Երկու տարի Կարտիկամ, Կուլիկամ, Խուլգումո գյուղերից աշակերտների քաղաքային դպրոցներ տեղափոխումը ֆինանսավորելուց հետո, այս տարի Ախալքալաքի տեղական իշխանությունները որոշեցին գումար այլևս չհատկացնել: Վերոհիշյալ գյուղերի բնակիչներն երեկ եկել էին քաղաքապետարան բողոքի: Ինչպես է այս հարցը հանվել Ախալքալաքի Սակրեբուլոյի նիստի օրակարգից, և ինչու են այս գյուղերում ցանկանում, որ ֆինանսավորումը չդադարեցվի:
Փետրվարի 9-ին Կարտիկամ, Կուլիկամ և Խուլգումո գյուղերի բնակիչներն Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց բողոքում էին աշակերտների տրանսպորտավորման ֆինանսավորումը դադարեցնելու տեղական իշխանությունների որոշման դեմ: Նրանք պահանջում էին շարունակել ֆինանսավորումը, փաստելով, որ հենց Սակրեբուլոյի պատգամավորներն են իրենց խոստացել տրանսպորտավորումը, և, դրա հիման վրա, նրանք իրենց երեխաներին ուղարկել են Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոց:
Կարտիկամ գյուղից Արթուր Դումանյանն երրորդ դասարանցու հայր է:
«Ես ինքս հնարավորություն չունեմ երեխայիս տանել-բերելու, ես այս հույսով եմ իմ երեխային ուղարկել ռուսական դպրոց: Նա ռուսերենը սովորել է ինտերնետով, և ինքն է ցանկացել սովորել ռուսական դպրոցում», – ասում է Արթուր Դումանյանը:
Անտոնյան Կարենի երեխան սովորում է երկրորդ դասարանում, և այս պահին նա ի վիճակի չէ երեխային գյուղից տանել քաղաք:
Երեք գյուղերից քաղաքի դպրոցներում սովորում է 60 աշակերտ, որոնցից 57-ը` թիվ 2 ռուսական դպրոցում, երեքը` թիվ 3 վրացական դպրոցում:
Կարտիկամի տարածքային տեղամասից, որի մեջ մտնում են նաև մնացած երկու գյուղերը, Սակրեբուլոյի պատգամավոր ընտրված Գենադի Էլիզբարյանը, ասում է, որ երեխաների տեղափոխումն իրականացվում է 2019 թվականից, այսինքն՝ երկու տարի:
«Ղեկավարությունը խոստացել է, այսինքն, դպրոցի տնօրենն (խմբ. թիվ 2 դպրոցի տնօրենը) ասաց, որ կա նման հնարավորություն, և մունիցիպալիտետի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ բնակչությունը բարձրացրել է այս հարցը, և նրանք խոստացել են», – ասում է Գենադի Էլիզբարյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տրանպորտավորման հարցի քննարկումը սկսվել էր 2021 թվականի փետրվարի 3-ին: Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նիստի ընթացքում պատգամավորների բուռն քննարկման առարկան էր դարձել շրջանի 3 գյուղերից Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոց երեխաների տրանպորտավորման ֆինանսավորման հարցը: Այս հարցը բարձրացրել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի տեղակալ Գայոզ Լոմսաձեն: Նա բացատրություն էր պահանջել, թե ինչու պետությունը պետք է վճարի այս գյուղերից Ախալքալաքի ռուսական դպրոց աշակերտների տրանսպորտային փոխադրման համար, երբ մյուս գյուղերի դպրոցականներին մերժել է նույն ծառայությունը մատուցել: Նշելով, որ Գումբուրդո գյուղի դպրոցականներին մերժել են գյուղից քաղաքի թիվ 5 հայկական դպրոց (հայտնի է որպես գիշերօթիկ դպրոց) տեղափոխումը:
