Առավելագույն թվով բողոքներ գրանցվել են Ախալքալաքի Շրջանային հանձնաժողովի հասցեին, Ախալցիխեի հանձնաժողով է մտել 9 բողոք, իսկ Նինոծմինդայում ընդամենը 2-ը: Տվյալները տրված են ըստ Վրաստանի ԿԸՀ-ի կայքում տեղ գտած բողոքների ռեեստրի:

Հոկտեմբերի 29-ի գիշերը Ախալքալաքի թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցում հանձնաժողովի փոխնախագահ Պաատա Փանջիկիձեն հայտարարել էր, որ գրանցվել էր 2 բողոք, սակայն հոկտեմբերի 28-ին բողոքների ռեեստրում գրանցվել է 8 բողոք, իսկ հոկտեմբերի 29-ի դրությամբ՝ 6 բողոք:

14 բողոքներից 6-ը գրվել է «Բազմազգ Վրաստան» դիտորդական կազմակերպության կողմից, որոնք հիմնականում կապված են շրջանային հանձնաժողովներում ընթացակարգային և կարգապահական խախտումների հետ, վերջնական արձանագրություններում ուղղումներին և այլն: 14 բողոքներից 4-ը գրվել է ISFED դիտորդական կազմակերպության կողմից, դրանք նույնպես վերաբերում են ընթացակարգային խախտումներին: 2 բողոք ներկայացվել է շրջանային հանձնաժողովի քաղաքական սուբյեկտի ժամանակավոր ներկայացուցիչ Արթուր Մկոյանի կողմից, ով գրել էր Բեժանոյում տեղի ունեցած միջադեպի մասին: Ինչպես նաև առանց անձնագրերի քվեարկության մասին 2 բողոք «Միասնական ազգային շարժում» կուսակցության շրջանային հանձնաժողովի անդամ Թեոնա Ճալիձեի կողմից, մեկը ՝ հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանի նկատմամբ, մյուսը՝ այն մասին, որ նրան թույլ չեն տվել ծանոթանալ փաստաթղթերրի հետ:

Ըստ ԿԸՀ-ի կայքի բոլոր բողոքները վերանայման գործընթացում են:
Ախալցիխեի թիվ 37 շրջանային հանձնաժողովի անունով գրանցված բողոքները նույնպես ներկայացված են տարբեր մարդկանց և կազմակերպությունների կողմից:

ISFED կազմակերպության կողմից ներկայացվել է 4 բողոք, հիմնականում, դրանք վերաբերում են ընթացակարգային խախտումներին: «Միասնական ազգային շարժում» կուսակցության շրջանային հանձնաժողովում ընտրական սուբյեկտի ներկայացուցչի կողմից գրվել է 3 բողոք: Բոլոր բողոքները վերաբերում են ընթացակարգային խախտումներին: 1 բողոք գրվել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կողմից, նրանք բողոքարկել են այն փաստը, որ թիվ 17 ընտրատեղամասի շարժական քվեատուփը տեղափոխվել է մեքենայի միջոցով, որին կպցված է եղել 48-րդ համարով պաստառ:

1 բողոք գրել է «Newspace» լրատվական գործակալության լրատվամիջոցների ներկայացուցիչը, այն մասին, որ թիվ 30 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների կողմից լրատվամիջոցների ներկայացուցչի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունք է ցուցաբերվել:

Նինոծմինդայի №41 Շրջանային հանձնաժողովում մտցված 2 բողոքները ներկայացվել են «Բազմազգ Վրաստան» դիտորդական կազմակերպության կողմից և վերաբերում են քվեարկության գործընթացում տեղի ունեցած խախտումներին: