Շատ մարդիկ, ովքեր արդեն վարակվել են նոր կորոնավիրուսով և ունեցել են հիվանդության համեմատաբար թեթև ընթացք, և ովքեր բուժվել են տանը, ասում են՝ եթե ընկնեին կլինիկա, ապա այնտեղ կմահանային։ Ախալքալաքում կարծիք է շրջանառվում, որ քովիդ-կլինիկաներից ողջ չեն վերադառնում, սակայն Վրաստանում հիվանդների 94%-ը, ովքեր հայտնվել են կլինիկայում՝ կորոնավիրուսից բուժվելու նպատակով, տուն են վերադարձել:
Կորոնավիրուսի հայտնվելու և տարածման հետ մեկտեղ բժիշկների առանց այն էլ ծանր աշխատանքը ավելի է բարդացել: Շատ սովորական հիվանդանոցներ վերածվել են կորոնավիրուսային կլինիկաների: Դրանց թվում է նաև Նինոծմինդայի հիվանդանոցը։
Հեռախոսը զանգահարում է։ Նինոծմինդայի COVID-կլինիկայի մենեջերը (խմբ. Jnews-ի նկարահանումներից հետո Նինոծմինդայի ռեֆերալ հիվանդանոցում նոր մենեջեր է նշանակվել) Նատո Իրեմաձեն անմիջապես վերցնում է հեռախոսը, 112-ի օպերատորը հարցնում է, թե արդյո՞ք տեղ կա Ախալքալաքից կորոնավիրուսով վարակված զինվորականի համար… Ինչպես ասում է Նատո Իրեմաձեն, օրական տասից ավելի նման զանգ է լինում։ Հիվանդանոցը գերբեռնված է: Գոյություն ունեցող 30 հիվանդատեղերը գրեթե միշտ զբաղված են։
2020 թվականի նոյեմբերի 11-ին, երբ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակն արդեն վերահսկողությունից դուրս էր եկել, Նինոծմինդայի կլինիկան ժամանակավորապես վերածվեց քովիդ-հիվանդանոցի՝ COVID-19-ով և թոքաբորբով հիվանդներին բուժելու համար։
Ամբողջ աշխարհով մեկ տարածված վիրուսից Ախալքալաքում մարդիկ մահանում են հիմնականում կլինիկաներում։ Այստեղ են հայտնվում այն մարդիկ, որոնց մոտ վիրուսի ընթացքը բարդանում է կամ քրոնիկ հիվանդություններ ունեն: Այստեղից էլ առաջանում է COVID-կլինիկաներում հայտնվելու վախը:
Նինոծմինդայի ռեֆերալ հիվանդանոցը գտնվում է քաղաքի ծայրամասում՝ շրջապատված եղևնիներով։ Հակառակ սպասումներին՝ հիվանդանոցը գործում է գրեթե սովորական ռեժիմով։ Սպասասրահում ընդունարանի աշխատակիցն է նստած, հիվանդանոցի մի մասն աշխատում է սովորական հիվանդանոցի պես։ COVID-բաժանմունքը գտնվում է վերին հարկերում։ Մինչ այնտեղ մտնելը բուժանձնակազմը փոխում է հագուստը, թեև խոստովանում են, որ արդեն բոլորը հիվանդացել են և չեն վախենում բաժանմունք մտնելուց։ Նախկին մենեջեր Նատո Իրեմաձեն հպարտանում է աշխատակիցներով, ասում է՝ անձնակազմի վրա չի ազդել այն փաստը, որ հիվանդանոցը վերածվել է կորոնավիրուսով հիվանդներին ընդունող կլինիկայի։
«Ուզում եմ երախտիքս հայտնել բուժանձնակազմին։Երբ մեր կլինիկան դարձավ COVID-կլինիկա, ոչ ոք չասաց, որ հրաժարվում է աշխատել: Մենք շատ յուրահատուկ կոլեկտիվ ունենք։ Նրանք պայքարում են մեր հիվանդների կյանքի համար, ինչան կարող են։ Երբ ամեն օր բարձրանում եմ կորոնավիրուսի բաժանմունք, ստուգայց եմ անում, հիվանդներն ինձ շնորհակալություն են հայտնում, ասում են, որ գոհ են անձնակազմից։ Մենք շնորհակալագրեր ենք ստացել, կարող եմ Ձեզ ցույց տալ»,- ասում է Նատո Իրեմաձեն։
