Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահն ու մշտական հանձնաժողովների նախագահները շրջայց են կատարում տեղական բյուջեից վարձատրվող կազմակերպություններ, պարզելու համար թե ինչքանով արդյունավետ և ինչպիսի պայմաններում են աշխատում դրանք:

Դեկտեմբերի 1-ին Սակրեբուլոյի 6 աշխատակիցներ առանց զգուշացման այցելեցին Ախալքալաքի գրադարան և Մշակույթի տուն: Jnews-ը նույնպես ներկա էր հանդիպումներին:

Սակրեբուլոյի հանձնաժողովների հինգ նախագահներն ու Ժողովի նախագահը սեփական աչքերով տեսան և իրենց ուսումնասիրությունը կատարեցին, թե ինչ աշխատանք է իրականացնում քաղաքային գրադարանն ու Մշակույթի տունը, որոնք ֆինանսավորվում են տեղական բյուջեից:

Գրադարանում կողմերը նախ ծանոթացան միմյանց հետ, որից հետո Գրադարանային միավորման աշխատակիցները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դժգոհությունները: Գրադարանի աշխատակիցները դժգոհում են ոչ միայն շենքային անմխիթար պայմաններից, ջեռուցման բացակայությունից, այլև մատնանշում են հայկական և մանկական գրականության պակասի մասին:

Ի պատասխան գրադարանի աշխատակիցների ներկայացրած դժգոհություններին Սակրեբուլոյի աշխատակիցներն էլ իրենց նկատողություններն արեցին:

Հաջորդը Սակրեբուլոյի աշխատակիցների թիրախում Մշակույթի տունն էր: Վերջիններս զարմանքով գրանցեցին, որ Մշակույթի տան 23 գրանցված աշխատակիցներից միայն 8 էին ներկայացել աշխատանքի: Ճիշտ է Մշակույթի տան տնօրենը որոշ աշխատակիցների բացակայությունը փորձեց ինչ-որ կերպ արդարացնել, սակայն դա ընդհանուր պատկերը չփոխեց:

Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը նախ ներկայացրեց շենքի վիճակը, ջեռուցման բացակայությունը, շրջանի գյուղերում մշակութային օջախների դրությունը և աշխատակիցների ցածր աշխատավարձը:

Հանձնաժողովականները տնօրինությունից պահանջեցին աշխատակազմի մանրամասն ցուցակն ըստ աշխատանքային ժամերի ու կատարած աշխատանքի: Ինչպես նաև հանձնարարեցին ամանօրյա ծրագիր ներկայացնել:

Ընդհանուր առմամբ Շրջանային Ժողովի նախագահի և հանձնաժողովների նախագահները դժգոհ մնացին այսօր շրջայց կատարած երկու միավորումների իրականացրած աշխատանքից և նշեցին նոր մտքերի ու նախաձեռնությունների բացակայության մասին, կարևորելով հատկապես երիտասարդության ներգրավվածությունը նոր նախագծերում:

Այսպիսով Ախալքալաքի նոր կազմավորված Շրջանային Ժողովը աշխատանքային հետաքրքիր մոտեցում է որդեգրել: Ինչքանով կկարողանա սկսած գործը արդյունավետ վերջնակետ հասցնել, պարզ կդառնա առաջիկայում: Իսկ թե որն է հաջորդ հիմնարկը, որտեղ պատահական ստուգման կգնա Սակրեբուլոյի աշխատանքային խումբը, ոչ ոքի հայտնի չէ:

Աղունիկ Այվազյան