Ջավախքի լրատվական կենտրոնը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի «անորոշ» կարգավիճակի առնչությամբ Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականության, այդ հարցում Վրաստանի չեզոքության և շատ այլ բաների մասին:

Արդյո՞ք հեղափոխությունից հետո փոփոխություն եղավ Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումներում ղարաբաղյան խնդրի շուրջ:

– Այո, և այդ փոփոխությունների վերաբերյալ կարծիք ձևավորելը դժվար չէ` հիմնվելով նոր իշխանությունների, մասնավորապես` վարչապետի և արտաքին գործերի նախարարի կողմից կատարվող հայտարարությունների վրա: Հիմնական փոփոխությունն այն է, որ իշխանությունները բարձրացրել են այն հարցը, որ պաշտոնական Երևանը չի հրաժարվում բանակցային գործընթացից, սակայն հայտարարում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի անունից չի կարող մասնակցել բանակցություններին, քանի որ մանդատ չունի: Ղարաբաղի անունից մանդատ բացառապես ունեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: Եվ ընդհանրապես, եթե մենք խնդրի լուծման ցանկություն ունենք, ապա ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններում է, որտեղ որոշվում է Ղարաբաղի ճակատագիրը, առանց Ղարաբաղի փաստացիորեն լուծում չկա:

Ինչո՞ւ է հենց հիմա որոշվել Լեռնային Ղարաբաղը ներգրավել բանակցային գործընթացում:

– Հարցն այն է, որ Մինսկի խմբի ձևաչափը, որը ձևավորվել է 1992 թվականին, 97-98 թ.-ին, Ռոբերտ Քոչարյանի ձեռքով դեֆորմացվեց, և հարցը հայտնվեց փակուղու մեջ: Դա վկայում են տեղում դոփելու այն 20 տարիները, և այն, որ հարցը ոչ միայն չէր գրանցում առաջխաղացում, այլև սպառազինումների մրցավազք էր, մենք պատերազմ էլ ենք տեսել, մենք հասկանում ենք, որ դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Այլ բան է, որ դա ձեռնտու է Ադրբեջանի համար, բայց մենք պետք է հասկանանք, որ դա Երևանի քմահաճույքը չէ, պարզապես դա պահանջում է տրամաբանությունը: Այն, ինչ մտածում է Ադրբեջանը, որևէ մեկին չի անհանգստացնում: 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի հաստատման փաստաթղթում, ի դեպ, ադրբեջանական կողմի ստորագրությունը դրված է ղարաբաղյան կողմի ներկայացուցչի ստորագրության կողքին:

Ինչ եք կարծում, ղարաբաղյան հարցի շուրջ ի՞նչ սպասելիքներ ունի ադրբեջանական կողմը Հայաստանի նոր իշխանությունների կողմից:

– Ադրբեջանական կողմի դիրքորոշումը չի փոխվել: Ադրբեջանական կողմը մի բան է պնդում. Ահա ձեզ թուղթ ու գրիչ, և այս գրչով և թղթով վերադարձրեք մեզ այն ամենը, ինչ մենք կորցրեցինք, մեր իսկ կողմից սկսած պատերազմի ընթացքում, վերադարձրեք ամենը և միանգամից, կամ մենք նոր պատերազմ կսկսենք: Ահա թե ինչ է ասում Ադրբեջանը: Հայկական կողմը պատասխանում է հետևյալ կերպ. Մենք պատրաստ ենք շարունակել բանակցային գործընթացը, և եթե մենք մտադիր ենք լուծել այդ հարցը, ապա խնդրի լուծումը միայն այս տարբերակն է, և Ղարաբաղը կճանաչվի որպես բանակցությունների լիիրավ կողմ:

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ պատրաստ է երկխոսության՝ ինչպես Ադրբեջանի իշխանությունների, այնպես էլ հասարակ ժողովրդի հետ: Ո՞ր ձևաչափն է նկատառվում:

– Օրենքով չարգելված յուրաքանչյուր ձևաչափ, որը կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաները, որը կարող է կատարվել, որովհետև, ի վերջո, ի տարբերություն նախորդ իշխանությունների, Հայաստանի ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը կախված չէ չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունից: Հայաստանի ներկայիս կառավարությունը ավելի թափանցիկ է Լեռնային Ղարաբաղի հարցում իր քաղաքականության մեջ: Եթե նախկինում շահարկվում էր ղարաբաղյան հարցը բնակչությանը հանգստացնելու և հանդարտեցնելու համար, ապա հիմա դրա անհրաժեշտությունը չկա:

Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարբեր հայտարարություններ է արել ղարաբաղյան հարցի շուրջ, արդյո՞ք դա նշանակում է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ բան փոխվել է:

– Կարծում եմ, Երևանում այս իմաստով տեղի է ունեցել բավականին անկեղծ երկխոսություն, ինչպես նաև յուրաքանչյուր կողմի դիրքորոշման հստակեցում: Փաստացիորեն, երևանյան հայտարարություններով տիկին Զուրաբիշվիլին չեղյալ հայտարարեց Բաքվում արված հայտարարությունը: Եվ, իհարկե, նա հայաստանյան կողմին նախատեց, մասնավորապես այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունները գնում են Վրաստանի օկուպացված տարածքներ` Աբխազիա և Հարավային Օսիա, և փորձում են ցույց տալ, իբր դրանք համանման հակամարտություններ են: Այո, տիկին Զուրաբիշվիլին ճիշտ է ասում, դրանք սիմետրիկ հակամարտություններ չեն: Հայաստանը անվերապահորեն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծում եմ` անվերապահորեն: Եվ այս իմաստով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եզակի է և ենթադրում է բացառիկ լուծումներ, մինչդեռ միջազգային հանրությունը անվիճելի է համարում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, ինչը Բաքվի խմբագրությունում Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի: Ժամանակն է, որ հայկական ու վրացական կողմերը ճիշտ ընկալեն միմյանց դիրքորոշումները:

Ուրեմն ինչո՞ւմ է կայանում ղարաբաղյան հակամարտության, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև տարբերությունը:

– Ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կապված չէ ռուսական գործոնի հետ, ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում: Եթե ռուսները նույնիսկ մասնակցություն ունեցել են, ապա մեծ չափով Ադրբեջանի կողմից, որը ղարաբաղյան պատերազմի ընթացքում վեց անգամ ավելի շատ զենք է ստացել, քան Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը:

Վերջերս Վրաստանում շատ անգամ է շոշափվել ղարաբաղյան հարցը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Վրաստանին փորձում են ներգրավել ղարաբաղյան հակամարտության մեջ:

– Ես դա համարում եմ սխալմունք, սպառնալիք և կարծում եմ, որ ինչպես Երևանում, այնպես էլ Թիֆլիսում կա գիտակցումն այն բանի, որ դա հավասարապես վնասակար է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Կարծում եմ, այս պրակտիկան անթույլատրելի է: Անհրաժեշտ է միասին աշխատել՝ նման հարցերի դրվածքից խուսափելու համար:

Արդյո՞ք դա նշանակում է, որ վրացական իշխանությունները իրենք են ներգրավվում այս հարցում, խախտելով իրենց չեզոքությունը:

– Վրաստանը շարունակել է և կշարունակի պահպանել դրական չեզոքությունը, քանի որ դա բխում է Վրաստանի շահերից` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համատեքստում: Այն նաև բխում է տարածաշրջանային անվտանգության շահերից: Խոսելով ներքաղաքական համատեքստում, դա նշանակում է, որ Վրաստանում կոմպակտ բնակվում են ազգությամբ հայ և ադրբեջանցի քաղաքացիները: Իհարկե, Վրաստանը չի կարող հավասարակշռությունը խախտելու շահ ունենալ, քանի որ դա կարող է հանգեցնել ներքին լարվածության:

Քրիստինե Մարաբյան