Հուլիսի 27-ին Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ջավախք» ամառային ճամբարի հանդիսավոր բացումը: Վեց օրվա ընթացքում 7-ից 16 տարեկան ավելի քան 120 երեխա կմասնակցի կրթական և ստեղծագործական ծրագրերի, որոնք ուղղված են հայոց պատմության, մշակույթի և ավանդույթների ուսումնասիրությանը, ինչպես նաև մարզական հմտությունների զարգացմանը:
«Ջավախք» ճամբարն անցկացվում է արդեն 14-րդ անգամ: Նախագիծն իրականացվում է Հայ Օգնության Միության ծրագրի միջոցով և ԱՄՆ արևելյան ափի սփյուռքի հայ երիտասարդ ներկայացուցիչների նախաձեռնությունն է: Ամեն տարի կամավորները միջոցներ են հավաքում ճամբարի համար, գալիս են Ջավախք և աշխատում երեխաների հետ: Այս տարի ճամբար են ժամանել ԱՄՆ-ից և Հայաստանից ժամանած յոթ ճամբարի ջոկատավարներ, որոնց օգնում էին Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի երիտասարդ կամավորները:
Բացման արարողությունն ավանդաբար սկսվեց Վրաստանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ: Այնուհետև Երիտասարդական կենտրոնի երեխաները հանդիսատեսի համար կատարեցին ազգային պարային համարներ:
Միջոցառմանը մասնակցեցին հոգևորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մշակութային և արտադպրոցական կրթության ոլորտների ներկայացուցիչներ, ճամբարի մասնակիցների ծնողներ։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանն օրհնության խոսք ասաց մասնակիցներին: Երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը նույնպես ողջույնի խոսք հնչեցրեց։
Վերջինիս խոսքով՝ այս տարվա ճամբարի մասնակիցների թվում են ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, այլև Ռուսաստանից հյուրեր՝ Ջավախքի բնակիչների թոռ-թոռնուհիները, որոնք ամառային արձակուրդներին այցելելու էին եկել իրենց տատիկ-պապիկներին։
«Հայ համայնքի հետ շփումը շատ կարևոր է նրանց համար: Նրանք իրենց հետ տանում են այս կապը հայկական մշակույթի հետ, վերադառնում են ծնողների մոտ և խնդրում կրկին գալ՝ Հայաստան կամ Ջավախք: Այս հայկական ժառանգությունը մեծ նշանակություն ունի նրանց համար: Մենք մաղթում ենք ճամբարին հաջող մեկնարկ», — նշեց Կարինե Թադևոսյանը։
Ճամբարի ծրագիրը ներառում է պատմության դասախոսություններ, քննադատական մտածողության դասընթացներ, հայկական երգի և պարի դասեր, ձեռագործ աշխատանքների արհեստանոցներ, սպորտային միջոցառումներ և թիմային խաղեր: Բոլոր մասնակիցները բաժանված են երեք տարիքային խմբերի, ինչը թույլ է տալիս հարմարեցնել միջոցառումները նրանց տարիքին։
Դասընթացի ավարտին ճամբարականները իրենց ծնողներին և հյուրերին կներկայացնեն ամփոփիչ ծրագիր՝ ցուցադրելով ճամբարի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները պատմության, մշակույթի, ստեղծագործականության և սպորտի ոլորտներում։











