Խուլգումո, Կուլիկամ և Բավրա գյուղերում խմելու ջուրը աղտոտված է, ծորակներից հոսող ջրի մեջ մանր սև ավազահատիկներ կան։ Բնակիչները մտավախություն ունեն, որ ջրի կեղտոտության պատճառով կարող են հիվանդանալ:
Խուլգումոյում բնակիչները ծորակը բացելուց պարտադիր մի քանի րոպե սպասում են, որ ջուրը մաքրվի, հակառակ դեպքում այն պարզապես հնարավոր չէ օգտագործել։ Բնակիչներից մեկը ասաց, որ ջրի հետ նույնիսկ խոտ է գալիս:
«Երկար ժամանակ է, ինչ այս խնդիրը ունենք։ Ես երեխաներիս չեմ թողնում, որ միանգամից ծորակից խմեն, բացում եմ, սպասում եմ մաքրվի», – ասաց Խուլգումոյի բնակիչներից մեկը։
Հարևան Կուլիկամ գյուղում նույնպես առկա է խնդիրը։ Մարդիկ նույնիսկ փորձեր են արել, ապացուցելու համար, որ ջուրը կեղտոտ է։
«Հայրիկս ծորակին բինտ էր կապել և տեսանք թե ինչքան կեղտ հավաքվեց», – ասաց Կուլիկամի բնակչուհի Աննան։
Կուլիկամի մի այլ բնակիչ տուն մտնող ջրագծի վրա ֆիլտր է տեղադրել: Ջրի մաքրության մասին խոսելիս նա ասաց, որ ինքներս կարող ենք տեսնել: Մեզ ուղեկցեց դեպի բաղնիք, որտեղ քանդեց ջրի ֆիլտրը, որը ներկայացված է նկարներում: Տան տիրոջ խոսքերով, ամեն շաբաթ ֆիլտրը մաքրում են և վերջին անգամ մաքրել էին մի շաբաթ առաջ:
Հարևան Բավրա գյուղում ևս բողոքում են խմելու ջրի մաքրությունից: Այստեղ նույնիսկ ենթադրում են, որ կեղտոտվածության պատճառով երեխաներ են հիվանդացել։
«Երեխաները հիվանդացել էին, պատճառը ջուրն էր, մի 10 օր գնում ուրիշ տեղերից էինք ջուր բերում, մինչև մեր գյուղի ջուրը կարգավորեցին։ Մենք միշտ ունեցել ենք ջրի խնդիր», – ասաց Իրիցյան Ստեփանը։
Շտապ օգնության աշխատակից Սուսան Բերիկյանը ևս Բավրայի բնակիչ է:
«Երբ բացում եմ ծորակը, սկզբից ջուրը մաքուր չի գալիս, պետք է սպասեմ, որ մաքրվի կամ լցնում եմ բաժակի մեջ, որ նստվածք տա։ Չեմ կարող ասել դա ջրից է թե խողովակներից, սակայն խնդիրը կա», – ասաց Սուսան Բերիկյանը։
Ճշտելու համար, թե ինչու է ջրի վիճակը այսպես և ինչ միջոցներ կձեռնարկվեն դիմեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերությանը։
«Մենք արդեն ուղարկել ենք հատուկ խումբ, ովքեր կստուգեն տեղեկությունը և իհարկե ջրի հետազոտություն կանենք, սակայն նշեմ նաև, որ մինչև հիմա այսպիսի տեղեկություն չենք ունեցել, բնակչության կողմից նույնպես բողոք չի գրանցվել», – ասաց Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերության տեխնիկական ակտիվների կառավարման վարչության պետ Միխիլ Թաթարաձեն։
Թե ինչ արդյունքներ կունենա Վրաստանի միացյալ ջրամատակարարում ընկերության խմբի աշխատանքը տեղում կտեղեկացնենք, երբ այս կազմակերպությունից մեզ պատասխանեն:
Գայանե Ակոջյան