ՆԱՏՕ-ի ուժերի հետ միասին ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակի, թե ովքե՞ր են թալիբները և ինչո՞ւ են նրանք վերադարձել իշխանության, և շատ ավելիի մասին JNEWS-ը խոսել է «Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի» (GSAC) փորձագետ, քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

Ինչու՞ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի այսքան տարվա ներկայությունից հետո նրանք որոշեցին հեռանալ Աֆղանստանից:

– Հասկանալու համար, թե ինչու որոշվեց լքել Աֆղանստանը, նախ պետք է հասկանալ, թե ինչու էր անհրաժեշտ այնտեղ մտնել: 1996 թվականին, երբ թալիբները եկան իշխանության, նրանք այնտեղ հաստատեցին շատ խիստ, միջնադարյան ռեժիմ, այն էլ ոչ թե ամբողջ Աֆղանստանում, այլ միայն հարավում: Թալիբների խնդիրը կայանում էր նրանում, որ նրանք ապաստան տվեցին Ուսամա բեն Լադենին: Իսկ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ը՝ և ոչ միայն ԱՄՆ-ն, այլև համաշխարհային հանրությունն ընդհանրապես ընտրություն չունեին: Որովհետեւ, բնականաբար, նրանք չէին արտահանձնում Ուսամա բեն Լադենին, և այնտեղ խոսք էր գնում «Ալ-Քաիդային» ոչնչացնելու մասին: Հենց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ընդամենը մեկ օր առաջ Շահ Մասուդը սպանվեց, իսկ թալիբների կողմից չգրավված Հյուսիսային դաշինքը ամերիկացիների աջակցությամբ մտավ Քաբուլ: Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, նրանք Ալ-Քաիդային քշեցին Թորա-Բորայի քարանձավներ՝ Աֆղանստանի ամենաանհասանելի վայրեր, նրանք այնտեղ թաքնվում էին: Նրանց բոլորին ոչնչացրեցին: Հետո հարց առաջացավ, թե ինչ անել Աֆղանստանի հետ, քանի որ արդեն 2004 թվականին Թալիբանի և Ալ-Քաիդայի ռազմական բաղադրիչը երկրում գրեթե չկար: Այսինքն՝ որևէ դիմակայություն չկար: Այդ ժամանակ, գաղափարական մակարդակով որոշեցին, որ «եկեք միևնույն է կառուցենք գոնե ինչ-որ պետական ինստիտուտներ»:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Աֆղանստանում չստացվեց պետականություն կառուցել:

– Հարկավոր է լավ հասկանալ, թե ինչ է Աֆղանստանը: Սա բազմազգ երկիր է, որտեղ ապրում են այնպիսի ժողովուրդներ, ինչպիսիք են՝ փուշթունները, տաջիկները, ուզբեկները, հազարացիները, լեռնա-բադախշանցիները, բելուջները և այլք: Պետք է հասկանալ, որ սա մի երկիր է, որտեղ, օրինակ, հազարացիները շիիթներ են, իսկ մնացած բոլորը՝ սունիթներ: Փուշթուններն էլ, ընդհանրապես, ունեն իրենց սեփական ուղղությունը՝ դա դեոբանդիզմն է, նրանց գաղափարախոսությունը «փաշթունվալայն» է (փուշթունների ուղի) և իսլամը, այս գաղափարախոսության սինթեզը Թալիբան շարժման գաղափարախոսությունն է: Ովքե՞ր են թալիբները: Դրանք ուսանողներ են, այն երիտասարդներն են, ովքեր փախել են Աֆղանստանից իրենց ընտանիքների հետ, երբ այնտեղ էին խորհրդային զորքերը: Եվ նրանք սովորում էին Պակիստանում իսլամական, փուշթունական դպրոցներում, և հենց այդժամ էլ առաջացավ այս շարժումը: Շարժման հիմնադիրներն էին մոլլա Օմարը (միաչքանի Օմար) և թալիբների ներկայիս առաջնորդներից մեկը՝ մոլլա Աբդուլ Ղանին, ով բարադար-փուշթուն է: «Թալիբան»-ը փուշթունական ազգային իսլամական շարժում է: Փուշթուններն Աֆղանստանի ամենամեծ թվով ժողովուրդն են: Թալիբանը դա նաև գաղափարախոսություն է: Երբ ասում ենք վրացիներ, հայեր, ապա սրանք կարելի է ասել արդեն ձևավորված ազգեր են: Իսկ փուշթունները ձևավորված ազգ չեն: Այնտեղ տոհմացեղային համակարգ է: Այսինքն՝ ցեղերը, տոհմերը, կլանները առանձին են, որոնք այնքան թույլ կապեր ունեն միմյանց միջև, սակայն ունեն ընդհանուր լեզու: Նրանցից յուրաքանչյուրը ենթարկվում է սեփական առաջնորդին, ցեղապետին: Այս պայմաններում, եթե պետությունը կառուցել վերևից, ապա այն մարդիկ, ովքեր աշխատում էին պետության համար, անմիջապես ընկան մուսուլմանների ազդեցության տակ, ովքեր հետևում էին փուշթուն վալիին, այսինքն, ըստ էության, նրանք թալիբներ էին: Այնտեղ էր մտավորականության՝ ՀԿ-ների մեծ մասը, սակայն նրանք ոչ մի դեր չէին խաղում: Փաստացի, փուշթուններն այս բոլոր 10 տարիների ընթացքում՝ 2011-ից հետո, իշխանության էին գալիս: Օրինակ՝ նահանգապետի եղբայրներից մեկը Թալիբանից էր, կար մի քաղաքապետ, նա նույնպես թալիբների կողմնակիցն էր: Միգուցե ՀԿ-ներից որևէ մեկին առաջնային դեր էին տալիս, այդ ժամանակ տեղակալը Թալիբանից ինչ-որ մեկն էր և այլն: Եվ բոլորը դա շատ լավ գիտեին: Այնտեղ շատ տարօրինակ պատերազմ էր ընթանում:

Ինչի՞ մեջ է կայանում տարօրինակությունը:

– Վրացական զորախումբը, որը գտնվում էր Աֆղանստանում, այս ընթացքում զոհվել է 32 մարդ, բայց չմոռանանք, որ նրանք գտնվում էին ամենավտանգավոր, կարմիր գոտում` Դերբենդում, որտեղ նրանց մեծ մասը թմրանյութեր է աճեցնում: Մեր զոհերի մեծ մասը կամ նրանք են, ովքեր զոհվել են ականի պայթյունից կամ ահաբեկչական հարձակումների ժամանակ: Միայն 2-3 մարդ է հրազենային վնասվածքներից մահացել: Սա նշանակում է, որ ռազմական բախումներ գործնականում չեն եղել: Գործընկերները պատմում էին, որ, օրինակ, եղել է դեպք, երբ ամերիկացիները հայտնվել են կակաչի դաշտում և այրել այն: Հետո եկել են տոհմավագները և փոխհատուցում պահանջել: Նրանք էլ վճարել են: Այսինքն՝ բոլորն են վճարել այնտեղ: Մերոնք գումար չունեին, մերոնք սնունդ էին բաժանում, ջուր, շոկոլադ և այլն: Նրանք հիանալի գիտեին, թե ով փող ուներ, իսկ ով՝ ոչ:

Ստացվում է, որ նախագահ Բայդենի զորքերը դուրս բերելու որոշումն արդարացվա՞ծ է:

– Իսկ հիմա հարց, ինչո՞ւ էին նրանք (խմբ. ԱՄՆ զորքերը) այնտեղ: Նրանք այնտեղ էին, քանի որ դրա վրա հսկայական գումարներ էին ծախսվել՝ 800 միլիարդից մինչև տրիլիոն: Եվ դա, ըստ էության, մեծ կոռուպցիոն սխեմա էր: Դրանով գումար են վաստակել, և շատ մեծ: Դրանք թե՛ զենքի մատակարարումներն են, նյութատեխնիկական ապահովումը, թե՛ այդ բոլոր ծրագրերը և այդպես շարունակ: Դա մեծ, լավ լափաման էր: Կարելի է ասել, որ Թրամփն արդեն զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշումը կայացրել էր: Բայդենը դա միայն հաստատեց:

Այդ դեպքում ո՞րն է Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի քննադատության էությունը:

– Նա քննադատում է այլ բանի համար: Նա քննադատում է Բայդենին այն բանի համար, որ զորքերը դուրս չեն բերվել ծրագրվածի պես: ԱՄՆ-ը կարծում էր, որ Աֆղանստանի կառավարությունը ինչ-որ կերպ կդիմադրի, իսկ դիմադրող չկար: Նրանք բոլորը առանց այդ էլ թալիբներ էին: Չէ՞ որ թալիբները չեն պայքարի թալիբների դեմ: Երբ ասում են, որ Աֆղանստանը 300 000 հոգանոց լավ զինված բանակ ուներ, ապա այդ 300 000-ն էլ թալիբներ էին: Այսինքն՝ նրանք պատրաստել և զինել են թալիբներին իրենց դեմ: Չեմ կարծում, որ նրանք չգիտեին այդ մասին: Պետք է բացարձակ ապուշ լինել, որպեսզի տեղյակ չլինել այդ մասին: Նրանք պարզապես աչք փակեցին դրա վրա, քանի որ լավ գումար էին աշխատում:

Աֆղանստանում տիրող այս ողջ իրավիճակը կազդի՞ Հարավային Կովկասի երկրների վրա:

– Հարավային Կովկասը շատ հեռու է, բայց այն բավականին հնարավոր է ազդի Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի վրա: Քանի որ թալիբներն իրենք ոչ մի տեղ չեն գնա կռվելու, նրանց դա պետք չէ: Փանջշերի կիրճում ընթացող մարտերը նրանց բավական կլինեն, այնտեղ մարտերը չեն ընթանում տարածքներ նվաճելու համար, այնտեղ ապրում են ուզբեկները: Փանջշերի կիրճն աշխարհում զմրուխտի և լիթիումի ամենախոշոր հանքավայրն է: Լիթիումը նույնիսկ ավելի թանկ է, քան զմրուխտը: Ոչ ոք չի յուրացրել այդ հանքավայրը, քանի որ Աֆղանստանի ամբողջ տնտեսությունը կազմում է թմրանյութը: Եվ երբ թալիբներն ասում են, որ թմրանյութերի դեմ պայքարելու են, մեղմ ասած, նրանց պետք չէ հավատալ: Չէ որ դա մեծ գումար է: Նրանք եկամտի այլ աղբյուր չունեն, բայց եթե կարողանան լիթիումը և զմրուխտը իրացնել, գուցե ինչ-որ բան փոխվի:

Կարելի՞ է պնդել, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում կրկնեց ԽՍՀՄ-ի ճակատագիրը:

– Բացարձակապես տարբեր քեյսեր են: ԽՍՀՄ-ը որևէ նպատակ չուներ, միայն կոմունիզմ կառուցելը, ինչը ծիծաղելի էր: Իսկ ԱՄՆ-ն բիզնես ուներ: Այսպիսով, երբ ասում են, որ ԱՄՆ-ն պարտվել է Աֆղանստանում, դա ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Եթե դա նրանց պետք լիներ, նույնիսկ, եթե դա պետք լիներ ԽՍՀՄ-ին… Աֆղանստանը գրավում էին բոլորը, ով չէր ալարում: Ամերիկացիները կարող էին այրել ամբողջ Աֆղանստանը, նրանք դրա համար բավարար ռեսուրսներ ունեին, բայց ինչու՞:

Կլինե՞ն շատ փախստականներ, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում:

– Սիրիայից փախստականների ամենամեծ թիվը այժմ Թուրքիայում է` 3 000 000 հոգի: Սա շատ-շատ է, բայց ոչ կրիտիկական: Չի կարելի ասել, որ աֆղանցի փախստականները հեշտ է հասնել դեպի Եվրոպա կամ նույնիսկ այլ երկիր: Դա շատ դժվար է: Ոչ ոք չի ցանկանում ընդունել նրանց: Մեղք են այն մարդիկ, մարդկանց այն շերտը, որը հավատում էր ինչ-որ գաղափարների: Հիմնականում դա մայրաքաղաք Քաբուլն է: Քաղաքաբնակ մարդիկ, ովքեր այնքան էլ կապված չեն իրենց տոհմի հետ: Այսպիսով, ամերիկացիները, բրիտանացիները և մնացած բոլորը փորձում են հենց նրանց էլ տարհանել: Եվ նրանք, հավանաբար, իրենց տեղը կգտնեն Եվրոպայում և այլուր: Բայց այդպիսիք շատ չեն: Մենք կարող ենք խոսել տասնյակ հազարների մասին, բայց ոչ ավելին:

Քրիստինե Մարաբյան