Պետական մարմինների մասնակցությամբ հանցագործությունները չեն հետաքննվում, կրոնական փոքրամասնությունների իրավունքները չեն պաշտպանվում, միևնույն ժամանակ դրական միտում է նկատվում դատապարտյալների իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական հիմք կա մարդու իրավունքերի պաշտպանության ոլորտում: Վրաստանում մարդու իրավունքերի պաշտպանության ոլորտում դրական և բացասական երևույթների մասին տեսակետ է հայտնում Ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին:
Չեխական ոչ կառավարական «Nesehnuti» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ուսումնասիրող խմբի ծրագրի շրջանակներում, որի մեջ են մտնում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ Հարավային Կովկասից և Չեխիայից, հանդիպումներ ունեցան Վրաստանի տարբեր պետական ու ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրող խումբը հանդիպեց նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Հանդիպումն սկսվեց մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակի ներկայացմամբ և Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա դրական ու բացասական միտումների վերաբերյալ քննարկումներով:
Ուչա Նանուաշվիլու խոսքերով զգալի դրական փոփոխություններ էին խորհրդարանի կողմից հակախտրական օրինագծի ընդունումը:
Վերջինս դրական է գնահատում նաև Վրաստանի խորհրդարանի կողմից անցած տարի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընդունումը, ինչպես նաև լրացումները որոշ օրենքներում, որոնք հնարավորություն են ընձեռում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին և դրանց բարելավմանը:
Վրաստանի օմբութսմենի խոսքերով մարդու իրավունքների ոլորտում դրական փոփոխություններ կարելի է համարել բանտերում տիրող իրավիճակը, որտեղ արդեն չկա գերբնակեցման խնդիր:
«Անցած տարի մենք չունեցանք բանտերում խոշտանգումների գրանցված դեպքեր, միևնույն ժամանակ բանտարկյալների ծեծի մի քանի դեպքեր եղան: Երկար տարիների ընթացքում գաղութների գերբնակեցումը մեծ խնդիր էր, բարեբախտաբար այն արդեն խնդիր չէ: Երկու տարի առաջ 24 000 բանտարկյալ ունեինք, այժմ ընդամենը 10 000: Որովհետև մեզ մոտ փոխվեցին քրեական իրավունքները և բանտերում տիրող վիճակը լիբերալ դարձավ: 2012 թվականին կառավարության փոփոխությունից հետո, մեր կառավարությունը առաջարկում է նոր ռազմավարություն պատժի կրման այլընտրանքային մեթոդ, այսինքն՝ ոչ միայն բանտարկում»,- ասաց նա:
Ինչպես նաև նկատվում է ազատություն և անկախություն որոշ ոլորտներում:
«Հաջորդ ոլորտը, որտեղ նկատվում է դրական փոփոխություններ, դա ինֆորմացիայի հասանելիությունն է, ինքնաարտահայտումը և լրատվամիջոցների ազատությունը: Ավելանում է տարբեր ԶԼՄ-ների քանակը, նրանք դարձել են ավելի անկախ, իրավական ոլորտը ևս ավելի անկախացավ, քանզի իրավական համակարգը նախկինում գործում էր Դատախազության ճնշման տակ: Այժմ նրանք քիչ թե շատ անկախ են: Մեզ մոտ նկատվում է նաև դրական փոփոխություններ հավաքների և ցույցերի ազատության ոլորտում», – ասում է Ուչա Նանուաշվիլին:
Սակայն ոչ բոլոր ոլորտներում է նկատվում դրական փոփոխություններ:
«Ինչ վերաբերում է բացասական ազդեցություններին և միտումներին, և հիմա, և նախկինում պետական մարմինների մասնակցությամբ հանցագործությունները չեն հետաքննվում: Մեզ մոտ եղան 25 դեպք, երբ ստիպված էինք բանակցել Դատախազության հետ, որպեսզի նրանք գործ հարուցեն այն դեպքերում, երբ հենց ոստիկանության և ուժային կառույցների աշխատակիցներն են բռնություն իրականացնում և չարաշահում են պաշտոնական լիազորությունները: Ցավոք, Դատախազության հետաքննությունը ոչ մի արդյունք չտվեց: Այդ առթիվ մեր հանձնարարականներում, հաշվետվություններում ներկայացված են անկախ հետաքննություններ: Բացասական միտում է, օրինակ կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես մուսուլմանների հանդեպ իրականացված ճնշումները: Միևնույն ժամանակ հակախտրական օրենքի ընդունումը նման դեպքերում թույլ է տալիս կողմնորոշվել և ստեղծել դրանց կանխարգելման մեխանիզմներ»,- ասաց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Քրիստինե Մարաբյան