Վարևան գյուղը նորից կանգնած է խմելու ջրի անբավարար լինելու խնդրի առջև։ Գյուղում մի օր ունենում են ջուր, երկու օր` ոչ։ Հարցի լուծում դեռ չի երևում:
Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղի բնակիչները արդեն մի քանի տարի է ունեն խմելու ջրի խնդիր, դիմել են տարբեր ատյաններ խնդիրը լուծելու համար, սակայն` ապարդյուն:
Վարևան գյուղի ջրատարն անցնում է մի քանի գյուղերի միջով, և միշտ չէ, որ խմելու ջուրը հասել է վարևանցիներին: Եղել են փորձեր այս խնդիրը լուծելու, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք չեն հաջողվել: 2015 թվականի նոյեմբերի 17-ին տեղական իշխանությունների ներկայացուցիչների ներկայությամբ, Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի աշխատակիցները անջատել էին Վարևանի ջրատարի կոթելեցիների միացումները: Սակայն գյուղի ջրի խնդիրը չլուծվեց:
«Հիմա ունենք ջուր, սակայն կարող է մի շաբաթ կամ մի քանի օր հետո այլևս չունենանք։ Բայց եթե մյուս գյուղերը սկսեն դաշտերը ոռոգել, ընդհանրապես չենք ունենա», – ասացին Վարևանի բնակիչները։
Թե ինչ ծրագրեր կան Վարևանի ջրի խնդրի լուծման վերաբերյալ իմանալու համար դիմեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնի նորանշանակ մենեջեր Արտակ Թարլամազյանին։
«Խնդրի մասին նոր լսեցի, ես տեղեկություն չունեի, ես կապ կհաստատեմ Վարևան գյուղի գյուղապետի հետ, կգնամ և տեղում կծանոթանամ խնդրին», – ասաց Արտակ Թարլամազյանը։
Գայանե Ակոջյան