով դիմեցինք բոլորին, ցավոք շատ քչերը դրական արձագանքեցին, մեծամասնությունը չպաշտպանեց այդ էթիկան, սակայն այն պաշտպանելը շատ կարևոր է, որպեսզի հղիները իրենց պաշտպանված զգան ամեն կողմից», – հայտարարել է Դավիթ Սերգեենկոն։
Բժշկուհի Զոյա Ռաիսյանը նույնպես շատ դրական է գնահատում նոր կանոնակարգը, կարևորելով այն հանգամանքը, որ երբ ծնողները իմանան երեխայի սեռը, այլևս հնարավոր չի լինի ընդհատում։ Նա ցավով նշում է, որ Ախալքալաքում զգալիորեն նվազել է ծնելիությունը։
1990-2015 թվականների ընթացքում տղա ունենալու ցանկության պատճառով Վրաստանում 31 446 աղջիկ չի ծնվել։ Այսպիսին է վիճակագրությունը, որը նոյեմբերի 26–ին Գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության միջգերատեսչական հանձնաժողովը, Վրաստանի Ազգային վիճակագրական գրասենյակը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Վրաստանի գրասենյակը ներկայացրել են հանձնաժողովի ժամանակ։
Գայանե Ակոջյան