«Ես դեմ էի, քանի որ այս գյուղերում ունեն նորմալ դպրոցներ, առանց ջեռուցման խնդրի, ինչու են գալիս քաղաք: Եթե ֆինանսավորում ենք, ուրեմն բոլորին պետք է ֆինանսավորենք, եթե ոչ, ապա՝ ոչ մեկին», – JNEWS- ի հետ զրույցում բացատրեց Գայոզ Լոմսաձեն:
Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել 4 գյուղերի աշակերտների տեղափոխման հարցը, բացի վերոնշյալ գյուղերից ներկայացվել էր նաև Բալխո գյուղից Բուռնաշեթ գյուղ դպրոցականների տեղափոխումը: Բալխո գյուղում գործում է հիմնական 9-ամյա դպրոց:
Չորս գյուղերից երեխաների տրանսպորտավորման հարցը, մանկապարտեզի սաների տեղափոխման հետ մեկտեղ, այնուամենայնիվ փոխանցվեց Բյուրոյի նիստի քննարկմանը, բայց այնտեղ այն փոխվեց: Բյուրոյի մնացած պատգամավորները նույնպես դեմ եղան երեք գյուղերից երեխաների տրանսպորտավորման ֆինանսավորմանը: Չորս գյուղերից ծախսային կետում թողել էին միայն Բալխոյի հիմնական դպրոցից Բուռնաշեթի դպրոց տրանսպորտավորման ֆինանսավորումը:
«Մենք ֆինանսավորում ենք դպրոցների աշակերտների տեղափոխումն այն գյուղերից (Բալխո-Բուռնաշեթ), որտեղ դպրոցները ոչ լրիվ են, մանկապարտեզների դեպքում էլ նույնկերպ, բայց որտեղ կան լրիվ միջնակարգ դպրոցներ, չենք ֆինանսավորում: Հիմա մենք կդադարեցնենք աշակերտների տեղափոխումն այս գյուղերից: Եթե մենք ֆինանսավորենք այս գյուղերը, մյուսները նույնպես կուզենան, իսկ մենք ֆինանսական ճգնաժամի մեջ ենք: Մենք կվերլուծենք, կան արդոք ցանկացողներ այլ գյուղերից: Մեզ համար բոլորը հավասար են, ինչու այս գյուղերին արտոնություն տանք, մյուսն 60-ին՝ ոչ: Մենք հիմա բոլորին չենք կարող խոստանալ, իսկ եթե հետո ֆինանսներ չլինեն… », – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, մի քանի տարի առաջ իրենք ներառել էին բոլոր այս 4 գյուղերը այն դպրոցների ցուցակում, որոնց աշակերտների տրանսպորտային փոխադրումն անմիջականորեն իրականացնում է Կրթության նախարարությունը, սակայն այդ ժամանակ տվյալ գյուղերն անմիջապես ցուցակից հանվել էին:
«Նրանք այս 3 գյուղերը հանել էին պատճառաբանելով, որ այնտեղ կան լրիվ միջնակարգ դպրոցներ, եթե նրանք ցանկանում են օտար լեզու ուսումնասիրել, դա նրանց անձնական գործն է, իսկ Բալխո-Բուռնաշեթը հանել էին, քանի որ նրանք ֆինանսավորում են, եթե դպրոցների միջև հեռավորությունը 3 կմ-ից ավելի է, այս դեպքում՝ 1, 5 կմ է: Այնտեղ երեխաները կենտրոնական ճանապարհով, ոտքով են գնում, և մենք, բացառության կարգով, ընդգրկեցինք այս գյուղը մեր ցուցակում: Երկու տարի շարունակ մենք ֆինանսավորում էինք այս բոլոր 4 գյուղերը, բայց այս տարի ֆինանսական ճգնաժամ ունենք », – ասաց Վալերի Ստելմաշովը:
Նշենք, որ Կրթության նախարարությունը 2020-2021 ուսումնական տարում Ախալքալաքի մունիցիպալիտետում վճարում է 28 գյուղերից 364 աշակերտի տրանսպորտավորման համար: