Ախալքալաքի շրջանային դատարանը, այսօր քննել է մայիսի 9-ին, Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած սպանության փորձի գործով խափանման միջոց սահմանելու հարցը։ Դատարանը մեղադրյալ Ռ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել կալանք 2 ամիս ժամկետով։
Ռ.Թ.-ն՝ ծնված 1966 թվականին մեղադրվում է Վրաստանի ՔՕ-ի 19-108 հոդվածով՝ ինչը ենթադրում է սպանության փորձ, որը պատժվում է 7-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ:
Մայիսի 9-ին, ժամը՝ 21:00-ին Ախալքալաքի կենտրոնում Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկին երկու տղամարդիկ հարցեր են պարզել: Արդյունքում՝ նրանցից մեկը՝ Ս.Թ.-ն, դանակահարվել է, նաև ստացել է հրազենային վնասվածքներ: Նա տեղափոխվել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիրահատել են և հետագա բուժման համար տեղափոխել Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկա։
Այժմ տուժածի առողջական վիճակը կայուն է, նրա ծանոթների խոսքով՝ նա ապաքինվում է։