Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջավախք: Նա ժամանեց Ծալկայի շրջանի Այազմա գյուղ, այնուհետև Նինոծմինդայի շրջանի Փոկա և Գանձա գյուղեր: Գանձայում նա մտավ Վահան Տերյանի տուն-թանգարանը, այցելեց Սաթա և եղավ Նինոծմինդայում:
Ամենուրեք վարչապետի պատվիրակությանը դիմավորում էին հատուկ ոգևորությամբ, աղ ու հացով, երգով ու պարով:
«Ես ուզում եմ ասել, որ Վրաստանում շատ արդյունավետ այց ունեցա: Իմ առաջին պաշտոնական այցը Վրաստան, որպես վարչապետ, ընդգծում է հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը` հատուկ նշանակությունը: Այս այցը հայ-վրացական հարաբերություններում իրական և որակական փոփոխություններ կստեղծի: Վրաց իշխանությունները, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի կողմից որևէ սադրանք չի կարող լինել», – ասաց Նիկոլ Փաշինյանը` Փոկայում:
Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ, որտեղ սպասում են Փաշինյանին: Վարչապետի պատվիրակությունը այժմ ուղևորվում է Նինոծմինդայից Ախալքալաք: