«Արտադրի՛ր Վրաստանում» պետական գործակալության «Ձեռնարկատիրությանն աջակցության ծրագրեր»-ի շրջանակներում ֆինանսավորվող 1338 նախագծերից, ըստ Jnews-ի դիտարկումների, Ջավախքում կֆինանսավորվի առնվազն 10 նախագիծ։

Ըստ Jnews-ի հետազոտության, ընդհանուր առմամբ Ջավախքում (Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում) բիզնես գաղափարների մրցույթի առաջին փուլը հաղթահարել է առնվազն 26 նախագիծ։ Դրանցից 17-ն՝ Ախալքալաքում, 9-ը՝ Նինոծմինդայում (այդ թվերը կարող են 1-3-ով պակաս լինել պաշտոնական տվյալներից)։

Ախալքալաքում 17 նախագծերից 6-ը վերջնական հաստատվել են, իսկ 11-ի ֆինանսավորումը մերժվել է: Հաղթող նախագծերը հիմնականում անսովորական և ոչ տարածված գաղափարներ են՝ կապված ոսկու մշակման, ճարտարապետության, հետաքրքիր խաղերի կազմակերպման, ավտոմեքենաների տեխսպասարկման և այլնի հետ։

Նինոծմինդայում 9 նախագծերից 4-ը ստացել են ֆինանսավորման վերջնական հաստատումը, իսկ 5 նախագիծ չի ֆինանսավորվել: Նինոծմինդայում ֆինանսավորում են ստացել վարսահարդարման, մեքենաների տեխսպասարկման և կաթի վերամշակման հետ կապված նախագծերը։

Մեր դիտարկումներով 90-ից ավելի միավոր հավաքած նախագծերը ստացել են ֆինանսավորման հաստատում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության միկրո և փոքր բիզնեսի խթանման դրամաշնորհային ծրագրով 3700 դիմորդներից սահմանվել էին վերջնական փուլ անցած 1338 հաղթողները։

Ծրագիրն ուղղված է միկրո և փոքր բիզնեսի զարգացմանը, ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթի ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ծրագրի դրամաշնորհի չափն այս տարի սահմանվել է 30000 լարի, իսկ ԵՄ ֆինանսավորմամբ Վրաստանի Կառավարության կողմից փորձնական (պիլոտային) շրջաններում՝ Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի, Քվեմո Սվանեթիի, Գուրիայի և Կախեթիի շրջաններում, մեկնարկած ինտեգրված զարգացման ծրագրի դրամաշնորհի չափը կազմել է 40000 լարի: