Վերականգնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո-Մուրջախեթ ճանապարհը։ Վերականգնման արժեքը կազմում է 2,723 միլիոն լարի։ 3,8 կիլոմետրանոց հատվածի վրա հողային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ կապալառուն արդեն կառուցել է 500 մետրից ավել երկաթբետոնե ծածկույթը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո-Մուրջախեթ ճանապարհի վերանորոգումը շարունակվում է, որը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։ Աշխատանքներն իրականացնում է «Էլիտ Բիլդերս Գրուպ» ՍՊԸ-ն։ Նախագծի արժեքը կազմում է 2,723,770 լարի։
Մուրջախեթ գյուղ տանող ճանապարհը մունիցիպալիտետի չորս ճանապարհներից մեկն է, որոնք այս տարի վերանորոգվում են Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ծրագրի ֆինանսավորմամբ։ Նախագիծը ֆինանսավորվում է 95%-ով պետական բյուջեից և 5%-ով՝ տեղական բյուջեից։ Ճանապարհի մակերեսը կպատվի երկաթբետոնով։
Խոսպիո գյուղից մինչև Մուրջախեթ գյուղ վերանորոգվող ճանապարհահատվածը 3800 մետր երկարություն ունի։ Ճանապարհի ողջ երկարությամբ հողային աշխատանքներն արդեն ավարտված են. մաքրվել է ճանապարհի հողը, հեռացվել է գրունտն ու աղբը, փռվել է խճաքար։ Այժմ ընթացքի մեջ է հիմնական փուլը՝ ճանապարհի բետոնապատումը։
Ըստ «Էլիտ Բիլդերս Գրուպ» ՍՊԸ-ի նախագծի ղեկավար Մամուկա Աբեսաձեի, արդեն փռվել է ավելի քան 500 մետր երկաթբետոնե ծածկույթ։
Հուլիսի 16-ի կեսօրին, երբ Jnews-ի թղթակիցն եղավ ճանապարհի շինարարությունում, տեղում աշխատողներ չկային, բայց շինարարական տեխնիկան տեղում էր։
Ինչպես նախագծի ղեկավար Մամուկա Աբեսաձեն Jnews-ին հեռախոսով պարզաբանեց, աշխատանքները սկսվել էին առավոտյան, բայց ավելի ուշ դադարեցվել էին էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։
«Էլեկտրական հոսանք չկար, բետոնի գործարանը չէր աշխատում, ուստի այսօր չկարողացանք շարունակել աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, նախագծի ընթացքում որևէ խնդիր չի եղել», — ասաց Մամուկա Աբեսաձեն։
Ճանապարհը կլինի 5 մետր լայնությամբ, ճանապարհեզրերի լայնությունը յուրաքանչյուր կողմից՝ 1 մետր, իսկ առանձին հատվածներում՝ 1.5-ական մետր։ Երկաթբետոնե ծածկույթը նախատեսված է 18 սանտիմետր հաստությամբ։
«Էլիտ Բիլդերս Գրուպ»-ի հետ պայմանագիրը կնքվել է 2026 թվականի մայիսի 5-ին, և աշխատանքները պետք է ավարտվեն 90 օրացուցային օրվա ընթացքում։
Այս ճանապարհը համեմատաբար կարճ ճանապարհ է, որը կապում է Մուրջախեթ գյուղը քաղաքի հետ։ Սկզբում նախատեսվում էր վերանորոգել Չամդուրա գյուղով Մուրջախեթ տանող ճանապարհը, սակայն Մուրջախեթի բնակիչները հրաժարվեցին այդ ճանապարհի վերանորոգումից պնդելով, որ իրենց անհրաժեշտ է Խոսպիայով Մուրջախեթ տանող ավելի կարճ ճանապարհը։ Արդյուքում, մի քանի տարի անց Մուրջախեթի բնակիչները հասան իրենց նպատակին, և Խոսպիայով քաղաք տանող նրանց ճանապարհը վերականգնվում է։






