Ձկների որսագողությունը, ՀԷԿ-երի կառուցումը ու շահագործումը և որոշ այլ գործոններ վերացրին Նինոծմինդայի շրջանի ջրային աշխարհի ձկնային պաշարները:

Նինոծմինդայի շրջանը հարուստ է ջրային պաշարներով՝ գետեր, լճեր: Այդ գետերում ու լճերում բազմանում են տարբեր ու հազվագյուտ ձկների տեսակներ, դրանցից ամենահայտնիներն են` կողակը, իշխանը, ծածանը և այլ ձկներ: Ամեն տարի լճերում ու գետերում դրանց քանակը նվազում ու նվազում է, որոշ ձկնատեսակներ վերացման վտանգի տակ են:

Դրան են հասցրել որոշ գործոններ՝ որսագողերը, ովքեր քսանչորս ժամվա ընթացքում ցանցերով որսում են ձուկ, փոքր ՀԷԿ-երի կառուցումը, ջրերի կեղտոտումը, չորացած լճերը և այլն:

Գյուղերում ձկների բիզնեսը հիմնականում վերացել է:
Վրաստանի ամենամեծ լիճը` Փարավանին, որը հարուստ էր բազում ձկնատեսակներով, որտեղ միշտ կար շատ ձուկ. կողակ, իշխան, ծածան և այլն, այժմ դրանց թիվը նվազել է:

Փարվանան գտնվում է ծովի մակերևույթից 2073 մետր բարձրության վրա և նրա տարածքը կազմում է 37.5 քառակուսի մետր, առավելագույն խորությունը կազմում է 3 մետր 30 սանտիմետր, իսկ ահա միջին խորությունը 2 մետր 20 սանտիմետր: Ձմռանը լիճը ամբողջությամբ սառցակալվում է ու սառույցի հաստությունը կազմում է 73 սանտիմետր:

Փոկա ու Ռոդիոնովկա (պաշտոնական Փարավանի) գյուղերի բնակիչները ասում են, որ իրենց արդեն չեն թողնում զբաղվելու ձկնորսությամբ:
«Այ վերջերս տղաները ցանցերով ձուկ էին որսում, բնապահպանության ոստիկանությունը բռնեց նրանց ու տուգանեց, դրանից հետո մարդիկ վախենում ու ձուկ չեն բռնում: Ինչ-որ կար, դա էլ է անհետացել, շատ քիչ ձուկ կա: Հիմա ձկնորսության վրա արգելք է դրված, իհարկե դա չի վերաբերում սիրողներին, նրանք կարող են կարթով բռնել», – ասում են այդ գյուղերի բնակիչները, ըստ նրանց` կարևոր չի իրենց անունների նշումը, քանի որ բոլորն էլ նույն կերպ են մտածում:

Նրանք այդ արգելքին դեմ չեն:
«Եթե չթողնեն ձուկ որսալ, ապա ձուկը ինքնիրեն կվերականգնվի ու քանակությունը կրկին կավելանա: Մենք ապրում ենք լճի կողքին ու չենք կարող ձուկ ուտել, քանի որ չկա, այ դրանում է հիմնախնդիրը», – ասում է միջին տարիքի մի տղամարդ:

Ձկնորսության սիրահար Մարտին Հովհաննիսյանի խոսքերով, մեր լճերում ու գետերում իրավիճակը ճգնաժամային է:
«Պատճառը նրանում է. որ նախկինում վերահսկողություն չկար, ձկների բազմացում չկար, քսանչորս ժամ ցանցեր կան ջրում: Այդ պատճառով էլ ձուկ չի մնացել: Պետք է պետական ծրագիր, օգնություն, աջակցություն, որպեսզի վերականգնվի ձկնային պաշարը լճերում ու գետերում», – ասում է նա:

Մարտին Հովհաննիսյանի խոսքերով այս հարցում որոշ առաջխաղացում կա, աշխատում է բնապահպանության ոստիկանությունը, վերահսկում է, որպեսզի ձկնագողությամբ չզբաղվեն:

«Ամեն տեղ գոյություն ունի մարդկային գործոնը, դա միայն ձկնագողությունը չի, այլ նաև հիդրոէլեկտրակայանների շինարարությունը: Այ Ախալքալաքի շրջանում կառուցվեց «Փարավանի ՀԷԿ-ը», այնտեղ կառուցվեց ամբարտակ, ձկները սիրում են շարժվել, ձուկը տեղում չի մնում, բնականաբար այդ միգրացիոն ուղին կանգնեցվեց` սրանով ձկների զարգացման գործընթացը վատթարացավ: Ձուկը կպահպանվի ու հետզհետե կվերականգնվի, եթե լինի վերահսկողություն և ուշադրություն, իհարկե պետք է անցկացվի նաև ձկների բազմացում», – ասում է ձկնորսության սիրահարը:

Բորիս Ղարսլյան