Ախալքալաքում շատերը թաքցնում են այն փաստը, որ իրենք COVID-19-ով են վարակված, որովհետև վախենում են հասարակությունում մերժված եւ անցանկալի լինելուց: Իր ստուդիայում JNEWS-ը զրուցել է նախկինում վարակված մարդկանց՝ Սյուզաննայի և Անահիտի հետ (անունները հորինված են), որոնք ցավերի և ֆիզիկական տկարության հետ այս կամ այն չափով իրենց վրա զգացել են նաև հասարակության ճնշումը:
Հյուրերի անունները փոխված են իրենց իսկ խնդրանքով
JNEWS. Աշնանը, երբ արդեն մոտենում էինք կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին, մարդիկ հնարավոր վարակվածներին նայում էին այնպես, ինչպես բորոտներին։ Յուրաքանչյուր նոր դեպքում փորձում էին գտնել մեղավորին, ո՞վ է վարակը տուն բերել, կամ աշխատավայր։ Իսկ վարակվածներին տանջում էր մեղքի զգացումը։ Սյուզաննա, Ախալքալաքում առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 2-ին, որից անմիջապես հետո Ձեր մոտ հաստատվեց վիրուսը։ Ինչպիսի՞ն էր կորոնավիրուսով վարակվածն Ախալքալաքում հենց համաճարակի ամենասկզբում:
Սյուզաննա. Ճիշտն ասած չէի սպասում, որ առաջիններից մեկն եմ լինելու, բայց փաստորեն եղա։ Դժվար չեմ տարել կորոնավարակ ունենալու փաստը, քանի որ վաղ, թե ուշ պետք է լինեի, բոլորս էլ պետք է հիվանդանանք, մանավանդ այնպիսի տեղ եմ աշխատում, որ օրվա մեջ հազար մարդ է գնում-գալիս: Ամենամեծ սթրեսն այն էր, որ փոքր երեխայիս մենակ էի թողնելու, դա անտանելի էր։ Առավել ևս, որ ընտանիքիս անդմաները ինքնամեկուսացման մեջ էին։
JNEWS. Հիմա էլ բոլորը մեղադրում են նրանց, ովքեր կորոնավիրուսն Աջարիայից «բերեցին»՝ ասելով, եթե չբացեին Սև ծովը հանգստացողների համար, ապա համաճարակն այսպիսի ուժգնությամբ չէր տարածվի: Այն ժամանակ, աշնանը բոլորը արևայրուքով մարդկանց խեթ հայացքով էին նայում: Հիշում եմ այդ ժամանակ մարդիկ շտապօգնություն էին կանչում, նրանց հարցնում էին՝ եղել են Բաթումիում, եթե՝ այո, ապա պաշտպանիչ դիմակով ու հագուստով էին գալիս: Ձեր դեպքում, կապ կա՞ր Բաթումիի հետ:
Սյուզաննա. Հիմնականում անհանգստանում էի այն փաստից, որ շատ էին ճնշում Հանրային առողջապահության կենտրոնից, ո՞ւմ հետ ես շփում ունեցել, թաքցնում եք, չեք ասում, Բաթում ես գնացել, մենք տեղեկություն ունենք, որ Բաթումիում հարսանիք ես գնացել և նմանատիպ այլ հարցեր։ Ես բարեկամներ ունեմ Բաթումիում, բայց հարսանիք չեմ գնացել։ Մի օր գործի չեմ գնացել, քանի որ երեխաս էր հիվանդ, նրանք երևի տեսել էին, որ այդ օրը գործի չեմ, մտածել են Բաթումիում եմ եղել։ Եթե ես գնացած լինեի, կասեի, ես ոչ մեկից չեմ վախենում։ Դրանից շատ նեղված էի, որ ինձ չէին հավատում, ես ասում եմ ճիշտը, նրանք եթե չեն հավատում, չեմ սիրում արդարանալ։ Այդ ամենը սթրես էր ինձ համար, երեխային տունը թողնելը, աշխատանքս, իսկ մյուս կողմից մադկանց անհավատությունը, հասարակական ճնշումը զգացվում էր։
