Հաճախ ծնողները չգիտեն, թե ինչպես վարվել, երբ իրենց երեխաների մոտ սկսվում է սեռական հասունության, դեռահասության շրջանը: Հենց այս տարիքում երեխաներն ավելի անպաշտպան են ինչպես արտաքին սպառնալիքների, այնպես էլ ներքին վախերի առաջ։ Այս տարիքում հաճախակի են դրսևորվում անկշռադատ քայլեր, որոնք նրանց բավականին լուրջ խնդիրների առջև են կանգնեցնում։ Նոր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ այդ սխալ քայլերը արտահոսում են համացանց, ստանում հրապարակային բնույթ, ինչը հանգեցնում է նվազագույնը՝ հոգեբանական խնդիրների:
Դեռահասների նկատմամբ հաճախ կատարվում են սեռական բնույթի հանցագործություններ, այդ թեմաները տաբու են Ախալքալաքի հասարակության շրջանում և դա պայմանավորված է ավանդույթների և դաստիարակության հետ: «Սեքս» և «սեռական դաստիարակություն» տաբու բառերը հանգեցնում են լուրջ հետևանքների։ Սոցիալական ցանցերի զարգացման հետ մեկտեղ երեխաներն ու դեռահասները շատ ավելի խոցելի են դառնում։ Նրանք սկսում են զբաղվել սեռական ինքնակրթությամբ ինտերնետի օգնությամբ, սակայն այդ կրթությունը ոչ միշտ է արդյունավետ։ Օրինակ՝ արդեն որերորդ անգամ տարբեր մեսենջերների միջոցով տարածվում են լուսանկարներ կամ տեսանյութեր, որտեղ դեռահասները, հաճախ՝ աղջիկները, մերկ են։ Նման կոմպրոմատները՝ հեղինակության, վարկանիշի անկմանը բերող տեղեկությունները, շանտաժի հիմք են դառնում՝ թե՛ ֆինանսական, թե՛ սեռական։
Նման դեպքերում երեխաները, դեռահասները, վախենալով ծնողների զայրույթից, ավելի ու ավելի են խորտակվում ճահճի մեջ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ անել նման իրավիճակներում, ոչ մի ծնող չի մտածում, որ դա կարող է պատահել իր երեխայի հետ, բայց ոչ ոք պաշտպանված չէ նման խնդիրներից։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար դեռահասների հետ պետք է խոսել սեռական հասունացման մասին, ասում են հոգեբանները։ Այս և շատ այլ հարցերի շուրջ Jnews-ը զրուցել է հոգեբան Աննա Մինասյանի հետ։
Ինչպես է սկսվում դեռահասային ճգնաժամը, ինչի՞ է հանգեցնում այդ ամենը:
Դեռահասությունը կյանքի ճգնաժամային, կարելի է ասել ամենադժվար փուլերից մեկն է։ Դեռահասության շրջանը շատ է առաջ եկել։ Եթե ավելի վաղ այն սկսվում էր 12 տարեկանից և տևում մինչև 18 տարեկանը, ապա այժմ ճգնաժամը սկսվում է 9 տարեկանից և տևում է մինչև 21 տարեկանը։ Դա պայմանավորված է նրանով, որ երեխաների մոտ հասունացման շրջանն ավելի վաղ է սկսվում։ Դա պայմանավորված է ֆիզիոլոգիական ասպեկտներով, բայց այստեղ իրազեկությունը մեծ դեր է խաղում։ Երեխաները շատ ավելի վաղ են ստանում տեղեկատվություն և հոգեբանորեն ավելի վաղ են հասունանում, ինչը նպաստում է ֆիզիոլոգիական վաղ հասունացմանը։ Դեռահասությունը բաժանվում է երկու փուլի՝ դրական և բացասական: Սկզբում բացասական փուլն է, որը կապված է մարմնի վրա մազագոյացման հետ, սկսվում է սեռական հասունացումը, աղջիկների մոտ դաշտանային շրջանը, տղաների մոտ՝ էրեկցիան, և այլն։ Դեմքի, մարմնի այս բոլոր փոփոխությունները երեխաների մոտ զարգացնում են տագնապի, խուճապի զգացումը: Բացի ֆիզիոլոգիական փոփոխություններից, երեխաների մոտ սկսվում են հորմոնալ փոփոխությունները։ Այսինքն՝ այն հորմոնները, որոնք հանգեցնում են ֆիզիոլոգիական զարգացման, հանգեցնում են հոգեբանական փոփոխությունների, սա բավականին մեծ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։ Դրանք հիմնականում վահանաձև գեղձի հորմոններն են, սեռական հորմոնների փոփոխությունները, աղջիկների մոտ տեստոստերոնի փոփոխությունները, տղաների մոտ՝ հակառակը և այլն։ Դա մեծապես ազդում է նյարդային համակարգի վրա: Դրական փուլը սկսվում է 15 տարեկանից հետո, երբ դեռահասներն իրենց որպես այդպիսին զգում են կայացած անհատներ: Սեռական հասունացման սկզբում սպառնալիքը կայանում է նրանում, որ երեխաները գիտակցում են իրենց սեռը, ունենում են սեռական ցանկություններ, իսկ մեր շրջանում այս հարցը տաբու թեմա է: Այսինքն՝ ծնողներն իրենց թույլ չեն տալիս նախապես պատրաստել իրենց երեխաներին սեռական հասունացմանը։ Ծնողները երեխաների հետ չեն խոսում: Եվ երբ երեխաները հարցեր են տալիս, նրանք այդ հարցերի պատասխանները չունեն: Պարփակվում են, ասում են՝ ամոթ է, դրա մասին չի կարելի խոսել, մենք նման հարցեր չենք բարձրաձայնում։ Հետեւաբար, երեխաները սկսում են փնտրել այս տեղեկատվությունները ինտերնետում, ընկերներից և այլն: Երեխան պետք է ընտանիքում ապահովվածություն զգա՝ հորից, մորից:Այս հարցերը պետք է սկզբնապես քննարկվեն: Մի սպասեք, որ երեխաներն իրենք իրենց այս հարցերը տան: Ծնողները պետք է սեռական դաստիարակություն տան իրենց երեխաներին: Տեղեկատվությունը պետք է տրվի՝ ելնելով երեխայի տարիքից: Որքան երեխան կկարողանա ընկալել և հասկանալ այս տեղեկությունը։ Այս հարցերի մասին շատ պետք է խոսվի։
Ի՞նչ անել, եթե երեխան չի վստահում կամ վախենում է ծնողական զայրույթից:
Ծնողը պետք է լավ ճանաչի իր երեխային՝ հաշվի առնելով նյարդային համակարգը և այլ առանձնահատկություններ, վերաբերմունքը հասարակության, շրջապատի նկատմամբ։ Հասունացման շրջանում երեխաները դառնում են ավելի պարփակված, իրենց համարում են չհասկացված: Քանզի երբ ցանկանում են ինչ-որ բանի մասին խոսել, ծնողների բացասական ազդանշանը շատ ագրեսիվ է։ Եվ, բնականաբար, երեխան փակվում է ինքն իր մեջ և ոչ մի բանի մասին չի խոսում, քանի որ կարծում է, որ ծնողը պետք է բղավի, կամ հարվածի, կշտամբի, ամաչի, հետևաբար, ի սկզբանե այս հարցերը տաբուավորված են։ Մենք ունենք կարծրատիպեր, որոնցից շատ դժվար է ազատվել։ Ես հասկանում եմ ծնողներին, բայց այսօր շատ հեշտ է առցանց կրթություն ստանալը։ Կարելի է սովորել, թե ինչպես ճիշտ շփվել երեխաների հետ, խոսել նրանց հետ: Իսկ դպրոցում, գոնե կենսաբանության դասերին, սեռական դաստիարակության մասին էջերը հեշտությամբ թերթող ուսուցիչը պետք է երեխաներին ավելի խորը գիտելիքներ տա սեռական օրգանների, հիգիենայի մասին, երեխաներին նախ պետք է «ոչ» ասել սովորեցնել, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց օրգանիզմը, իրենց մարմինը իրենց սեփականությունն է, և իրենք կարող են ասել՝ ոչ։ Ինչ վերաբերում է այն պահերին, երբ աղջիկներն իրենց մերկ նկարում են, դեռահասները շատ հաճախ են սիրահարվում, դրանում մեծ նշանակություն ունի հորմոնալ հավասարակշռությունը։ Եվ այս վիճակում լինելով՝ երեխան վստահում է հակառակ սեռին։ Եվ իրենց թվում է, թե սիրում են, և նա ունի փոխադարձ զգացմունքներ, և բնականաբար ծնողներից օրինակ վերցնելով, որ նրանք միասին են, նույն սենյակում են քնում և այլն։ Նա այս ամենը հասկանում է ու սկսում պատկերացնել, որ այս մարդն իր սիրելին է, և ամեն ինչ կարելի է։ Հարցը վերաբերում է նրան, որ «չի կարելի»-ն, դա պարզապես «չի կարելի» չէ, այլ պետք է բացատրել, թե ինչ է սերը, զգացմունքները, սեռական հարաբերությունների հետևանքները, ինչ է պոռնոգրաֆիան, մերկ լուսանկարները, ինչը մեծ տարածում է գտնում համացանցում։ Եվ երեխան պետք է հասկանա, թե ինչու հենց «չի՛ կարելի»։ Պետք է խոսել վտանգների մասին։ Այստեղ հարցն այն չէ, որ երեխային խայտառակում են ու բամբասում նրանց մասին, այլ հարցը հասնում է այն կետին, որ գործը հասնում է սեռական հարաբերությանը։ Այսինքն՝ դեռահասը չի գիտակցում սեռական հարաբերությունից հետո առաջացած բարդությունները։ Այսինքն՝ «չի՛ կարելի» ոչ թե ինչ-որ կարծրատիպեր կան, այլ այն պատճառով, որ դա վտանգավոր է նրա օրգանիզմի, առողջության համար։ Ամոթը վերջին տեղում է, ինչը նույնպես կարևոր է: Պետք է մտածել երեխայի հոգեբանական առողջության, ֆիզիոլոգիական առողջության մասին։ Մենք՝ ծնողներս, պետք է ուժ գտնենք մեր մեջ և տեղեկացնենք երեխային։
Եթե երեխան գտնվում է դժվարին իրավիճակում, ի՞նչ պետք է անեն ծնողները
Առաջին հերթին երեխային պետք է հասկանալ, ծնողները պետք է երեխային ընդունեն այնպիսին, ինչպիսին նա կա, անկախ նրանից նա ճիշտ է, թե՝ ոչ, լավն է, թե՝ ոչ։ Սրանք բոլորը պիտակներ են, որոնցով մենք պիտակավորում ենք նրանց։ Ընդունված երեխան, ինքնին, հասկացված է, երեխա է, որին ընդունում են այնպիսին, ինչպիսին նա կա: Նա ավելի բաց է իր ծնողների հետ։ Եթե երեխան նման իրավիճակում է, ճիշտ է դիմել մասնագետի։ Քանի որ նա չի կարողանա ինքնուրույն դուրս գալ այս ամենից, նա չի կարողանա բացվել, կիսվել իր ապրումներով, զգացմունքներով: Նման իրավիճակներում երեխան՝ դեռահասը, պարփակվում է իր մեջ, փորձում է հասարակությունից զատվել, դպրոց հաճախել, զգուշանում է հասարակությունից և դա բերում է մի շարք հոգեբանական խնդիրների, որոնք ազդում են նրա ողջ կյանքի վրա։ Ուստի պետք է խոսել մասնագետի հետ և աշխատանքներ տանել, որպեսզի երեխան, դեռահասը հասկանա և ընդունի իր «սխալը»։ Որպեսզի այդ սխալը նրա համար տրավմա չդառնա, որպեսզի կյանքը գլխիվայր չշրջվի։
Քրիստինե Մարաբյան