նորություններ 9 Օգոստոսի, 2026 • Քաղաքին մոտ գյուղերում անասնապահությունն անկում  է ապրում

Ախալքալաք քաղաքին հարակից մի շարք գյուղերում, որտեղ տարիներ շարունակ անասնապահությունը եղել է բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը, այսօր անասունների թիվը զգալիորեն նվազել է։ Եթե նախկինում գրեթե յուրաքանչյուր ընտանիք պահում էր խոշոր եղջերավոր անասուններ, ապա այժմ այդ պատկերն աստիճանաբար փոխվում է։

Jnews-ը զրուցել է Կարտիկամ, Կուլիկամ և Բավրա գյուղերի բնակիչների հետ՝ հասկանալու, թե ինչու է անասնապահությունը կորցնում իր երբեմնի նշանակությունը։

Բավրա գյուղում հիմնական խնդիրը հովվի բացակայությունն է։ Մեզ հետ զրույցում Միսակ Շիրինյանն ասաց, որ  հովիվ գտնելն արդեն գրեթե անհնար է, իսկ տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի։ Արդյունքում ընտանիքներում մնում են կանայք, որոնց համար դժվար է միաժամանակ հոգալ թե՛ տնային գործերը, թե՛ զբաղվել անասնապահությամբ։

«Գյուղում այսօր 180-190 ընտանիք է ապրում, ամբողջ գյուղով ունենք ընդհանուր 25 կով։ Ամեն տուն 1-2 կով։ Մենք էլ քաղաքաբնակների նման կաթ ու պանիր ենք գնում, կինս կով կթել չի կարող, թե չէ ես մեծ հաճույքով կպահեի»,-  ասաց Բավրա գյուղի բնակիչ Միսակ Շիրինյանը։

Կարտիկամում էլ  պատճառները գրեթե նույնն են։ Այստեղ շատ ընտանիքներ ձգտում են ավելի բարեկեցիկ կյանքով ապրել՝ ընտրելով կայուն աշխատավարձով աշխատանք։ Տղամարդիկ հիմնականում գնում են արտագնա աշխատանքի, իսկ կանայք աշխատանքի են անցնում Ախալքալաք քաղաքում։ Ժամանակի և աշխատուժի պակասի պատճառով շատերը հրաժարվում են անասնապահությունից կամ պահում են ընդամենը մեկ-երկու գլուխ անասուն։ Մենք զրուցեցինք գյուղի կենտրոնում հավաքված տարեցների հետ։

«Ձագ ջան, հիմիկվա ջահելները չեն ուզում, չեն պահում։ Գյուղում 450 ընտանիք է ապրում, ընդհանուր 100 կով կա երևի։ Երիտասարդներն էլ մեծամասամբ ձգտում են Ռուսաստան գնալ»,- ասաց Կարտիկամ գյուղի բնակիչ Հովիկ Դումանյանը։

«Հինա բոլորը ձգտում են լավ ապրել, շատերն էլ տնական կաթ ու կարագ չեն ուտում, ասում են խանութից կգնենք կուտենք, ինչու չարչարվենք, կով պահենք», — ասաց  Կարտիկամ գյուղի բնակիչ Սուրիկ Գաբրիելյանը։

Կուլիկամում ևս տղամարդկանց զգալի մասը մեկնում է արտագնա աշխատանքի։ Բացի այդ, գյուղում երիտասարդ ընտանիքների թիվը նվազել է։ Տարեցների համար ֆիզիկապես դժվար է զբաղվել անասնապահությամբ, ինչի հետևանքով տարեցտարի անասունների թիվը կրճատվում է։

«Ես ու ամուսինս ենք ապրում գյուղում։ Ամուսինս հիվանդ է, ես էլ  առողջություն չունեմ, կով պահել չեմ կարող։ Տղաներս Ռուսաստանում են ապրում։ Երիտասարդ ընտանիքներից որոշները պահում են գյուղում կով»,- ասաց Կուլիկամ գյուղի բնակչուհի Լարիսա Ուզունյանը։

Թեև երեք գյուղերում պատճառները տարբեր են, սակայն արդյունքը նույնն է՝ անասնապահությունը, որը երկար տարիներ եղել է Ջավախքի գյուղերի տնտեսական հենասյուներից մեկը, աստիճանաբար զիջում է իր դիրքերը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