Ախալքալաքի շրջանի Խորենիա և Վարևան գյուղերի ջրամատակարարման համար 2019 թ.-ի տեղական բյուջեում գումար է հատկացված։ Բյուջեն դեռ քննարկվում է Շրջանային ժողովում։
Խմելու ջրի խնդիրը տարիներ է ինչ առկա է Վարևան գյուղում։ Բնակիչները շատ անգամ են դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին խնդրի լուծման ուղիներ փնտրելու համար։ Նրանց խոսքերով ձմռանը ջուրը հոսում է, սակայն գարնանը ու առավել ևս ամռանը, երբ Կոթելիա և Բարալեթ գյուղերի բնակիչները սկսում են դաշտերը ոռոգել, ընդհանրապես ջուր չի հասնում Վարևան։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասում է, որ 2019 թվականի բյուջեում նախատեսված է Վարևան գյուղի նոր ջրատարի ծրագիրը։
“170 000 լարի է նախատեսված Վարևանի նոր ջրատարի համար։ Շատ անգամ եմ դիմել Վարևան գյուղի գյուղապետին, որպեսզի նոր ջրատարի համար համապատասխան վայր և ակ գտնեն, սակայն նրանք ամեն անգամ մի պատճառ ասում էին, հա ցեխ է, հա կարտոֆիլը վերջացնենք և այլ պատճառներ։ Թեկուզ փոքր լինի, մենք տարբեր խողովակներ միացնելով ջուրը կհասցնենք գյուղ”, – ասաց Ալբերտ Նահատակյանը։
Տարիներ շարունակ նույն խնդրի առաջ են կանգնած Խորենիա գյուղի բնակիչները։ Խորենիա գյուղը 140 տնտեսությունով գտնվում է Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա, քաղաքին մոտ լինելով բնակիչները իրենց համարում են աշխարհից կտրված, քանի որ ունեն բազում չլուծված խնդիրներ։
Գյուղը խմելու ջրով ապահովելու համար սկզբում պայմանագիր էր կնքվել տեղական կառավարման մարմինների և նորակառույց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանի միջև, որպեսզի ջուրը կայարանից հասցվեր Խորենիա, սակայն անհասկանալի ձևով պայմանագիրը կորել է։
2019 թվականի բյուջեում ներառված է նաև Խորենիա ջուր հասցնելու ծրագիրը։
“400 000 լարի էլ սահմանված է Խորենիա գյուղի համար։ Բնակիչները ցանկանում են ջուրը Դիլիֆ գյուղից հասցնել Խորենիա, սակայն դա բավականին լուրջ հարց է։ Պայմանավորվածություն պետք է ձեռք բերել երկու մունիցիպալիտետների միջև։ Ինչպես նաև պետք է խոսել տեղի բնակիչների հետ, տեսնել համաձայն են թե ոչ, որ իրենց գյուղից տանենք ջուրը”, – հավելեց Ալբերտ Նահատակյանը։
Գայանե Ակոջյան