Վերջին 12 տարիների ընթացքում Վրաստանում քաղաքական կուսակցություններն ընտրությունների վրա ծախսել են 225 միլիոն լարի (գրեթե 70 միլիոն դոլար), որից 134 միլիոն լարին (ավելի քան 41 միլիոն դոլար կամ 59 տոկոսը) գովազդային ծախսերն են: Այս մասին ասվում է «Transparency International – Georgia» (TI – Georgia) հասարակական կազմակերպության զեկույցում:

2008-2020 թվականների ընթացքում Վրաստանում անցկացվել է տաս ընտրություն: Ամենաթանկը վերջին խորհրդարանական ընտրություններն էին: Կուսակցությունները 29.1 միլիոն լարի (8.9 միլիոն դոլար) ծախսել են միայն նախընտրական գովազդի վրա: Այս գումարից ավելի քան 41%-ը բաժին է ընկնում իշխող «Վրացական երազանքին»՝ 12 մլն լարի (3,6 մլն դոլար): 2013-ի նախագահական ընտրություններում ծախսերը ամենաքիչն էին։ Գովազդի վրա ծախսվել էր ընդամենը 3,8 մլն լարի (1,1 մլն դոլար):

Ըստ ուսումնասիրության, հաշվետու ժամանակահատվածում իշխող թիմի կուսակցությունները և նրանց կողմից աջակցվող թեկնածուներն ամենաշատ գումարն են ծախսել նախընտրական գովազդի վրա՝ 98 միլիոն լարի (ավելի քան 30 միլիոն դոլար): Սա կազմում է քաղաքական սուբյեկտների գովազդային ընդհանուր ծախսերի 73%-ը:

Շատ հաճախ կուսակցությունները նախընտրում են հեռուստագովազդը: 2008-2020 թվականներին դրա վրա ծախսվել է ավելի քան 79 միլիոն լարի (24,2 միլիոն դոլար կամ գովազդային բոլոր ծախսերի 59%-ը): Գովազդը համացանցում տարեցտարի ավելի ու ավելի տարածելի է դառնում: Եթե ​​2018-ին ընտրական սուբյեկտները համացանցում իրենց գովազդները տեղադրելու համար վճարել էին ընդամենը 50 հազար լարի (15,3 հազար դոլար), ապա 2019-ին այդ ծախսերը գերազանցել էին 800 հազար լարին (245,1 հազար դոլար), իսկ 2020-ին` 3 միլիոն լարին (919,4 հազար դոլար):