Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ վրացի բժիշկ Թեյմուրազ Գոգիձեն պարգևատրվել է Վրաստանում ՀՀ դեսպանության շնորհակալագրով։ Բժիշկ Գոգիձեն Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Թբիլիսիում տասնյակ վիրավորների է վիրահատել։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը ողջ հայ ժողովրդի անունից ի դեմս բժիշկ Գոգիձեի, շնորհակալություն է հայտնել եղբայրական վրացի ժողովրդին՝ հայ ժողովրդի համար այդ դժվարին ժամանահատվածում ցուցաբերած անգնահատելի օգնության համար։ Միաջամանակ ավելացրել է, որ այդ օգնությունը երբեք չի մոռացվի և մշտապես կհիշվի երախտագիտությամբ:

Իսկ բժիշկ Գոգիձեն նշել է, որ սարսափով է հիշում այդ օրերը, քանի որ վիրավորների նման քանակ երբևէ չէր տեսել։ Նրա խոսքով՝ իր մոտ շատ լավ տպավորվել է Լիլի անունով փոքրիկ երեխայի ծանր վիրահատությունը, որի հետ կապը վիրահատությունից հետո կտրվել է: Վերջինս հույս է հայտնել, որ այս շնորհակալագրի հանձնման արարողության լուսաբանումը հնարավորություն կտա, որ Լիլին գտնի իրեն բուժած բժշկին։