JNEWS. Բայց այն ժամանակ բոլորը փորձում էին թաքցնել, որ վարակված են իրենք կամ իրենց ընտանիքի որևէ անդամ: Նույնիսկ առաջին վարակակիրները սպառնում էին լրագրողներին, քանի որ այդ մասին գրվել էր, չնայած որ ոչ մի անձնական տվյալ նշված չէր: Իսկ Դուք, լինելով առաջին վարակակիրներից մեկը, չթաքցրիք այդ փաստը, ինչո՞ւ:
Սյուզաննա. Թաքցնեի, որ կորոնավարակ ունեմ, և դուրս գայի շփվեի մարդկանց հետ, դա ինձ համար տգիտություն է։ Եղել է, որ մարդիկ տեսել ասել են՝ վայ կորոնավարակ ունես: Անգամ եղել է, որ բարեկամներիս զանգել հարցրել են, ճիշտ է, որ ես կորոնավարակ ունեմ, նրանք էլ խաբել ասել են՝ չէ, ես ասում էի՝ ինչի եք խաբում, ես պահելու ոչ մի բան չունեմ, դա այնպիսի բան չէ, որ փողով եմ գնել, հիվանդություն է, բոլորս էլ կարող ենք հիվանդանալ:
JNEWS. Հիմնականում ընդունված է կարծել, եթե մարդն աշխատում է, առավել ևս մեծ կոլեկտիվում, ապա նա «վտանգավոր է», չնայած չի բացառվում, չաշխատող մարդը ոչ աշխատանքային ժամերի կարող է շփվել բազմաթիվ մարդկանց հետ: Սյուզաննա, Դուք աշխատում եք մեծ կոլեկտիվի մեջ, այդ փաստն ի՞նչպես անդրադարձավ Ձեր վրա:
Սյուզաննա.Աշխատավայրումս շատ էի վախենում գլխավորների ռեակցիայից, թե ինչ կարող են ասել, որ այդքան մեծ և լուրջ կազմակերպությունն իմ պատճառով փակվեց։ Ես չէի մտածում, որ կարող է ընդամենը մեկ օր փակեն, ես այդ պահին կարծում էի, որ 10 օրից ավելի կփակեն։ Նաև անհանգստանում էի, աշխատակիցներիս համար։ Ես, իհարկե ներեղություն խնդրեցի, իմ պատճառով առաջացած այդ իրավիճակի համար, սակայն նրանք միանգամից ինձ ասացին՝ ինչ գործ, դու առաջնահերթ մտածիր քո մասին, եթե հանկարծ ֆինանսական օգնություն պետք լինի, դիմիր: Ես նրանց կողմից զգացի լիարժեք աջակցություն: Իմ հիվանդության բացահայտման ընթացքում աշխատավայրումս ոչ ոք չի հիվանդացել, մեկ ամիս հետո եղել են վարակակիրներ։
JNEWS.Այո, մինչև հիմա շատերը թաքցնում են, և ասում իրենց հիվանդության մասին խոսում են որոշ ժամանակ անց, բայց փոքր քաղաքում, ինչպիսին Ախալքալաքն է, ոչ ոք, ոչինչ չի կարող թաքցնել, այստեղ հետաքրքրասեր մարդիկ ուրիշների մասին ավելի շատ բան գիտեն, քան իրենք իրենց: Արդյունքում, երբ դու երկշաբաթյա ինքնամեկուսացումից դուրս ես գալիս փողոց, դու մտածում ես, որ բոլորը գիտեն, որ դու վարակված ես եղել: Անահիտ, ինչպիսի՞ն էր զգացողություններդ, ինչպե՞ս էր քո պարագայում:
Անահիտ.Գիտեք դրսում ինչպես էին ինձ նայում, այսպես բացատրեմ, մի ֆիլմ կա զոմբիների մասին, երբ դուրս ես գալիս և ահավոր հայացքով քեզ են նայում, և դու մտածում ես՝ ու՞ր եմ ընկել, որտեղ եմ ես: Երբ առաջին անգամ դուրս եկա տնից, նկատելով այդ հայացքները միանգամից շրջվեցի և ուղիղ տուն: Եվ այդ պատճառով տնից դուրս գալու ցանկություն անգամ չունեի։ Մի անգամ, բժշկական դիմակով մի խանութ մտա, խանութի տերը ինձ նայեց և ասաց՝ դու հիվանդացել էիր, չէ՞։ Աշխատավայրում խնդիրներ չեմ ունեցել, քանի որ այնտեղ բոլորն էին հիվանդացել:
JNEWS. Նախքան հիվանդանալդ, ինչպե՞ս էիր վերաբերվում վարակին, և դրանից հետո ինչ-որ բան փոխվեց քո մոտ:
Անահիտ. Խնդրում էի Աստծուն, որ չհիվանդանայի, բայց և այնպես հիվանդացա։ Ինձ համար յուրաքնաչյուր հիվանդություն, դա նորմալ է, ես նորմալ եմ ընդունում և չեմ փախչում։ Հիվանդության ժամանակ ունեցել եմ ուրիշ զգացողություններ։ Սակայն, որ համեմատենք, օրինակ՝ սովորական գրիպի հետ, սա մի ուրիշ տեսակ է։ Քանի, որ ես ունեմ նաև այլ հիվանդություն, այդ պատճառով էլ վախենում էի կորոնավարակով հիվանդանալ:
JNEWS. Իսկ ի՞նչ փոխվեց Ձեզ մոտ, Սյուզաննա:
Սյուզաննա.– Սկզբից միշտ հետաքրքրում էր, թե ինչու ես չգիտեմ մեկին, ով հիվանդ է կորոնավարակով, և այդ փաստը ինձ մոտ մի քիչ անհավատություն էր ներշնչում դեպի վարակը, հետո արդեն Ռուսաստանի, Հայաստանի բարեկամներիս և ծանոթներիս մոտ հաստատվեց և ես այդ ժամանակ համոզվեցի, որ վարակն իրականում կա։ Հետո արդեն, մի տեսակ վախ ես ունենում, ինչ է սպասվում նրանց, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, հնարավոր է մի քանի տարի անց մեզ ինչ-որ նոր բան ի հայտ գա, ոչ ոք դեռ չգիտի, թե ինչ է արել այս վիրուսը մեր օրգանիզմի հետ:
JNEWS.Այո, իհարկե առաջին վարակակիրներին, հավանաբար ավելի բարդ էր: Բայց հասարակության կողմից ստիգմատիզացման գործընթացը դեռ պահպանվում է։ Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքում թվում է, բնակչության մեծ մասն արդեն կորոնավիրուսով հիվանդացել է, նույնիսկ հիմա նրանց, ովքեր հիվանդ են վիրուսով, այլ կերպ են նայում: Պատմությունները, որոնցով Jnews-ի հետ կիսվել են Ախալքալաքի բնակիչները, բազմաթիվ են։ Մեր նկարահանող խումբը նման տեսարանի ականատեսն է եղել. խանութ է մտել բժիշկ, որը կորոնավիրուսով է հիվանդացած եղել։ Խանութի սեփականատերը շատ արագ տեղեկացրել է խանութում գտնվող մարդկանց, եւ խորհուրդ տվել հեռու մնալ, քանի որ նա ունեցել է կորոնավիրուս, նրան շատ արագ սպասարկել են և խանութից դուրս հանել: Չնայած այն հանգամանքին, որ այսօր բնակչությունն ավելի տեղեկացված է կորոնավիրուսի մասին, քան առաջին ալիքի ժամանակ, հիվանդացածների ստիգմատիզացիան այժմ էլ խնդիր է։ Դա է պատճառը, որ մեր զրուցակիցները համաձայնել են խոսել առանց նույնականացման: