Ինչ կտա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Վրաստանին և մասնավորապես Ջավախքին, ինչ է անհրաժեշտ, որ երկաթուղին առավելագույնս օգուտ տա Ջավախքի բնակիչներին, ինչպես նաև ԲԹԿ-ի կարևորությունը տարածաշրջանում: Ինչ է սպասում նոր երկաթուղուց կոնկրետ Հայաստանը:
Բաքու-Թբիլիսի-Կարս: Վրաստան
Ինչպես տեղեկացնում է 03.04.2017 թվ.-ին անցկացված հարցումը, Ախալքալաքում և Նինոծմինդայում, Ջավախքցիների մեծամասնությունը ոչ մի լավ բան չի ակնկալում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց, այլ ընդհակառակը հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ այն կարող է վտանգ ներկայացնել:
Այն մասին, թե ինչ կարող է տալ երկաթուղին, jnews.ge-ն որոշեց իմանալ փորձագետներից: Վրաստանի փորձագետների կարծիքները Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու վերաբերյալ համընկնում են: Բոլորը միաձայն պնդում են, որ այդ երկաթուղին կունենա մեծ քաղաքական և տնտեսական նշանակություն Վրաստանի համար և մասնավորապես՝ Ջավախքի համար:
«Առաջին փուլում նախատեսվում է փոխադրել 5 մլն տոննա բեռ, իսկ երկրորդ փուլում մեծացնել մինչ 17 մլն տոննա: Վրաստանը անպայման կստանա լրացուցիչ միջոցներ, այդ թվում այս գումարից ստացված եկամուտը կհասնի նաև Ջավախքին` տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման համար: Բացի այդ Ջավախքում կբացվեն աշխատատեղեր, որոնք կօգնեն երկաթուղու բնականոն գործունեությանը: Բացի այդ, այն կնպաստի Ջավախքի բնակիչների ինտեգրմանը վրացական հասարակության մեջ և կբավարարի և կպաշտպանի Ջավախքի բնակիչների տնտեսական և քաղաքական իրավունքները », – ասում է Սևծովյան տարածաշրջանի Աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Նիկա Չիտաձեն:
Սակայն, քաղաքագետը նշում է, որ արդյունքների արդյունավետության համար ու այս փուլում անհրաժեշտ է աշխատանք տանել Ջավախքի բնակչության հետ:
«Ինչպես կենտրոնական կառավարությունը, այնպես էլ տեղական իշխանությունները պետք է անցկացնեն տեղեկատվական աշխատանք: Ասեն, թե ինչ տնտեսական և քաղաքական օգուտ կստանա Ջավախքի հասարակությունը և շրջանները (Նինոծմինդայի և Ախալքալաքի) երկաթուղու շահագործումից: Առաջին հերթին տեղի իշխանությունները անպայման պետք է իրականացնեն տեղեկատվական քաղաքականություն », – ասում է Նիկա Չիտաձեն:
Ինչպես նաև, որպեսզի Ջավախքի բնակչությունը օգուտ ունենա երկաթուղուց, ըստ Չիտաձեի, անհրաժեշտ է տեղում պատրաստել մասնագետներ:
«Թբիլիսիում գործում է էլեկտրաքարշերի թողարկման գործարան, վագոնների վերանորոգման գործարան: Այնտեղ կան մասնագետներ, նրանք պետք է գործուղվեն Ջավախք տեղում կադրեր նախապատրաստելու համար, որպեսզի նրանք կարողանան հետագայում աշխատել երկաթգծում », – ասում է նա:
Բաքու-Թբիլիսի-Կարս: Հայաստան
Հայաստանում կարծում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին չի տա երկրին զգալի նշանակալից տնտեսական օգուտ:
«Հայաստանի համար դեպի Թուրքիա արտահանման տեսանկյունից, որևէ էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ծավալները ծիծաղելի փոքր են: 2015 թ.-ին արտահանումը կազմել է $ 1.5 մլն, իսկ 2016 թ.-ին $ 0.5 մլն: Կարծում եմ, որ որոշակիորեն կավելանան Թուրքիայից ներմուծման ծավալները (ներկա պահին $ 164 մլն): Ինչպես նաև, հնարավոր է որ նվազեն ներմուծվող ապրանքախմբերի գները հայ սպառողի համար », – ասում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը:
Տնտեսագետը գտնում է, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շահագործումից, Հայաստանը էլ ավելի շատ կհայտնվի փակուղում:
«Ես կարծում եմ, որ այս նախագծով Հայաստանի մեկուսացումը էլ ավելի կխորանա: Միաժամանակ կցանկանայի նշել, որ այս նախագիծը առավել շահեկան է Թուրքիայի համար: Այն հնարավորություն կընձեռի զարգացնել Արևելյան Անատոլիայի թերզարգացած տնտեսությունները, ինչը, ի թիվս այլ գործոնների, կնվազեցնի լարվածությունը այդ շրջաններում », – ասում է Արտակ Մանուկյանը:
Փորձագետները Վրաստանում կարծում են, որ Հայաստանը ոչինչ չի կորցնի: Հնարավոր է այս երկաթուղուց նա կոնկրետ շահ չունենա, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հիմնական ապրանքաշրջանառությունը Հայաստանը իրականացնում է Վրաստանի տարածքով, ինչպես նաև այդ երկաթուղին կարող է նպաստել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրի ընդլայնմանը:
Արտակ Մանուկյանը կարծում է, որ անհրաժեշտ է, որ Հայաստանը ևս անմիջականորեն միանա այդ նախագծին:
«Ունենալով Կարս-Գյումրի երկաթուղին, որը միայն ծախս է պահանջում, խոսել Հայաստանի շահերի մասին մի փոքր իրատեսական չէ: Իմ կարծիքով Հայաստանը պետք է ավելի ագրեսիվ քաղաքականություն վարի և փորձի մասնակից դառնալ այս երկաթուղային հաղորդակցությանը: Այս առումով Վրաստանը ձեռք կբերի կրկնակի կարևոր նշանակություն: Չպետք է մոռանալ, որ Վրաստանը ունի ազատ առևտրի համաձայնագիր ինչպես Եվրամիության, Թուրքիայի հետ այնպես էլ ԱՊՀ-ի անդամ երկրների հետ: Ես կարծում եմ, որ չնայած թուրքական և ադրբեջանական կապիտալի մեծ մասնակցությանը, Վրաստանը կարևորում է իր շահը, այլ ոչ թե գործում է ընդդեմ Հայաստանի: Այս առումով պետք է քննարկումներ անցկացնել Գյումրի-Ախալքալաք երկաթուղայի գծի կառուցման համատեքստում», – ասում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի, դրական հանգամանքը, որը կարելի է որպես փաստ արձանագրել, այն է, որ նավթի գինը, հետևաբար նաև էներգակիրների գները, չեն աճի:
Ըստ Նիկա Չիտաձեի, չնայած նախագծերին, որոնք շրջանցում են Հայաստանը, միևնույն է Վրաստանի տնտեսական և քաղաքական հարաբերությունները Հայաստանի հետ դրանից չեն տուժի:
« Երկաթուղու գործունեությունը չի ազդիՎրաստանի և Հայաստանի միջև առևտրային և քաղաքական հարաբերություններին, չնայած արտաքին քաղաքականության կողմնորոշումների տարբերության, երկրները ունեն ընդհանուր շահեր:Քաղաքական և տնտեսական հարաբերությունները եղբայրական երկրների միջև կշարունակվի», – ասում է քաղաքական վերլուծաբան Նիկա Չիտաձեն:
Հիշեցնենք, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային մայրուղու նախագիծը սկսվել է 2007 թ.-ին և ապահովում է Մարաբդա-Ախալքալաք 178 կմ-անոց ճ. / գծի վերականգնում – վերակառուցումը Վրաստանի տարածքում, նոր երկաթգծի կառուցումը Ախալքալաքի կայարանից Կարսի կայարան, ընդհանուրը 98 կմ երկարությամբ: Այս հատվածից Վրաստանի տարածքում գտնվում է 30 կմ-ոց Ախալքալաք- Կարծախ (Թուրքիայի սահման) երկաթգիծը, իսկ Թուրքիայի տարածքում՝ Կարծախից մինչև Կարս- ընկած 68 կմ-ոց հատվածը:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ավելի հզոր նախագծի մի մասն է համարվում, որը նախատեսում է Թուրքիայի տարածքով Հարավային Կովկասի երկաթգծերի կապը Եվրոպայի երկաթուղային գծի հետ:
Շուշան Շիրինյան