Տաբածղուրի լճի ժամանակավոր արտոնագիր ունեցող Վարդան Այվազյանի և գյուղի բնակիչների միջև հակամարտությունը շարունակվում է: Երեկ Տաբածղուրի գյուղի բնակիչները թույլ չտվեցին, որ Վարդան Այվազյանի միջնորդը մանր ձկներ լցնի լիճը:

Երեկ, սեպտեմբերի 12-ին, Վարդան Այվազյանի միջնորդը, ով ըստ գյուղացիների հանդիսանում է գործարար և խաշուրցի է, լիճը լցնելու ու աճեցնելու նպատակով Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղ էր ուղարկել 20 հազար փոքր իշխան ձուկ, սակայն գյուղացիներիը թույլ չտվեցին:

Տաբածղուրի գյուղի բնակիչ Աշոտ Իրիցյանը ասում է, որ իրենք իրենց լճի համար պայքարելու են մինչև վերջ: Ըստ նրա, Վարդան Այվազյանը միջնորդ է գտել, ով զբաղվում է լճի հարցերով, սակայն երեկ միջնորդը գյուղում չի եղել:

«Զազան ինքը չէր եկել: Ամբողջ գյուղով կանգնեցինք և թույլ չտվեցինք: Մենք ուզում ենք գյուղի վրա գրանցվի արտոնագիրը, և մենք օրենքով կաշխատենք, հարկերը կվճարենք: Նրանք բերեցին փոքր ձկներին և մեզ համոզում են, որ լցնում են, որ ձկները խեցգետիններին ուտեն: Հլա դրանց խելքին նայեք, ինչ են ասում: Խեցգետինները ձկներին կուտեն, առանց դրա էլ նրանք շատ են շատացել: Մենք 80 000 փոքր ձուկ լցրեցինք լիճը, էլի չօգնեց: Նրանք մեզ ամեն կերպ փորձում են համոզել: Կոնֆլիկտից խուսափելու համար, մենք Բորժոմիից ոստիկանություն կանչեցինք: Մենք մեր պայմանները դրեցինք, բայց դա նրանց դուր չեկավ և գնացին », – դժգոհում է Աշոտ Իրիցյանը:

Գործարար Զազան, ով Վարդան Այվազյանի վստահված անձն է, խոստացել է երեք օր հետո գալ գյուղ և խոսել գյուղացիների հետ: Մենք կփորձենք մասնակցել այդ բանակցություններին:

Հիշեցնենք, որ Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի բնակիչներն արդեն 7 տարի է պայքարում են ՍՊԸ «Լճեր» ընկերության արտոնագիրը չեղյալ համարելու համար: Ընկերության հիմնադիրը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ծնունդով տաբածղուրցի Վարդան Այվազյանն է: 2010 թվականից 20 տարվա վարձակալությամբ ընկերությունը վերցրել է Տաբածղուրի լիճը:

Լճի արտոնագրի չեղարկման պահանջով գյուղացիները դիմել են դատարան: Դատարանը որոշում է կայացրել ՍՊԸ «Լճեր»- ի օգտին, բայց գյուղացիները պայքարելու են մինչև վերջ, քանի որ դա նրանց միակ եկամտի աղբյուրն է:

«Բոլոր բարձրագույն ատյանները նրանց կողմից են, բայց մենք դիմելու ենք Եվրոպական դատարան», – ասում է Աշոտ Իրիցյանը:

Շուշան Շիրինյան