Այստեղ բուժվել են հիվանդներ Բորժոմիից, Բակուրիանիից, Ախալցիխեից, Ասպինձայից, Ախալքալաքից, Ծալկայից և Նինոծմինդայից։
Մենեջերի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում կլինիկայում բուժում է անցել մոտ 500 մարդ, նրանցից 20-ը մահացել են։ Մահացածների մեծ մասն ունեցել է քրոնիկ հիվանդություններ կամ շատ ուշ է դիմել կլինիկա։
«Այս կլինիկայում ես հիվանդների կողմից վախ չեմ զգացել։ Ընդհակառակը, օրական 10 հոգի է դիմում մեզ ՝ մեզ մոտ բուժում ստանալու նպատակով։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այլ կլինիկաներում, բայց նույնիսկ 112 օպերատորների միջոցով են մեզ հետ կապվում՝ մեզ մոտ բուժում ստանալու համար։ Եթե նույնիսկ 60 հիվանդատեղ ունենայինք, դրանք միշտ զբաղեցված կլինեին»,- ասում է Նատո Իրեմաձեն։
Նինոծմինդայի ռեֆերալ հիվանդանոցի բուժանձնակազմը
Ախալքալաքի բնակիչ Ա.Ա.-ն 50-ն անց է, ով վերջերս է բուժվել Նինոծմինդայի կլինիկայում: Նա չցանկացավ հրապարակել իր լրիվ անունը։ Նա պատմում է, որ այն ժամանակ, երբ ինքը գտնվում էր Նինոծմինդայի կլինիկայում, հիմնականում տարեց հիվանդներ էին այնտեղ՝ անկողնային հիվանդներ։ Նա հիշում է, որ բուժքույրերը շատ լավ էին խնամում իրենց: Մինչ կլինիկայում հայտնվելը հինգ օր տնային բուժում է անցել, ևս մեկ շաբաթ՝ կլինիկայում։ Չնայած այն հանգամանքին, որ նա հիվանդ էր ոչ սուր ձևով, այնուամենայնիվ խուճապային վախը կար՝ վախը մահից:
«Կլինիկայում հիանալի խնամք էր, ես ունեի հիվանդության շատ թեթև ձև, ոչ մի բարդություն չկար, բայց հետո ամեն ինչ փոխվեց, մի օր խուճապ սկսվեց, շտապօգնություն կանչեցինք, բժիշկները զննեցին և ասացին, որ սատուրացիան և մնացած ամեն ինչը նորմալ է, որ հատուկ խնդիրներ չկան, բայց ինձ թվում էր, որ շատ վատ էի, խուճապի մեջ էի: Բժիշկը զանգահարեց Նինոծմինդա, ասացին, որ տեղ կա, բժիշկներն ու անձնակազմը շատ լավ ընդունեցին, հետազոտեցին, թոքերս կարգին էին, բայց միևնույն է, ինձ մեկ շաբաթ տեղավորեցին կլինիկայում, սիստեմ միացրին և այլն: Արդեն երրորդ օրը, երբ բժիշկն ասաց, որ ես խնդիրներ չունեմ և չի հասկանում իմ խուճապի և վախի պատճառները, դա ինձ օգնեց: Հետո ես հավաքվեցի ու նայեցի շուրջ բոլորս՝ թթվածնային դիմակներով մարդիկ, որոնք չեն կարողանում շնչել, կաթիլայինի տակ, արյունն այնքան էր թանձրացել, ասեղը դուրս էր նետում, ես դրանից ոչինչ չունեի»,- ասում է Ախալքալաքի բնակիչ Ա.Ա.-ն:
Ծանր հիվանդները մշտապես միացված են մահճակալի կողքին գտնվող մոնիտորին
Բայց կան պացիենտներ, ովքեր շատ դժգոհ էին մնացել Նինոծմինդայի կլինիկայում սպասարկումից։
Սուսաննա Մելիքիձեն Նինոծմինդայի կլինիկա էր ընդունվել 2021 թվականի ապրիլին։ Նրա խոսքով՝ 200 ճնշմամբ շտապօգնության մեքենայում ինքը մեկ ժամ սպասել է, մինչև բժիշկները եկել են նրա մոտ։
