նորություններ 11 Օգոստոսի, 2026 • Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վիճակը․ Jnews-ը Ճանապարհային դեպարտամենտից պատասխան է ստացել

Ջավախքի բնակիչները պահանջում են Ախալքալաք–Կարծախ միջազգային նշանակության ճանապարհի շտապ վերականգնումը։ Ճանապարհի ներկայիս վիճակը զգալիորեն դժվարացնում է տեղի բնակիչների, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների և զբոսաշրջիկների տեղաշարժը։ Դադարեցված վերականգնման աշխատանքներն ու ճանապարհահատվածների ու շինարարական ընկերությունների վերաբերյալ առկա անորոշություններն էլ ավելի են անհանգստացնում բնակչությանը։ Jnews-ը Ճանապարհների դեպարտամենտից ստացել է որոշ հարցերի պատասխաններ, սակայն այդ մանրամասն պատասխանները չեն պարզաբանում ստեղծված իրավիճակը։

Այս ճանապարհի վիճակից բնակիչներն ու վարորդներն արդեն երկու տարի է դժգոհում են։ Հուլիսի 8-ին Սուլդա գյուղի բնակիչների նախաձեռնող խումբը դիմել էր Վրաստանի վարչապետին, ենթակառուցվածքների նախարարություն և Ճանապարհների դեպարտամենտ։ Դիմումը ստորագրել էր 115 մարդ։

Հուլիսի 22-ին բնակիչները, ճանապարհը փակելու և դրա անհապաղ վերականգնումը պահանջելու նպատակով, հավաքվել էին Վաչիան գյուղի մոտ, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել նրանց փակել ճանապարհը։

Հուլիսի 23-ին Jnews-ը գրավոր հարցում է ուղարկել Ճանապարհների դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք շինարարական ընկերությունները հեռացվել են աշխատանքներից և տուգանվել են։ Օգոստոսի 7-ին դեպարտամենտը պատասխանել է հարցերի մի մասին։

Պատասխանում նշվում է, որ դեպարտամենտը ուսումնասիրել է հարցումը և տեղեկություն է տրամադրում Թուրքիայի սահման տանող Ս-13 Ախալքալաք–Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների վերաբերյալ կնքված պայմանագրերի մասին։ Ըստ պատասխանի, ճանապարհի որոշ հատվածներում աշխատանքներն իրականացվել են միայն մասնակիորեն, ճանապարհի վերականգնման երկու պայմանագիր լուծարվել է, իսկ առավել խնդրահարույց հատվածների աշխատանքների ավարտը նախատեսվում է փուլային եղանակով՝ 2027 թվականին։

Սակայն պատասխաններում տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք աշխատանքներից հեռացված ընկերությունները տուգանվել են և ինչպես են հետագայում իրականացվելու ճանապարհի վերականգնման աշխատանքները։

36 կիլոմետր երկարությամբ հատվածը սկզբում բաժանված է եղել ավելի քան 6 հատվածի։ Որոշ հատվածներում վերականգնման աշխատանքները սկսվել են դեռևս 2022 թվականին, սակայն մինչ օրս չեն ավարտվել։ Ճանապարհի միջնամասում գտնվող 10 կիլոմետրանոց հատվածն ընդհանրապես նախատեսված չի եղել վերանորոգել կամ վերականգնել։

Դեպարտամենտի պատասխանի համաձայն, Ճանապարհների դեպարտամենտի և «Արալի» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում ընկերությունն իրականացնում է ճանապարհի 26+700-ից մինչև 36+090 կմ հատվածի վերականգնման և պարբերական վերանորոգման աշխատանքները։

«Այսօրվա դրությամբ աշխատանքների 87%-ն իրականացվել է։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը», — նշվում է պատասխանում։

Ճանապարհի այս հատվածը սկսվում է Կարծախ գյուղի տարածքից և շարունակվում դեպի «Կարծախ» սահմանային անցակետ։

Մեկ այլ պայմանագիր Ճանապարհների դեպարտամենտը կնքել է «Ճանապարհաշինարարական վարչություն №1» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրը նախատեսում է 0-ից մինչև 3-րդ կմ հատվածի պարբերական վերանորոգում։

Դեպարտամենտի պատասխանում նշվում է, որ ներկայումս համաձայնեցվում է նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Դրանց համաձայնեցումից հետո կորոշվի աշխատանքների ավարտի ժամկետը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին, երկարատև դադարից հետո, Ախալքալաք–Կարծախ ճանապարհին վերսկսվել էին վերանորոգման աշխատանքներ, որոնց ներգրավվել էր երեք ընկերություն։

«Ճանապարհաշինարարական վարչություն №1» ՍՊԸ-ն, ընկերության աշխատանքների ղեկավար Էդիկ Միքայելյանի խոսքով, պետք է իրականացվեր Ախալքալաքի բերդից մինչև այսպես կոչված «Զինվորական ավան» հատվածի՝ 0-ից մինչև 3-րդ կմ-ի վերականգնումը։

Աշխատանքներն իսկապես սկսվել էին, ճանապարհի առանձին հատվածներում հանվել էր ճանապարհածածկի և հողի վերին շերտը։ Սակայն դրանից հետո ճանապարհը ժամանակին չէր լցվել խճով։ Աշխատանքներն անսպասելիորեն դադարեցվել էին, և վերին շերտը հեռացնելուց հետո ճանապարհը գրեթե անանցանելի էր դարձել։

Ամենախնդրահարույց հատվածները

Մեկ այլ պայմանագիր կնքվել էր «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ի հետ։ 2025 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը պետք է իրականացներ 3+000-ից մինչև 7+800 կմ հատվածի վերականգնումը։

Սակայն, ինչպես հայտնում է Ճանապարհների դեպարտամենտը, այս պայմանագիրը լուծարվել է։

Պատասխանում նշվում է, որ նախատեսված աշխատանքների իրականացման համար ներկայումս իրականացվում են համապատասխան ընթացակարգեր, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվում է փուլային եղանակով՝ 2027 թվականին։

Այս հատվածը ներառում է քաղաքի ճանապարհահատվածի ավարտից մինչև Վաչիան գյուղ ընկած ճանապարհը։

Այստեղ նույնպես աշխատանքներն անսպասելիորեն դադարեցվել էին։ Առանձին հատվածների մաքրումից և դրանք խճով լցնելուց հետո անձրևներ են տեղացել, ինչի հետևանքով խճի մի մասը քշվել է։

Այս ճանապարհահատվածի վերականգնման հետ կապված ևս մեկ պայմանագիր Ճանապարհների դեպարտամենտը «Արալի» ՍՊԸ-ի հետ կնքել էր 2025 թվականի մայիսի 16-ին։

Պայմանագիրը նախատեսում էր 8+800-ից մինչև 16+000 կմ հատվածի վերականգնում։ Մեր գնահատմամբ, այն պետք է համապատասխաներ Վաչիան գյուղի վերջից մինչև Դադեշ գյուղ ընկած հատվածին։ Սակայն այս պայմանագիրը նույնպես լուծարվել է։

Դեպարտամենտի պատասխանի համաձայն, նշված աշխատանքների իրականացման համար ներկայումս իրականացվում են համապատասխան ընթացակարգեր։ Դրանց ավարտը նույնպես նախատեսվում է փուլային եղանակով՝ 2027 թվականին։

Այսպիսով, Ճանապարհների դեպարտամենտի պատասխանից պարզ է դառնում, որ Ախալքալաք–Կարծախ ճանապարհի առավել խնդրահարույց՝ 0-ից մինչև 16-րդ կմ հատվածը դեռևս չունի ավարտված վերականգնում։ Միաժամանակ, այս հատվածների վերանորոգումը նախատեսող երկու պայմանագրերը լուծարվել են, իսկ նոր ընթացակարգերը դեռ շարունակվում են։

Ջավախքի բնակիչների, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների և ճանապարհից օգտվող այլ մարդկանց համար սա նշանակում է, որ խնդրի ամբողջական լուծում մոտ ապագայում ակնկալել պետք չէ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