Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանը լքել է իր կուսակցության խմբակցությունը: Նա խմբակցության անդամներին մեղադրում է, որ ընտրություններում նրանք աշխատել են հօգուտ այլ կուսակցության:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանն այս որոշումը կայացրել է Վրաստանի խորհրդարանի ընտրություններից հետո: 2020 թ-ի խորհրդարանական ընտրություններում նա առաջադրվել էր հենց այս կուսակցության ընտրացուցակներով:
«Խմբակցությունը կուսակցություն է, որոշում է կուսակցության հարցերը, եթե դու խմբակցության մեջ ես, բայց աշխատում ես ի շահ այլ կուսակցության, սա խմբակցություն չէ, սա ֆեյք է, հենց այդ պատճառով էլ ես չեմ ցանկանում համագործակցել ֆեյքերի հետ: «Հայրենասերների դաշինք» խմբակցությունը աշխատել է մեկ այլ կուսակցության համար», – բացատրում է Սամվել Պետրոսյանը:
Նա խմբակցությունը լքելու մասին դիմումը ներկայացրել է այս տարվա նոյեմբերի 3-ին: Ըստ նրա, այդ պահից ի վեր ինքն այլեւս չի համարվում այդ խմբակցության անդամ:
Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Պետրոսյանը լքում է Սակրեբուլոյի խմբակցությունը, նա շարունակում է մնալ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ:
Ախալքալաքի Սակրեբուլոյի «Վրաստանի հայրենասերների դաշինք» խմբակցությունը կազմված էր 3 անդամներից: Կազմավորման պահին՝ 2018 թ-ին, այն ուներ 5 անդամ, սակայն խմբակցության երկու պատգամավորները՝ Գենադի Էլիզբարյանը և Սարգիս Ուզունյանը, խմբակցությունից հեռացել էին ավելի վաղ: Դրանից հետո խմբակցության կազմում մնացել էին խմբակցության նախագահ Զաքար Զաքարյանը, Սիմոն Մանանյանը և Սամվել Պետրոսյանը:
Խմբակցության նախագահ Զաքար Զաքարյանը հրաժարվեց մեկնաբանել Սամվել Պետրոսյանի հեռանալու հանգամանքը և նրա մեղադրանքները, իսկ հարցին, թե կլուծարվի արդյոք խմբակցությունը, քանի որ այն պետք է ունենա առնվազն 3 անդամ, նա պատասխանեց, որ չգիտի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը Jnews- ին ասաց, որ խմբակցությունը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, չի կարող հավաքվել լուծարման որոշումը կայացնելու համար:
«Հենց խմբակցությունը որոշում կայացնի, նրանք այս փաստաթուղթը կներկայացնեն իրավաբանական հանձնաժողովին, և դրա հիման վրա խմբակցությունը կլուծարվի», – ասում է Նաիրի Իրիցյանը:
Նաիրի Իրիցյանի խոսքերով, եթե երրորդ անդամը չգտնվի, խմբակցությունը կլուծարվի: