«Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլ է անցել 17 մասնակից։ Եզրափակիչ անցած մասնակիցները ելույթ կունենան գալա համերգին, որը կկայանա աշնանը՝ Հայաստանում։ Նախագծին մասնակցել են 6-ից մինչև 30 տարեկան կատարողներ։
Փոքրերի տարիքային խմբից եզրափակիչ փուլ է անցել 7 մասնակից, իսկ մեծերի խմբից՝ 10 մասնակից։
«Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնն իրականացվում է առաջին անգամ, որի առաջին փուլին մասնակցել են շուրջ 150 կատարողներ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից։ 150 մասնակցից երկրորդ փուլ են անցել 39 կատարողներ, այնուհետև 39 մասնակցից 17 լավագույնները անցել են եզրափակիչ։ Մրցանակակիրները հայտնի կդառնան գալա համերգի ժամանակ, և մեկ անձ կստանա «Գրան պրի» մրցանակը և կճանաչվի «Ջավախքի ձայն»-ը 2024-ի հաղթող։
Նշենք, որ մինչ գալա համերգը ՋԱՀ-ի սոցիալական էջերում կտեղադրվի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների տեսահոլովակները, և հանդիսատեսի հավանումների շնորհիվ նրանցից մեկը կստանա ՋԱՀ-ի հատուկ մրցանակը՝ «Հանդիսատեսի համակրանք»։
«Ջավախքի ձայնը» գնահատող հանձնաժողովի նախագահն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովն է։ Մյուս ժյուրիներն են՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը, ջավախքցի սիրված երգիչ Արմեն Մկոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և դիզայիներ, լրագրող Գայանե Մանուկյանը։
Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ, որին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։