Մարտի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Սամցխե-Ջավախք կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Նինոծմինդայի շրջանային ղեկավարության և աշխատակիցների հետ: Այցելեց Սուրբ Սարգիս եկեղեցի, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոն, ինչպես նաև Վահան Տերյանի տուն-թանգարան Գանձա գյուղում։
Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի (նախկինում՝ Բոգդանովկա) հայ համայնքի հետ։
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, կրթությանը, շրջանի սոցիալ-տնտեսական հարցերին։
Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ ուշադրություն հատկացնի վրացական լեզվի ուսուցմանը, քանի որ դա առանձնակի կարևորություն է իրենից ներկայացնում։
Ներկաներից մեկին հետաքրքրում էր, հայ-վրացական ներկայիս հարաբերությունների մակարդակը, որին ի պատասխան Վրաստանում ՀՀ դեսպանը նշեց, որ դրանք աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, որում մեծ դեր են խաղում նաև Հայաստանի և Վրաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների միջև անձնական շատ ջերմ հարաբերությունները, որը ևս իր արտացոլումն է գտնում երկկողմ հարաբերությունների վրա։ Այս համատեքստում դեսպան Սադոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության համար ստեղծում է նման բարվոք պայմաններ և նրանց խնդիրները պահում մշտական ուշադրության կենտրոնում։
Նկարները և տեղեկությունը Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից