Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պարզաբանում է՝ ինչով է պայմանավորված Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի տեղափոխությունը և այս ամենի շուրջ առաջացած աղմուկը:
– Սրբազան հայր, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի տեղափոխությունը տարբեր խոսակցությունների պատճառ դարձավ: Ինչո՞վ էր պայմանավորված այս տեղափոխությունը:
Տեր Տաթև քահանան, ինչպես և մյուս քահանաները առաջնորդի տնօրինությամբ կարող են որոշակի ժամանակով կամ երկարաժամկետ տեղափոխել ծառայության վայրը: Այս պարագային, մենք Տեր Տաթևի կարիքը ունեինք, երկու, առավելագույնը երեք ամիս ծառայության Թբիլիսիում, և իր փորձառությունների վերականգնման, և իր փորձառություններից օգտվելու: Մանավանդ, որ այս շրջանը ծառայությունների առումով շատ ծանրաբեռնված չէ, և ծանրաբեռնված շրջանում տեր հայրը կվերադառնա այստեղ: Այնպես որ այս տեղափոխությունը պարզ, սովորական տեղափոխություն է: Մենք երբեմն մեր քահանաներին ուղարկում ենք նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածին վերապատրասման: Ամեն ինչ կարգին է:
– Իսկ ի՞նչ կասեք Ջավախքում առանձին թեմ ունենալու խնդրի վերաբերյալ և ինչո՞ւ է այս հարցը բարձրաձայնվում հենց հիմա:
Ես ուզում եմ հարցնել, թե հարց բարձրացնողներից քանի հոգի են կիրակի օրերին պատարագի մասնակցում, քանի հոգի են հաղորդվում, քանի հոգի են եկեղեցու կյանքի մեջ գործնեություն ծավալում: Ցավով պիտի նշեմ, որ սոցցանցերում գրառումներ են անում հիմնականում նրանք, ովքեր եկեղեցու հետ որևէ առնչություն չունեն, երևի տարվա մեջ հազիվ մի քանի անգամ են մտնում եկեղեցի: Մեր եկեղեցական գործնեությունը իրականացվում է մեր կանոնի համաձայն: Առանձին թեմ ունենալու հարց ընդհանրապես կա, բայց այս պահին թեմի հարցի լուծման համար ավելի լուրջ խնդիրներն են պետք լուծել:
– Սրբազան հայր, մարդիկ մտավախություն ունեն, որ Տեր Տաթևը չի վերադառնա Ախալքալաք, քանի որ մեկ տարի առաջ երբ Հայր Բաբգէնին տեղափոխեցին Հայաստան, խոստացան, որ նրա փոխարեն ուրիշ նշանակում կլինի: Մեկ տարի է անցել, սակայն նոր նշանակում այդպես էլ չեղավ:
Նոր նշանակում հավանաբար կլինի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Փոխառաջնորդությունը շարունակում է գործել և իր գործնեությունը ընդլայնում է նոր եկեղեցիների վերագործմամբ ու քահանաների ավելացմամբ, ավելի կանոնավոր գործնեություն իրականացնելով կրթական, մշակութային և հոգևոր:
Աղունիկ Այվազյան