Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տարածաշրջանային նշանակությունը, Ջավախքի գործոնն ու Հայաստանի երկաթգծին միանալու հնարավորությունների մասին Jnews-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Թուրքիայի բաժնի վարիչ, պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ, ով հատուկ ուսումնասիրություն է կատարել այս թեմայով:

– Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման հենց սկզբից Հայաստանը դեմ էր արտահայտվում: Սակայն հիմա այդ նախագիծն իրականություն է դառնում: Ինչպիսի՞ն է Հայաստանի այսօրվա դիրքորոշումը:

– Ամենասկզբից, երբ 90-ականներին գաղափարն առաջ քաշվեց, Երևանի դիրքորոշումը բացասական էր, 2000-ականների կեսերին, երբ սկսվեց իրական շինարարությունը, Հայաստանը դեմ է արտահայտվել, մոբիլիզացրել է եվրոպական ու ամերիկյան կառավարություններին, որոնք դեմ են եղել և անգամ հատուկ բանաձև են ընդունել, որ ամերիկյան բանկերը ոչ մի կերպ չֆինանսավորեն: Բայց հիմա, թեև մեծ հարց է, թե իրականում երբ է սկսվելու երկաթգիծը գործել, դեռ շատ-շատ հարցեր կան, որոնք այդպես էլ հստակություն չեն ստացել Հայաստանում, և, այս օրեիրին իմ ստացած տպավորություններից, նաև Ջավախքում:

Կարծում եմ, որ հիմնական հարցադրումն այն է, թե ինչպիսին պետք է լինի դիրքորոշումը, երբ արդեն երկաթգիծը սկսի գործել: Ես կոնկրետ կարծում եմ, որ պետք է Հայաստանը կարողանա օր առաջ սկսի աշխատել Վրաստանի իշխանությունների հետ, որպեսզի Հայաստանը և հատկապես Ջավախքը ամբողջությամբ կարողանան շահառուներ դառնան այս երկաթգծից: Առաջին հերթին շահառուն պետք է լինի ջավախահայությունը, և ոչ մի կերպ չպետք է խոչընդոտվի ջավախահայության մասնակցությունը այդ երկաթգծի շահագործմանը: Երեք տարի առաջ ես այս թեմայի շուրջ մեծ ուսումնասիրություն եմ կատարել: Այն ժամանակ Վրաստանի խորհրդարանի անդամների հետ խոսակցության մեջ ասում էի՝ ադրբեջանական կապիտալ է, կարող են խոչընդոտել և ասել մենք ենք գումարը տալիս և մենք ենք որոշում, ով է շահառուն: Այդ ժամանակ խորհրդականներն ասում էին, որ չափազանցնում ենք ադրբեջանական կապիտալի և Թուրքիայի ներկայությունը: Վրաստանը ինքնիշխան պետություն է և մենք ենք որոշում մեր տարածքով անցնող երկաթգիծը, ով և ինչպես պետք է օգտագործի: Հետո կամաց-կամաց թուրքական և ադրբեջանական կապիտալի դերակատարությունն ընդլայնվեց և այստեղ մեծ հարց է, թե Հայաստանն ինչ է անում, որպեսզի առավելագույնի հասցնի, կամ սկսի նախօրոք բանակցել, որպեսզի Վրաստանի իշխանությունները հասկանան, թե ինչքան կարևոր է այս երկաթգիծը ջավախահայության համար և, ինչու ոչ, նաև Հայաստանի:

– Ինչքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանը ցանկանա միանալ այս նախագծին: Եվ ինչպիսի՞ խոչընդոտներ կարող են լինել:

– Հայաստանում նշում են, որ երբ 5-10 տարի հետո Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը կառուցվի, և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շատ-շատ մեծ կարևորություն կստանա Հայաստանի համար և իրատեսական կդառնա երկաթգծին միանալու հնարավորությունը: Այդ ժամանակ իրականում հայ-թուրքական փակ սահմանի կարևորությունը ևս կփոխվի: Եթե ուշադիր նայենք, Հայաստանին մեծ ներդրումներ են պետք, որպեսզի կառուցվի Կարս-Գյումրի երկաթգիծը և պարզ է մոտ ապագայում չի էլ լինի: Շատ հարմար տարբերակ է Կարս-Ախալքալաքը օգտագործել Հայաստանից բեռներ ուղարկելու և ստանալու համար, և այս պարագայում Ջավախքն էլ կունենա իր կարևոր դերակատարումը: Ջավախքը դառնում է հետաքրքիր շահերի և բիզնեսի խաչման վայր: Այս հարցերի ուղղությամբ ինչ-որ քայլ անելու ամենալավ ձևը դա միջպետական մակարդակով առկա հարցերի քննարկումն է, առաջին պլան մղելով Հայաստանի, դրանով հանդերձ ջավախահայության շահերը: Ես այս տեսանկյունից եմ նայում հարցին:

– Արդյո՞ք Թուրքիան և Արդբեջանը չեն խոչընդոտի երկաթգծին Հայաստանի միանալուն:

– Ինչու ոչ Հայաստանը պետք է կարողանա նաև Թուրքիայի հետ հստակեցնի, որ Հայաստանի անձնագրեր ունեցող քաղաքացիները ազատ երթևեկեն այդ երկաթգծով և խոչընդոտ չլինի: Այստեղ շատ կարևոր է Վրաստանի դիրքորոշումը, եթե հանկարծ Վրաստանը փորձի ընկրկել թուրքական և ադրբեջանական լոբբինգի դիմաց, որը շատ հավանական է, ապա սա Հայաստանի համար իսկական խոչընդոտ է: Դրա համար հենց այսօրվանից պետք է ինչ-որ բան անել, սակայն չգիտես ինչու Հայաստանը սկսում է ժամանակ առ ժամանակ անակնկալների տրամաբանությամբ աշխատել: Հանկարծ ինչ-որ բան չլինի, հանկարծ երկաթգիծը խնդիր չբերի Ջավախքի համար: Իմ կարծիքով, խնդիր չլինելու համար պետք է աշխատել, այսինքն մեկ օրում ոչինչ չի լուծվում, դրա համար պետք է պետական ինստիտուտներ աշխատեն, համապատասխան մարդկանցով, ովքեր պետք է հեռուն նայեն և կարողանան ճիշտ գնահատել անելիքը ու համապատասխան ռեսուրսներ օգտագործելով հասնեն իրենց նպատակին:

– Մենք բազում հարցումներ ենք անցկացրել բնակչության շրջանում, որոնցից պարզ է դառնում, որ բնակչության մեծ մասը վախով է վերաբերվում երկաթգծի գոյությանն առհասարակ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ինչքան ես հասկացա բնակչության հետ շփումներից, այստեղի բնակչությունը հավուր պատշաճի տեղեկացված չէ երկաթգծի էության մասին, նպատակների մասին, և ինչ-որ նաև կլիշավորված պատկերացում կա արտաքին ուժային կենտրոնների ներգրավվածության մասին, հասկանալի է, որ հանրային գիտակցության մեջ դրանք շատ հեշտ են ձևավորվում, բայց պետական համակարգերը, ինստիտուտները պետք է կարողանան աշխատել: Դրա համար շատ կարևոր է, որ երկկողմ` Հայաստան-Վրաստան պետական մակարդակով հստակեցում լինի, թե ինչպես է Հայաստանը վերաբերվելու երկաթգծի աշխատանքին: Պետք է աշխատանք տանել նաև ազգաբնակչության հետ, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենցից շատ բան է կախված: Իրականում հակառակ կողմից էլ, եթե մոտենանք հարցին, ապա ավելի հետաքրքիր է վիճակը: Եթե ադրբեջանցիները և թուրքերը փորձեն ջավախահայությանը երկրորդ պլան մղել ու ջավախահայության մոտ անգամ նշույլ ձևավորվի, որ սա իրենց շահերի դեմ է, ապա պետք է հասկանան, որ անհնար է հաշվի չնստել ջավախահայության կարծիքի հետ, որովհետև իրենց տարածքով է անցնում երկաթգիծը: Ջավախահայությունը պետք է լինի թիվ մեկ շահառուն այս երկաթգծի, սակայն մինչև հիմա տպավորություն է, որ սա հենց ջավախահայության շահերի դեմ է: Իշխանությունները պետք է փոխեն այս պրագմատիկ ընկալումը:

Վրաստանի իշխանությունները պետք է այս ուղղությամբ օրն ի բուն աշխատեն, նրանք շատ մեծ անելիք ունեն: Օրինակ. Տեսեք երկաթգծի շինարարության աշխատանքներում հայերը չկան: Գուցե բռնի ուժով երկաթգիծը սկսի աշխատել ու ժողովրդի մոտ պատրանք ստեղծեն, որ մի օր իրենց շահերին է ծառայելու: Շատ լավ հասկանալի է, որ Հայաստանը սկզբից եղել է բացասական տրամադրված, ջավախահայությունից եկել են իմպուլսներ, բայց հիմա պետք է սա փոխել, պետք է Հայաստանը Վրաստանի հետ աշխատի, դրա համար այս երկրում մենք պետք է ունենանք այնպիսի դեսպան ու այնպիսի դիվանագիտական կորպուս, որը խիստ ակտիվ գործի: Եվ Վրաստանի իշխանությունները հասկանան, որ Վրաստանը մեզ համար սովորական երկիր չէ, հեռու ինչ-որ մի մայրցամաքում ծվարած: Մեր արտաքին առևտրի 70 տոկոսը Վրաստանի տարածքով է իրականցվում և այստեղից կարելի է շատ-շատ հետևություններ կատարել:

Աղունիկ Այվազյան