Խորենիա գյուղի կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են, աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է, շինարարները հույս ունեն մինչև ամսվա վերջ աշխատանքներն ավարտին հասցնել։ Կամրջի վերականգնողական աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհաշինարարական վարչություն №2» ՍՊԸ-ն՝ 401 հազար լարի արժողությամբ։ Աշխատանքներն իրականացնում է ենթակապալառու «Գոլդ» ընկերությունը։
Վերականգնողական աշխատանքները սկսվել են հունիսի 1-ից։ Այս ընթացքում ամրացվել են կամրջի բետոնե հիմքերը՝ նրանք պատվել են երկաթով և լցվել բետոնով։ Ճանապարհի ծածկը փոխվել է, այն բետոնապատվել է։ Կամրջի մակերեսը բաղկացած է մի քանի բետոնե սալերից, որոնք կմիացվեն մազութով։ Օգոստոսի 9-ի դրությամբ բանվորները մաքրում էին բետոնե սալերի կարերը, դրանք մազութով լցնելու համար։ Իսկ հետո կամրջի բետոնե մակերեսը կասֆալտապատվի։ Ըստ ենթակապալառու «Գոլդ» ընկերության ներկայացուցուցիչ Մոսոյանի, հավանաբար, կամրջից մի քանի մետր դեպի գյուղ ճանապարհը ևս կասֆալտապատեն։
Մոսոյանի խոսքով, աշխատանքների մեծ մասն արդեն ավարտել են։
«Կարերը կլցնենք մազութով, կտեղադրենք բազրիքներ, Էլեկտրականություն կանցկացնենք, բետոնը կծածկենք ասֆալտով: Այնուհետև կամրապնդենք մնացած մեկ հենարանը», – ասաց Մոսոյանը։
Կամրջի վերականգնման ընթացքում, գյուղացիների խոսքով, կամուրջը փակ է եղել մոտ 14 օր։ Գյուղացիների տեղաշարժը սահմանափակված է եղել, նրանք օգտվել են այլընտրանքային գրունտային ճանապարհից:
Խորենիա գյուղի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը, ով նաև աշխատում է կամրջի վերականգման վրա, ասաց հետեւյալը.
«Դժգոհություններ կային, որովհետև հիմա գյուղական աշխատանքների սեզոնն է, բայց այս աշխատանքը ևս գյուղին պետք էր»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը։
Խորենիա գյուղի մասնագետ Արկադի Ֆիդանյանի խոսքով, իրենք ուրախ են, որ կամուրջը վերանորոգվում է, գոհ են աշխատանքների որակից, իսկ 14 օրը, որոնց ընթացքում բնակիչներն անհարմարավետություն են կրել, արդեն անցել են:
«Հիմնականում բնակիչներն իրենց մեքենաները թողնում էին կամրջի մյուս կողմը, գետի վրայով ժամանակավոր փայտե կամուրջ էինք կառուցել, այդ կամրջով անցնում, հասնում էին դեպի իրենց մեքենաները: 14 օր մենք անհարմարություն ենք ունեցել, բայց ճանապարհն արդեն բաց է, և մեքենաներն անցնում են կամրջով »,- ասում է Արկադի Ֆիդանյանը։
Կամրջի վերականգնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն մեքենաներն արդեն կամրջով անցնում են։
Նախագծով կամրջի լայնությունը պետք է լիներ 4,80 մ, սակայն շինարարներն այն երկու կողմից լայնացրել են, և կամրջի լայնությունն այժմ 5,40 մ է։ Բնակիչները ցանկանում էին, որ կամրջով ազատ անցներ գյուղտեխնիկան՝ կոմբայնները, տրակտորները։ Կամրջի երկու կողմերում բետոնե երեսպատումներ են եղել, ինչի շնորհիվ կամուրջը լայնացվել է։ Կամրջի երկարությունը 64 մ է։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասաց, որ նախագծում փոփոխություններ չեն եղել, կամրջի լայնությունը մեծացվել է բետոնե երեսպատումների հաշվին։
Նշենք, որ Խորենիա գյուղի կամուրջը կառուցվել է 1962 թվականին և երբևէ չի վերանորոգվել։ Խորենիայի բնակիչները բազմիցս բողոքել են տեղական իշխանություններին և խնդրել վերանորոգել կամուրջը։
Սկսվել են Խորենիայի կամրջի վերականգնողական աշխատանքները