«Այն ժամանակ նրանք պատրաստ չէին լուրջ հիվանդությունների: Իսկ հիմա չգիտեմ, նրանք պատրա՞ստ են։ Հասկանում եմ, որ պետք է հագնվեին, բայց ամբողջ մեկ ժա՞մ։ Նրանք չգիտեին, թե ինչ պետք է անեին։ Ես հասկանում եմ, որ արվում է հնարավորության չափով , բայց եթե կա հնարավորություն և չի արվում, ապա այդպես նույնպես չի կարելի։ Ես ասում էի՝ թթվածին չկա, ինձ պատասխանում էին՝ համբերիր, մինչև փոխենք, ափսոս է, որ անընդհատ միացված է։ Կամ, օրինակ. սնունդը տնից էին բերում։ Երբ ասացի, որ անհնար է անընդհատ տնից ուտելիք բերել, քանի որ այդ սպասքը պետք է դեն նետել, ինձ ասացին, որ կարող ես չհավանել մեր ուտելիքը։ Եթե ինչ-որ մեկը նախկինում բերեր, գուցե ինձ դուր գար։ Ասելուց հետո, երբ սնունդը բերեցին , այն արդեն նորմալ էր: Վերաբերմունքն ասես անուշադիր էր, կարծես այդպես էլ պետք է լիներ»,- ասում է Սուսաննան։
Կորոնավիրուսի պատճառով շատ մարդիկ են կորցրել իրենց հարազատներին, ինչ-որ մեկը մեղադրում է վիրուսին, մեկ ուրիշը ՝ հիվանդանոցին։ Ա.Ղ.-ի կինը մահացել է Թբիլիսիի կլինիկայից վերադառնալուց մեկ շաբաթ անց՝ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո ։ Ճիշտ է, նրա համար դժվար է խոսել այս թեմայով, նա չէր ցանկանում, սակայն խոստացված անանունության պայմաններում մեր զրույցը բովանդակալից ստացվեց։
«Կինս քրոնիկ հիվանդություն ուներ։ Նրան չէր կարելի տեղավորել ամեն պատահած կորոնավիրուսային կլինիկայում, պետք է լիներ հատուկ, որպեսզի նրա հիվանդությունը կարողանային վերահսկողության տակ պահել։ Նա կես ամիս բուժվում էր կլինիկայում և շատ գոհ էր թե՛ կլինիկայից, թե՛ բուժանձնակազմից։ Նա ասում էր, որ զարմացած է, թե որքան անշնորհակալ էին հիվանդները և որքան ուշադիր երիտասարդ բուժքույրերն ու բուժեղբայրները»,- ասում է Ա.Ղ.-ն:
Կորոնավիրուսի պատճառով հարազատներին կորցրածներից շատերը մեղավոր են զգում, որ ընտանիքի անդամներին մենակ են թողել հիվանդանոցներում, չեն կարողացել օգնել նրանց, որ ժամանակին չեն կարողացել արձագանքել։
«Կարծում եմ, յուրաքանչյուր ոք, ով զգում է կորստի ցավը, միշտ ցանկանում է պատասխանատվությունը գցել ուրիշների վրա: Մենք հաճախ մտածում ենք՝ գուցե հնարավո՞ր լիներ, որ նա ողջ մնար, եթե տանը բուժվեր կորոնավիրուսի դեմ թեթեւ դեղամիջոցներով։ Բայց, այնուամենայնիվ, մենք չէինք կարողանա ինքնուրույն բուժել նրան», – ասում է Ա.Ղ.-ն:
Նինոծմինդայի ռեֆերալ հիվանդանոցի քովիդ-պալատը
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ COVID-19 ախտորոշմամբ հոսպիտալացվել է 166 814 հիվանդ, 554 574 մարդ բուժվել է տանը և կլինիկական հյուրանոցներում: Կլինիկաներում այս ընթացքում գրանցվել է 10 089 մահվան ելք։
Չնայած վախին՝ Ջավախքի շատ բնակիչներ դեռ կրկին նախազգուշական միջոցները չեն պահպանում, չեն կրում դիմակներ, տանը չեն մնում, երբ հասկանում են, որ հիվանդ են։ Նրանք կտրականապես հրաժարվում են պատվաստումից։ Հաճախ նման վերաբերմունքի արժեքը կովիդ-կլինիկայում մեկ այլ մարդու պայքարն է՝ կյանքի կամ մահվան։ Բայց մահացու ելքը ավելի հեշտ է արդարացնել նրանով, որ վատ են վերաբերվում կլինիկաները, քան մահացու վիրուսի նկատմամբ սեփական անլուրջ վերաբերմունքով:
Քրիստինե Մարաբյան