Jnews-ը զրուցել է փորձագետ Վլադիմիր Պապավայի հետ՝ գնաճի, արտարժույթի փոխարժեքի, տնտեսական աճի, զսպանակի էֆեկտի, տնտեսության մեջ առկա խնդիրների, զբոսաշրջությունից ստացած եկամուտների և շատ ավելիի մասին։

Ինչպիսի՞ տնտեսությամբ Վրաստանը մուտք գործեց 2023 թվական:

– Երբ խոսում ենք վրացական տնտեսության մասին, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում։ Աշխարհում իրավիճակը շատ լարված է Ուկրաինայում ՌԴ կողմից պատերազմի և վերջինիս դեմ արևմուտքի պատժամիջոցների պատճառով։ Այս առումով համաշխարհային տնտեսության մեջ նկատվում է տնտեսական անկման միտում, այսինքն՝ տնտեսական կրճատում։ Շատ երկրներում տնտեսական աճը մի կերպ պահպանվում է, բյուջեն ուղղակի նվազել է։ Միևնույն ժամանակ Վրաստանն ունի 2022 թվականի արդյունքների վերաբերյալ առաջին տվյալները։ Լրջորեն հուսադրող է, քանի որ տնտեսական աճը ֆիքսված է 10 տոկոսի սահմաններում, ինչը շատ կարևոր է Վրաստանի նման փոքր երկրի համար, որը զգալի կերպով տուժել է համավարակի պայմաններում։

Ինչի՞ հաշվին է այս 10 տոկոսանոց աճը։

– Նախ պետք է հաշվի առնել, որ 2021 թվականին տնտեսական աճ է գրանցվել, քանի որ ապրիլից հաջողվել էր տնտեսությունը բացել։ Եվ հետո եղավ այսպես կոչված զսպանակի էֆեկտը, երբ տնտեսությունը փակվեց ու հանկարծ այն բացեցին զսպանակի էֆեկտն աշխատեց, Վրաստանում 10,5 տոկոս աճ եղավ։ Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա այստեղ այդ էֆեկտը շարունակվեց և ավելացավ այն պատճառով, քանի որ Վրաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէր։ Այն պատճառով, որ Վրաստանում խաղաղություն էր տիրում, շատերն իրենց բիզնեսը տեղափոխեցին Վրաստան, նկատի ունեմ փախստականներին՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, նրանք գրանցեցին իրենց ընկերությունները, և դա ևս ազդեց տնտեսական աճի վրա։ 2022 թվականն ավարտվեց զգալի տնտեսական աճով, բայց դա ամենևին չի նշանակում, որ Վրաստանի տնտեսությունում խնդիրներ չկան։

Կոնկրետ ի՞նչ խնդիրներ կան Վրաստանի տնտեսությունում:

– Դա բարձր գնաճն է, ամենայն հավանականությամբ 2023-ին կգրանցվի 10 տոկոսի սահմաններում։ Այս գնաճը համաշխարհային խնդիր է։ Բանն այն է, որ համավարակի ժամանակ գլոբալ մատակարարման շղթաներում խափանումներ են եղել։ Առաջարկի նվազումն էլ հանգեցրեց գների բարձրացման: Եվ ամբողջ աշխարհը պայքարում է այդ խնդրի դեմ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, եվրոպական պետությունները, մեր սահմանակից հարեւանները։ Օրինակ, մեր տարածաշրջանում ամենաբարձր գնաճը գրանցվել է Թուրքիայում, իսկ երբ Վրաստանն ունի 10 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը նույնպես 10 տոկոս է, սա ակնհայտորեն ազդում է բնակչության սոցիալական վիճակի վրա, որը, ցավոք, չի բարելավվի։

Ի՞նչ է լինելու այս տարի փոխարժեքի հետ:

– Այս ոլորտում կանխատեսումները միշտ չէ, որ արդարացվում են, բոլորը խուսափում են դրանից։ Հատկապես այնպիսի մրրկային իրավիճակում, որի մեջ ներկայումս գտնվում է մեր տարածաշրջանը և ամբողջ աշխարհը։ Ոչ ոք չգիտի պատերազմի ավարտի կանխատեսումները։ Ինչպե՞ս, ե՞րբ և ի՞նչ արդյունքով կավարտվի պատերազմը: Բայց լարիի փոխարժեքն ամրապնդվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ բիզնեսները տեղափոխվեցին Վրաստան։ Բայց ինչպես կշարունակվի 2023-ին… Օրինակ, ամերիկացի հայտնի տնտեսագետ Ռուբինին հստակ գրում է, որ 2023-ին լինելու է ստագֆլացիոն պարտքային ճգնաժամ, ստագֆլյացիան նշանակում է բարձր գնաճ և գործազրկության բարձր մակարդակ։ Սա նշանակում է, որ լինելու է տնտեսական անկում, բնականաբար, առաջարկը նորից կնվազի, գնաճը կլինի բարձր։ Իսկ թե ինչպես իրեն կպահի Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում փոխարժեքը, նույնպես հայտնի չէ։ Այսինքն՝ հարցերը շատ են, իսկ թե շատ հստակ պատասխանները՝ քիչ։

Անցյալ տարի զբոսաշրջությունը Վրաստանի բյուջեի աճի պատճառ դարձավ, որքանո՞վ է այս աճը կայուն:

– Երբ երկիրը պատերազմի մեջ չէ և այն համեմատաբար խաղաղ է, ապա այստեղ գներն այնքան բարձր չեն, որքան այլ երկրներում։ Զբոսաշրջության տեսանկյունից Վրաստանը շարունակում է մնալ գրավիչ երկիր։ Կարծում եմ, որ բացի զբոսաշրջությունից, Վրաստանը պետք է զարգացնի տնտեսության իրական հատվածը, այն է՝ արտադրությունը, առանց որի վրացական տնտեսությունը երբեք չի կարողանա ոտքի կանգնել։

V_Papava_10_09_2021_GREY_thumb

Վլադիմիր Պապավան 2001 թվականից ի վեր Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի Կիրառական տնտեսական հետազոտությունների կենտրոնի ավագ հետազոտող և տնօրեն է: 1994-2000 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար: 2000 թվականին նշանակվել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարի տեղակալ: 2004-2007 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի բյուջեի և ֆինանսների հանձնաժողովի ղեկավարի տեղակալն է եղել: 2005-2006 թվականներին Ֆուլբրայթի կրթաթոշակառու է եղել Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտում, Nitze School-SAIS-ում, Ջոն Հոփքինսի համալսարան (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան): 2013-2016 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր և տնտեսագիտության պրոֆեսոր, նաև Պաատա Գուգուշվիլիի տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող: