Սոցիալապես անապահով քաղաքացիները և հղի կանայք վաղանից կստանան անվճար հակավիրուսային դեղամիջոց՝ «Օսելտամիվիրը» («Տամիֆլյու»), հայտարարել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության, սոցիալական և օկուպացված տարածքներից փախստականների հարցերով նախարար Դավիթ Սերգեենկոն:

Նախարարի խոսքերով, տվյալ որոշումը կայացվել է գրիպի վարակի նկատմամբ ռիսկային խմբերի համար դեղերի հասանելիության բարձրացման նպատակով:

«Գրիպի տարածվածությունն աճել է, բայց իրականում խուճապի հիմք չկա: Մենք չունենք համաճարակ, բայց տարածվածությունն աճել է: Եթե մինչ այժմ Առողջապահության նախարարությունը «Տամիֆլյուն» տալիս էր միայն հղի կանանց, ապա այսօրվանից այն կտրվի նաև սոցիալապես անապահով բնակչությանը: Պաշարները բավարար են և այսօր դրանք կբաշխվեն ամբողջ Վրաստանով մեկ: Սոցիալապես անապահով բնակչությունը և հղի կանայք կարող են դիմել հանրային առողջության կենտրոններ բոլոր շրջաններում, որտեղ նրանք այդ դեղամիջոցները կստանան անվճար: «Տամիֆլյու»-ի պաշարներ կան նաև դեղատներում, իսկ եթե հիվանդին հարկավոր լինի այդ դեղամիջոցը հիվանդանոցում, նա կստանա այն համընդհանուր ապահովագրության պայմաններում »,- նշել է Դավիթ Սերգեենկոն:

Ըստ նախարարության տեղեկատվության, դեղամիջոցն անվճար ստանալու համար անհրաժեշտ է, որ շահառուները դիմեն մունիցիպալ առողջապահական կենտրոններ և ներկայացնեն բժշկի նշանակումը (ձեւաթուղթ №100): Սոցիալապես անապահով անձանց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգվում է նախարարության համապատասխան տվյալների բազայում՝ նույնականացման հիման վրա:

Աղբյուրը՝ interpressnews.ge