Ղրխբուլախ գետի վրա, Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում, մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող հին կամրջից ոչ հեռու, պատմական հուշարձանը կործանումից փրկելու նպատակով կառուցվում է նորը։
Ավտոմոբիլա-հետիոտնային կամրջի կառուցման նախագիծն իրականացվում է պետական միջոցներով, համատեղ տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Շինարարության տենդերը 584 350 լարիով շահել է «Մշեն+» ՍՊԸ-ը, որից 49 218 լարին ներդնում է մունիցիպալիտետը, իսկ 535 132 լարին՝ պետությունը։
Ներկայումս շինարարներն աշխատում են կամրջի հիմքի կառուցման վրա՝ տեղադրում են հիմքի երկաթե կոնստրուկցիաները։ Շինարարությունում աշխատում են տեղացիները, ընդամենը 10 մարդ, սակայն, ընկերության գործադիր տնօրեն Նոդար Գոգոլաշվիլիի խոսքով, անհրաժեշտության դեպքում իրենք կներգրավեն նաև այլ բանվորների։
«Կամրջի հիմքի աշխատանքներն ավարտում ենք, հողով ենք լցնում, և արդեն սկսում ենք վերին աշխատանքները: Ոչ մի խնդիր չկա, սկզբում պետք էր միայն ջուրը հեռացնել, որ կամրջի հիմքի կառուցմանը չխանգարեր, բայց մենք դա արդեն լուծել ենք։ Երբ սկսենք վերին աշխատանքները, ջուրն այլևս չի խանգարի»,- ասաց «Մշեն+» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Նոդար Գոգոլաշվիլին։
Նոր կամուրջը կառուցվում է հին կամրջի մոտ, որն արդեն քանդվում է։ Այն մշակութային ժառանգության հուշարձան է, դրա վերականգնման համար անհրաժեշտ է թույլտվություն, մեծ միջոցներ և շատ ժամանակ, ուստի տեղական իշխանությունները որոշել են նոր կամուրջ կառուցել, որպեսզի պատմական հուշարձանն վերջնականապես չփլվի։
Նոր կամուրջը հնից 1 մ-ով բարձր կլինի՝ 2,80 սմ բարձրությամբ, 5 մ լայնությամբ: Կկառուցվի հետիոտների համար նախատեսված մայթ, երկու կողմից բետոնե ցանկապատ, կամուրջը կասֆալտապատվի, կմիանա հիմնական ճանապարհին։
Նոդար Գոգոլաշվիլիի խոսքով, աշխատանքների ավարտի վերջնաժամկետը նոյեմբերի վերջն է։ Նա վստահ է, որ իրենք կտեղավորվեն սահմանված ժամկետներում։
Մուրջախեթ գյուղում նոր կամուրջ է կառուցվում