Վարևան գյուղի բնակիչները բողոքում են, որ հարևան գյուղերը ապօրինի օգտվում են իրենց ջրատարից, իսկ իրենք ստիպված են այլ տեղերից ջուր կրել:
Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղի ջրախողովակը Էխտիլա գյուղի միջով է անցնում: Այն կառուցվել է 2011թ.-ին և 20 կմ երկարություն ունի:
Վարևան գյուղի բնակիչները բողոքում են, որ իրենք տանջվել, կառուցել են ջրատար, սակայն այն չի ծառայում նպատակին, քանի որ հարևան Կոթելիա, Բարալեթ և Էխտիլա գյուղերի բնակիչները «գողանում» են ջուրը ջրատարից:
Վարևանցիները մնացել են առանց ջրի և ստիպված այն կրում են շրջակա գյուղերից: Բնակիչները ջուրը կրում են մեքենաներով, ձիերով, իսկ ծերերը, ովքեր նման հնարավորություն չունեն ստիպված ձյունը հալեցնում՝ խմում են:
Տեղական իշխանությունների նախկին լիազորը Վարևանյում՝ Քերոբ Աբաջյանը դժգոհում է, որ իրենք ոչ մի կերպ չեն կարողանում լուծել այս խնդիրը:
-«Ապօրինի մեր գծին են միացել Կոթելիան և Բարալեթը: Նրանք առանձին գիծ ունեն: Ու հիմա իրենք կրկնակի ջուր ունեն, իսկ մենք ընդհանրապես ջուր չունենք: Երևի իրենց ինչ որ մեկը թույլատրել է: Կիլոմետրով գնում ենք, որ ջուր բերենք: Եթե նրանք չգողանան, մեր ջուրը մեզ կբավարարի: Մենք մի քանի անգամ ոստիկանությունով անջատել ենք նրանց միացումները, բայց մի քանի օր ջուրը հոսում է, հետո նորից կտրվում»,- դժգոհում է Քերոբ Աբաջյանը:
Բնակիչների խոսքերով, նրանք ջրախողովակի անցկացման համար ծախսել են 800 հազար լարի: Մի քանի տարի անընդմեջ «Օգնություն գյուղերին» ծրագրի շրջանակներում գյուղին հատկացված գումարը ներդրել են ջրատարի կառուցմանը և հիմա արդյունք չեն տեսնում:
Սերոբ Աբաջյանը վրդովված է, որ ղեկավարները չեն ուզում իրենց օգնել, իսկ իրենք միայնակ ոչինչ չեն կարող անել:
-«Մեր լիազորը մեզ հետ է, սակայն ինչ կարող է նա մենակ անել: Այդ գյուղերում ձուկ են պահում, իսկ մենք կիլոմետրով գնում ենք, որ ջուր բերենք: Մենք գնում այդ գյուղերը կռվում ենք, իսկ իրենք (տեղական իշխանությունները) չեն գալիս, ասում են հո՞ գնալու գլուխները ջարդելու չենք: Ուրեմն իրենք էլ նրանց հետ կապ ունեն, ձուկ են աճեցնում, փող են աշխատում: Նրանք (այն գյուղի բնակիչները, ովքեր միացել են ջրատարին) միլիցիայի աշխատող են, ուժ ունեն: Իսկ, որ մենք ենք գնում բողոքում, միլիցիան նրանց պատժելու փոխարեն, մեզ է նեղում: Մեզ իշխանություններն են նեղում»,- ասում է Սերոբ Աբաջյանը:
Ըստ Պետրոս Խարանյանի, նրանք ջուրը կրում են հարևան Խանդո գյուղից կամ էլ գյուղից հեռու գտնվող աղբյուրից:
-«Իսկ այն մարդիկ, ումից որ մենք ջուր ենք բերում դժգոհում են, որ իրենց նեղություն ենք տալիս: Մենք էլ ենք ամաչում, որ անընդհատ իրենց անհանգսատացնում ենք, բայց ինչ անենք: Մեծահասակները ընդհանրապես ձյունը հալեցնում՝ խմում են: Ամոթ էլ է, այս դարում ջուր չունենք»,- պատմում է Պետրոս Խարանյանը:
Բնակիչների խոսքերով, նրանք մեկ ու կես ամիս առաջ դիմել են Տարածաշրջանային զարգացման նախարարություն: Գյուղից 20 հոգանոց պատվիրակություն է գնացել Թբիլիսի և նամակով դիմել նախարարությանը: Մինչ այդ, սույն խնդրով վերջիններս պաշտոնապես դիմել են նաև նահանգապետարան, սակայն ոչ մի տեղից մինչ օրս պատասխան չեն ստացել:
Շուշան Շիրինյան