Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում Վրաստանի հայ օգնության Միության կազմակերպած ամանորյա միջոցառման ժամանակ կարիքավոր ընտանիքների երեխաներին բաժանվեցին նվերներ հագուստների և քաղցրավենիքի տեսքով։

երիտ 1

Մինչև նվերների հանձնումը կազմակերպիչները երգ ու պարի միջոցով փոքրիկների համար Ամանորյա տոնական ուրախ տրամադրություն ապահովեցին:

ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «ՀՕՄ Ամանոր» ծրագիրը կազմակրպվում է ամեն տարի հիմնականում ծնողազուրկ, կարիքավոր ընտանիքների, հիվանդ երեխաների համար: Ամբողջական միջոցառման շրջանակները ավելի լայն են և ընդգրկում են նաև Նինոծմինդա, Ախալցխա, Բաթում քաղաքները ևս։ Կարինե Թադևոսյանն ավելացրեց, որ ինչպես ամեն տարի այս տարի ևս եկեղեցին ցուցաբերեց իր աջակցությունը։

երիտ 2

Միջոցառմանը ներկա էր նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, ով իր խոսքում նշեց, որ բացի երեխաների համար պատրաստված նվեր-քաղցրավենիքից եկեղեցին իր օրհնությունն է տալիս երեխաներին և միջոցառման առավել կարևոր մասը հենց երեխաների հետ միասին արված աղոթքն է առ Աստված։ Տեր Տաթև քահանա Մարուքյանը ավելացրեց նաև, որ եկեղեցին չի սահմանափակվում այս միջոցառմամբ և Ջավախքի տարբեր գյուղերում ևս մասնակցում է տարբեր միջոցառումների։

Երեխաներն, ովքեր այսօր ստացան նվերներ, միշտ ուշադրության կարիք ունեն և յուրաքանչյուր թեթև նվեր, նրանց օրը կարող է տոն դարձնել:

երիտ 3

Սոնա Տոնականյան