Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան այսօր ժամանել է Ախալքալաք:
Գիորգի Գախարիայի կուսակցական շտաբը գտնվում է նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի բարեկամների շենքում, նախորդ ընտրություններին այստեղ էր նաև Մկոյանի շտաբը:
Գախարիային շտաբում սպասում էին սակավաթիվ կողմնակիցներ, նրանց մեծ մասը 25 համարով մանուշակագույն շապիկներ հագած երեխաներն էին, «Գախարիա. Հանուն Վրաստանի» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի այս համարի ներքո:
Հարցադրման ժամանակ «Post TV»-ի և «Imedi»-ի լրագրողները հերթ չէին տալիս մյուսներին, մինչդեռ Գախարիան քաղաքավարի, բացեիբաց հակակրանք էր ցուցաբերում իր պատասխաններում՝ նշելով, որ «Post TV»-ն հեռուստատեսություն չի համարում, իսկ «Imedi»-ին մեղադրում է կողմնակալության մեջ:
Լրագրողների հարցերից հետո նա սկսեց խոսել այն ճնշումների մասին, որոնց ենթարկվում են այն մարդիկ, ովքեր աշխատում են իր կուսակցության հետ:
«Այսօր մեր կուսակցությունը միակն աճող վարկանիշով կուսակցությունն է: Հատուկ ծառայությունները, ներքին գործերի նախարարությունը, տեղական իշխանությունները ճնշումներ են գործադրում մարդկանց վրա, ուստի մենք մարդկանց բարոյական ընտրության առջև չենք դնում: Եթե նրանք ստիպված են եղել լքել կուսակցությունը, ապա ես նախընտրում եմ, որ նրանք ոչ մի անհարմարություն չունենան: Սրանք այն մարդիկ են, որոնք լքել են, և որոնց ստիպել են լքել կուսակցությունը, ովքեր ենթարկվել են շանտաժի, օրինակ՝ սոցիալական օգնությունից կտրելու միջոցով, որոնց ընտրության առջև են կանգնեցրել՝ նրանց երեխաներին ձերբակալելով: Ինչպե՞ս կարող եմ ես այդ մարդկանց բարոյական ընտրության առջև դնել: Այս մարդիկ ամսի -ին կգան և կկատարեն իրենց ընտրությունը: Այս պահին շտաբի պետը թողել է իր գործը, նրա պարտականությունները կատարում է իր տեղակալը: Այսօր մեր աշխատակիցը՝ կուսակցության նախագահը, ճեպազրույց է անցկացրել, որտեղ ներկայացրել է ճնշումների 100 դեպք: Եվ մենք պահանջում ենք հետաքննություն սկսել: Եթե այսօր դուք գրում եք այն մասին, որ մեկ-երկու հոգի լքել են կուսակցությունը, ապա իմացե՛ք՝ մեզ կմիանա հարյուր, հազար հոգի: Նրանք լքում են իմ կուսակցությունը միայն բռնության պատճառով, պետական կառույցներն ազդում են մարդկանց վրա: Սպառնում են, ասում են, որ աշխատանքից կհեռացնեն», – ասաց Գիորգի Գախարիան:
Նա հերքեց տեղեկությունները, որ ինքը մեղադրական ապացույցներ է հավաքել հոգևորականների դեմ: Վերջերս վրացական ԶԼՄ-ներում հոգեւորականների դեմ մեղադրական ապացույցների թեման շատ արդիական է դարձել: Նշենք, որ այս նյութերում շահարկվում է նաև Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլիի անունը:
Jnews-ի այն հարցին, թե ինչո՞ւ տեղում կուսակցությունից թեկնածուներ չկան և ինչո՞ւ են հավաքվել քիչ մարդիկ, Գախարիան պատասխանեց. «Ահա մեկը, ահա երկրորդը, իսկ մնացածը բոլորը կլինեն, նրանք բոլո՞րը պետք է այստեղ լինեն: Բոլորը կլինեն ամբողջական ցուցակ»:
Նկատենք, որ «Գախարիա. Հանուն Վրաստանի» կուսակցական ընտրացուցակներում ներառված է միայն մեկ հայկական ազգանուն՝ Աշոտ Խանոյան, մնացած թեկնածուները տեղացիներին հայտնի չեն:
«Իմ այցի նպատակը մեկն է, ես եկել եմ ծանոթացնելու մեր գրասենյակը և գրասենյակի աշխատակիցներին, ծանոթանալու և զրուցելու: Եվ, իհարկե, հանդիպելու մեր կողմնակիցների հետ: Եվ իհարկե նրանց հետ ընտրություններից առաջ խոսելու մեր ծրագրերի մասին: Այլ պատճառներ ընտրություններից երկու շաբաթ առաջ չկան», – Jnews-ի հարցին պատասխանեց Գախարիան:
Լրագրողների հետ հարց ու պատասխանից հետո Գախարիան ուղևորվեց դեպի «Խաս Բախչա» քաղաքային զբոսայգի, որտեղ նրան հանդիպեցին մի քանի կողմնակիցներ և պարզապես մարդիկ, ովքեր նարդի էին խաղում վերանորոգվող զբոսայգում, ինչից հետո նա հեռացավ: