Վարևան գյուղում խմելու ջուր ունենալու համար Ախալքալաքի մունիցիպալիտետը ծախսել է 800 000 լարի, սակայն, ջուրն այդպես էլ գյուղ չի հասել: Այդ նպատակով այս տարի մունիցիպալիտետը հատկացնում է 400 000 լարի:

Վարևան գյուղում խմելու ջրի խնդիրը առկա է վացուց: Վարևան գյուղի ջրատար խողովակը գալիս է Էխտիլա գյուղից, որն անցկացվել է 2011 թվականին: Այս ջրատար խողովակի համար ծախսվել է 800 000 լարի: Մի քանի տարի անընդմեջ գյուղացիները «Օգնություն գյուղին» ծրագրի գումարը ներդրել են այդ ջրատար խողովակի անցկացման գործին: Գծի երկարությունը 20 կմ է: Սակայն, գյուղացիները բողոքում են, որ ջուրն իրենց գյուղ չի հասնում: Դրա պատճառն այն է, որ հարեւան Կոթելիա, Բարալեթ եւ Էխտիլա գյուղերի բնակիչները «գողանում են» ջուրն իրենց ջրատար համակարգից:

2015 թվականին, տեղական իշխանությունների ղեկավարների ներկայությամբ, Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցներն անջատեցին այդ գծերը: Բայց դա չօգնեց, եւ ջրի խնդիրը դրանով չլուծվեց: 2015-ին անցկացվեց նաեւ Սամսար-Կոթելիա նոր ջրատարը, եւ ղեկավարությունն և գյուղացիները հույս ունեին, որ հարեւան գյուղերն այլեւս չէին միանա Վարևանի ջրատար համակարգին, սակայն նրանք զուր էին հույս փայփայում: Մոտ 25 տնտեսություն կրկին օգտվում են Վարևանի ջրամատակարարման համակարգից եւ ջուրը չի հասնում վարևնցիներին:

Այս տարի տեղական բյուջեն կրկին գումար է հատկացրել նոր ջրամատակարարման գծի կառուցման համար: Այս անգամ 400 000 լարի: Շինարարությունը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլում նախատեսվում է 170 000 լարի, երկրորդ փուլում՝ 230 000 լարի:

Արդեն հայտարարվել է նախահաշիվների կազմման տենդերը: Նոր գիծը 12,5 կմ է եւ սկիզբ կառնի Մեծ Սամսար գյուղից:

Շուշան Շիրինյան