Վարևան գյուղի ջրատարին միացել են նաև Կոթելիա գյուղի բնակիչները, ինչի հետևանքով ջուրը չի հասնում մինչև Վարևան: Նոյեմբերի 17-ին, տեղական իշխանությունների ներկայացուցիչների ներկայությամբ, Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սերվիս-կենտրոնի աշխատակիցները անջատեցին այդ միացումը:
Նոյեմբերի 18-ի առավոտյան Վարևան գյուղում ջուր հոսեց, ինչպես նշում են գյուղի բնակիչները ջուրը հոսում է երկու ակունքներից, բայց ոչ առատ: Կոթելիա գյուղի մոտ 25 ընտանիք, ջուր չունենալու պատճառով, միացել էին Վարևան գյուղի ջրատարին: Նշված միացումն անօրինական է, բայց ղեկավարության և ոստիկանության բազմաթիվ փորձերը անջատել այն, չէր ստացվում, քանզի հավաքվում էին Կոթելիա գյուղի բնակիչները ու չէին թողնում, որ տեխնիկան մոտենար նշված տեղանքին:
Մեր տվյալներով` Կոթելիա գյուղում կար 7 միացումներ կենտրոնական ջրատարից, դրանցից երեքը մատակարարում էին ջրով անասնապահական ֆերմաների, իսկ մյուսներից ջուր էին ստանում գյուղի բնակիչները:
Վարևան գյուղը արդեն մի քանի տարի պայքարում է, որպեսզի Կոթելիայի բնակիչները անջատվեն այդ ջրատարից, որպեսզի ջուրը հոսի մինչև իրենց գյուղ:
Արմեն Աբաջյանը գանգատվում է, որ իրենք Խանդո գյուղից են ջուր կրում, որտեղ այնքան էլ ուրախ չեն դրա համար: Գյուղում կա նաև մի ջրհոր. նրանք, ովքեր հնարավորություն չունեն գնալու ջրի, դրանից են օգտվում:
Վարևանի բնակիչ Ծովինար Հովհաննիսյանը խոսում է ջրհորի հակասանիտարական վիճակի մասին: «Մեկը գալիս է մաքուր դույլով, մյուսը` կեղտոտ: Չենք կարող բոլորին վերահսկել: Մենք ջուրը եռացնում, հետո ենք խմում: Անասունը հիվանդացավ ու սատկեց, քանի որ խմում էր այդ ջրից, 3-4 կովեր սատկան, 140-ական կգ միս ունեին, մեկ կովը մոտավորապես 1200 լարի արժեր: Տիրոջ փողերը ջուրը լցվեցին, նա միսը տվեց շներին»,- ասում է Ծովինար Հովհաննիսյանը:
Վերջապես Վարևան գյուղի բնակիչների երկարամյա պայքարը նոյեմբերի 17-ին պետք է ավարտվեր: Միավորված ջրամատակարարման աշխատակիցները տրակտորով փորում-գտնում էին միացումները և անջատում դրանք: Մեր ներկայությամբ կտրեցին երկու միացում, բայց այդ միացումները շատ էին: Տեղում էին տեղական ինքնակառավարման ղեկավարները, ովքեր խոստացան, որ երեք ժամից Վարևանի բնակիչները կունենան ջուր:
«Քանի որ ավարտվել են Սամսար-Կոթելիա ջրատարի աշխատանքները և արդեն Կոթելիա գյուղի բնակիչները ունեն ջուր, մենք հիմա կարող ենք անջատել միացումները ու ջուրը կհասնի Վարևան: Մենք հո չէինք կարող առանց ջրի թողնել Կոթելիա գյուղի բնակիչներին, թեկուզև չորս ընտանիքի: Վարևանցիների հիմնախնդիրը գոյություն ունի երկար տարիներ, մենք դիմել էինք Ջրամատակարարման Ախալքալաքի Սերվիս կենտրոն, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեին: Մենք` ինքներս իրավունք չունենք նրանց տուգանելու»,- ասաց Ախալքալաքի շրջանային վարչության վարչության Ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանը:
Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սերվիս-կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանն ասում է, որ իրենք իրավունք չունեն տուգանելու ֆիզիկական անձանց:
«Իրոք Վարևան գյուղում ջուր չկար, բայց նրանք իրենք պետք է լեզու գտնեին բնակիչների հետ, որպեսզի կոթելեցիները չգնային այդ քայլին: Գյուղը ունի լիազոր, ով պետք է կարգավորի այդ հարցերը: Մենք 2013 թվականին երկու անգամ անջատեցինք, մեզ հետ էր ոստիկանությունը, բայց հետո չկարողացանք, բնակիչները չթողեցին, տեխնիկան էին ջարդում, իսկ ղեկավարությունը մեզ չէր պաշտպանում: Իսկ այսօր դա պլանավորված էր մեկ ամիս առաջ: Կոթելիա գյուղում անցկացվեց նոր ջրատար և մենք որոշեցինք անջատել Վարևանի ջուրը»,- ասում է Վարդ Մոսոյանը:
Ախալքալաքի շրջանային վարչության Ալաստանի տարածքային միավորման պատգամավոր Արկադի Օվելյանը ասում է, որ նոյեմբերի 18-ին ջուրը հոսեց երկու փոքր ծորակներից:
«Չենք կարող ասել, հոսքի ծավալը կմեծանա, թե ոչ, բայց հուսանք… Բայց Կոթելիա գյուղում կան երեք ֆերմերային տնտեսություններ, ասում են, որ դրանց միացումները չեն անջատվի, թեև նախապես հակառակն էին ասում: Հենց նրանք են ծախսում մեծ ծավալի ջուր»,- ասաց Արկադի Օվելյանը:
Շուշան Շիրինյան