Մարտի 23-ին, Թբիլիսիի Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության ​​թանգարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ բացվեց «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդես, որը բաց կլինի մինչև ապրիլի 13-ը:

Մինչ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի պաշտոնական բացումը, Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև, Գիորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության պետական ​​թանգարանում տեղի ունեցավ «Թումանյանը և Թիֆլիսը» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որից հետո խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Թումանյանագիտության բաժնի ղեկավար Եվա Մնացականյանը: Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով` Վրաստան էր ժամանաել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը:

tumanyan 3

Միջոցառումն անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության, Վիրահայոց թեմի, «Հովհ. Թումանյանի տուն» և «Հայարտուն» գրական, կրթամշակութային կենտրոնների, Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ:

tumanyan 2

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշեց, որ կարևորում է այս իրադարձությունը, հավելելով, որ Թումանյանը փիլիսոփա է եղել հայ և վրաց ժողովուրդների համար:

«Թումանյանը հայ ժողովրդի մեծագույն զավակն ու վրաց ժողովրդի մեծագույն բարեկամն է, և նա կարողացել է իր ժամանակին երկու ազգերն իրար միացնող կամուրջին հիմնարար քարեր դնել, և հենց այդ բարեկամության կամուրջին ամուր կանգնած կարողանում ենք դա ճաշակել»:

tumanyan 5

Միջոցառմանը ներկա էին Հայաստանից ժամանած հյուրեր, Վրաստանում հայ մշակութային գործիչներ, դասախոսներ և հայ ուսանողներ, կարճ ասած թումանյանական պոեզիայով հետաքրքրված մարդիկ, ովքեր ցուցահանդեսի ժամանակ առիթ ունեցան տեսնել ձեռագիր թերթեր, գրքեր և լուսանկարներ, որոնք նկարագրում էին Թումանյանի և Թիֆլիսի ամուր կապն ու բարեկամությունը: Միջոցառումից հետո ներկաները հրավիրվեցին նաև հյուրասիրության:

tumanyan

tumanyan 1

Հարկ է նշել, որ այսօր՝ մարտի 24-ին Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ: Ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության մոտիվներով: