Նինոծմինդա քաղաքի ծայրամասում` Խանչալի գյուղ տանող ճանապարհին, սովետական երկհարկանի կիսաքանդ կառույցի ներսում անսովոր իրարանցում է տիրում: 35-ամյա Ադելինա Եսոյանը և իր երեք փոքրիկները՝ Գալուստը, Վռամը և Եսթերը, չորս տարի առաջ բնակություն հաստատելով այստեղ, խաթարել են տարիներ շարունակ շենքում տիրող լռությունը: Սոցիալապես բարդ պայմաններում ապրող ընտանիքի հայրն անազատության մեջ է՝ կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու պատճառով: Ընտանիքն ապրում է պետությունից ստացած 300 լարիով

3

Ադելինան է իր երեխաների հետ

Մեզ դիմավորում է Ադելինան: Երեխան գիրկը` ձեռքերով շոշափում է դռան բռնակը և մեզ առաջնորդում դեպի ներս: Ներսում ամեն ինչ այնքան կարգին է՝ յուրաքանչյուր առարկա իր տեղում, կոկիկ ու մաքուր, որ մտքովդ անգամ չի անցնում, որ տանտիկինը տեսողության խնդիրներ ունի և միայնակ մեծացնում է երեք մանկահասակ երեխաների: Գալուստը, ով երեխաներից ամենամեծն է, ասում է՝ ես արդեն մեծ եմ ու մայրիկիս օգնում եմ: Վռամը, ով ընդամենը մեկ տարի է Գալուստից փոքր շտապում է իր արած գործերը թվարկել: Չնայած, որ Գալուստն ու Վռամն ընդամենը 6 և 5 տարեկան են, բայց նրանք ամեն ինչ հասկանում են և օգնում մորը բոլոր հարցերում, եղբայրները նույնիսկ քրոջ՝ Եսթերի հագուստ են փոխում, կերակրում, խաղացնում, ամեն ինչ անում են մայրիկին օգնելու համար:

4

5-ամյա Վռամը հագուստն է փոխում

Ադելինան ամուսնու` Արարատ Եզեկյանի հետ ամուսնացել են 2013 թվականին: 2014-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Գալուստը, 2015-ին՝ Վռամը, իսկ 2018-ին՝ Եսթերը: Կնոջ պատմելով, սկզբնական շրջանում ամուսինը տաքսի է քշել, քիչ թե շատ կարողացել է ընտանիքի առօրյա խնդիրները լուծել, ապրել են վարձով, սակայն գնալով թաղվել են պարտքերի մեջ, ամուսինը տարվել է հարբեցողությամբ: Ստիպված են եղել դիմել Նինոծմինդայի քաղաքապետարան և խորհրդարանի պատգամավորին, որպեսզի գոնե ապրելու տեղ ունենան:

Տեսողության հետ կապված խնդիրների պատճառով Ադելինան չի կարողանում աշխատել և ընտանիքի միակ եկամտի աղբյուրը սոցիալական օգնությունն է: Պետությունը յուրաքանչյուր սոցիալապես անապահով պայմաններում ապրող երեխայի 100 լարի է տալիս: Ադելինան փորձում է այնպես բաշխել գումարը, որպեսզի ամսական բավարարի 300 լարին և պարտք չունենան: Չի դժգոհում, ասում է՝ ամեն մի դժվարություն անցողիկ է, միայն թե երեխաներն առողջ ու հանգիստ միջավայրում մեծանան:

2

Գալուստն ու Վռամը քաղցրավենիք են ուտում

Ձմռան ամիսներին ընտանիքի սոցիալական վիճակն ավելի է բարդանում, տունը տաքացնելու համար ամսական մոտավոր 250 լարի է պահանջվում: Այս պահին մոր և 3 անչափահաս երեխաների ապրուստի միակ միջոցը նպաստն է: Պետությունից միայն մեկ ակնկալիք ունի.

«Մի հնար լինի այս տունը սեփականաշնորհեմ երեխաներիս անունով, որպեսզի ինչ էլ որ լինի, ապրելու տեղ ունենանք: Եվ եթե կարողանամ աչքերս բուժեմ, գոնե որոշ չափով տեսնեմ», – հավելում է Ադելինա Եսոյանը:

1

Ադելինան իր դստեր՝ Եսթերի հետ

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները: Չնայած տեսողական խնդիրներին` Ադելինան գնացել է ընտրության, սակայն նրան չեն թույլատրել քվեարկել, քանի որ փորձել է մոր հետ քվեախցիկ մտնել, ինչն օրենքով անթույլատրելի է: Վերջինս վստահ է, որ եթե իշխանությունները ցանկական, ապա իր խնդիրները լուծում կստանան: Նա գնացել է ընտրության` հուսալով, որ ընտրություններից հետո մի բան կփոխվի, բայց հիմա փոշմանել է: Ընտրություններից երկու ամիս է անցել, սակայն իր խնդիրներից ոչ մեկը դեռ լուծում չի ստացել:

Հատկանշական է, որ ի տարբերություն Ադելինայի, 41-ամյա Թերեզա Ավագյանն ընտրությունների օրը քվեարկությանը չի մասնացկել: Նա ակնկալիքներ չունի իշխանություններից և չի հավատում, որ ընտրությոններից հետո իր երեխաների կյանքում փոփոխություն կլինի: Նա իր ընտանիքի ապագան կապում է Ռուսաստանում արտագնա աշխատանքի հետ:

«Մեզ համար ոչ մի փոփոխություն չի լինի, համենայն դեպս մինչև հիմա ոչ մի ընտրությունից հետո որևէ բան չի փոխվել մեր կյանքում: Իմ հույսն իմ աշխատանքն է, իմ գործը, ուրիշ ոչինչ: Մեկ էլ ավագ որդիս պետք է մեծանա, փաստաթուղթ ունենա, գոնե 20 տարեկան լինի, որ կարողանա Ռուսաստան գնա աշխատելու»,- ասում է չորս երեխաների մայրը` հավելելով` «Ամենակարևորը տուն չունենք, հիմա ապրում ենք հեռու-մոտիկ բարեկամի տանը, ով գումար չի վերցնում: Բայց պարզ է, որ նա յուրաքանչյուր պահի կարող է ասել՝ ազատեք տունը, վաճառում եմ, կամ վարձով եմ տալու, ի վերջո ինքը պարտավոր չի մեզ անվարձահատույց տուն տրամադրել: Եթե վարձ տանք, կավելանա ևս մի ծախս: Ես իմ աշխատանքով տուն չեմ կարող գնել, երեխա պետք է խոպան գնա, որ մեր սեփական տունն ունենանք», – ասում է չորս երեխաների մայրը:

Միայնակ մայրն իր երեք անչափահաս եւ մեկ չափահաս զավակների հետ ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում: Թերեզան պետությունից այնպիսի աշխատանք է խնդրում, որը կբավականացնի իր երեխաների գոնե նվազագույն կարիքները հոգալու համար: Ախալքալաք քաղաքում վարձով բնակվող ընտանիքը գոյատևում է ամսական 340 լարի տրվող նպաստով և Թերեզայի հացի փռից ստացած 250 լարի աշխատավարձով:

bazmazavak

Ավագյանների տան աղոթատեղին

«Հացի փռում եմ աշխատում, աշխատավարձը կախված է նրանից, թե օրական ինչքան հաց ես թխում, 1 պարկ ալյրուը 7 լարի է, ապրուստի պահով շատ քիչ է, 4 երեխա են: Չեմ դժգոհում, ամենատարրական բաները կարողանում եմ ապահովել, բայց երեխա են, ամեն մեկը մի բան է ուզում», ասում է Թերեզան:

Նա սրտնեղում է, որ որդին շուտով դպրոցը կավարտի, բայց գործ չկա, իսկ ավագ դուստրը դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը չի կարողացել շարունակի` գումարի պատճառով: Հիմա ստիպված խանութում է աշխատում:

Avagyan

Չնայած բազմաթիվ դժվարություններին եւ խնդիրներին` միայնակ եւ բազմազավակ մայրերը կառավարությունից իրենց կյանքի պայմանների փոփոխության առանձնապես հույսեր ու ակնկալիքներ չունեն եւ սեփական ուժերին նեցուկ լինելով են առաջ շարժվում:

Գայանե Ակոջյան