նորություններ 31 Հուլիսի, 2026 • Ջավախքը միջազգային հանդիսատեսի ուշադրության կենտրոնում է «Կրակը հոն» ֆիլմի շնորհիվ

Ջավախքի Գանձա գյուղում նկարահանված «Հեռավոր կրակ» կամ «Կրակը հոն» փաստավավերագրական ֆիլմը շարունակում է գրավել միջազգային հանդիսատեսի ուշադրությունը։ Շվեյցարիայում կայացած պրեմիերայից հետո այն արդեն ցուցադրվել է Կանադայում, Լեհաստանում, Հայաստանում և Վրաստանում անցկացված հեղինակավոր կինոփառատոններում՝ արժանանալով մրցանակների ու բարձր գնահատականի։ Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը Ջավախքից երիտասարդ Հենրիխ Մալխասյանն է, որը պատմում է ֆիլմի ստեղծման, գաղափարի և իր անցած ճանապարհի մասին։

Հենրիխ Մալխասյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և համաշխարհային տուրիզմի բաժիններում։ Բացի ուսանող լինելուց, նա աշխատում է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ։

Նրա հետաքրքրությունների շրջանակը հիմնականում կապված է մասնագիտական ոլորտի հետ։ Հենրիխը հետաքրքրվում է հետազոտություններով, տարբեր հակամարտությունների վերլուծությամբ և միջազգային հարաբերություններով։ Սակայն նրա հետաքրքրությունները միայն այդքանով չեն սահմանափակվում։ Դեռ մանկուց նրան գրավել է նաև ֆիլմարտադրությունը, և, ինչպես ինքն է նշում, կյանքն այնպես է դասավորվում, որ կինոն աստիճանաբար դառնում է իր երրորդ մասնագիտությունը։

«Հեռավոր կրակ» փաստավավերագրական ֆիլմի հեղինակը և ռեժիսորը կանադահայ Մառլեն Էդոյանն է։ Նրա խոսքով՝ ռեժիսորը, աշխատանքային այցով գտնվելով Գանձա գյուղում, սիրահարվել է տեղի բնությանը, Ջավախքի յուրահատուկ բնապատկերին և մարդկանց վերաբերմունքին։ Այդ տպավորություններն էլ դարձել են պատճառ, որ նա որոշի կրկին վերադառնալ գյուղ և հենց այնտեղ նկարահանել ֆիլմը։

Հենրիխ Մալխասյանի և Մառլեն Էդոյանի ծանոթությունը սկսվել է 2020 թվականին։ Զրույցների ընթացքում նրանք կիսվել են իրենց գաղափարներով և մտքերով, որոնք հետագայում հիմք են դարձել ֆիլմի ստեղծման համար։ Ավելի ուշ Հենրիխը ռեժիսորին ծանոթացրել է նաև իր ընկերներին, ովքեր հետագայում դարձել են ֆիլմի գլխավոր հերոսները։

««Հեռավոր կրակը» պատմում է հույսի, ընտրության և Ջավախքի հայ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների մասին։ Այն ներկայացնում է նույն համայնքում մեծացած երեք երիտասարդների պատմությունը, որոնք, չնայած միասին մեծանալուն, ընտրում են կյանքի տարբեր ճանապարհներ և ունենում տարբեր ճակատագրեր», — մեզ հետ զրույցում պատմում է Հենրիխը:

Ֆիլմի հերոսներից մեկն իր ապագան պատկերացնում է միայն հայրենի գյուղում։ Նա ամուր կապված է իր արմատներին, կրոնին, մասնակցում է եկեղեցական պատարագներին և չի պատկերացնում իր կյանքը գյուղի սահմաններից դուրս։ Մյուս հերոսի համար առաջնային են ֆինանսական խնդիրները։ Նա իր ապագան տեսնում է Ռուսաստանում, որտեղ ցանկանում է աշխատել և կայանալ։ Իսկ երրորդ հերոսը, որի կերպարը մարմնավորում է Հենրիխ Մալխասյանը, առաջնային է համարում կրթությունը։ Նա իր ապագան պատկերացնում է նախ Թբիլիսիում, ապա Եվրոպայում, որտեղ ցանկանում է խորացնել իր մասնագիտական գիտելիքները և իր ներդրումն ունենալ գիտության զարգացման գործում։

«Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է հայերենով։ Դրանում ներկայացված են հայկական ավանդույթները, ինչպես նաև այն, թե ինչպես են Ջավախքում ապրող հայերը պահպանում իրենց ազգային մշակույթն ու ինքնությունը։ Միաժամանակ ֆիլմում բարձրաձայնվում են երիտասարդներին հուզող խնդիրները՝ հնարավորությունների սահմանափակվածությունը, հասարակության մեջ առկա կարծրատիպերը և դրանց հետևանքով առաջացող դժվարությունները»։

Ֆիլմի ընթացքում հնչում են հայկական ժողովրդական երգեր, որոնք կատարվում են Ջավախքի սարերում և դաշտերում։ Իսկ ավարտը խորհրդանշական է․ ֆիլմն ավարտվում է Վահան Տերյանի «Հովիվները սարերում» բանաստեղծությամբ, որն ամբողջությամբ փոխանցում է ֆիլմի գաղափարն ու հոգևոր մթնոլորտը։

Նկարահանումները տևել են երեք տարի, իսկ ֆիլմի ընդհանուր տևողությունը կազմում է 1 ժամ 34 րոպե։ Կադրերի մեծ մասը նկարահանվել է Գանձա գյուղում՝ տարվա բոլոր չորս եղանակներին։ Այդ մոտեցումը հնարավորություն է տվել ոչ միայն ամբողջական պատկերով ներկայացնել Ջավախքի բնությունը, այլև ցույց տալ մարդկանց առօրյայի և կենսակերպի փոփոխությունները տարբեր եղանակներին։

Նկարահանման ընթացքում, ինչպես պատմում է Հենրիխ Մալխասյանը, լուրջ տեխնիկական կամ կազմակերպչական դժվարությունների չեն բախվել։ Սակայն սկզբնական շրջանում խնդիրներ են առաջացել հասարակության վերաբերմունքի պատճառով։ Տեղացիների համար տեսախցիկի առկայությունը նոր և անսովոր երևույթ էր, իսկ այն տեսարաններում, որտեղ գլխավոր հերոսներից բացի անհրաժեշտ էր նաև համայնքի մյուս բնակիչների մասնակցությունը, մարդկանց համար հեշտ չէր բնական պահվածք ունենալ տեսախցիկի առջև։ Ժամանակի ընթացքում, սակայն, նրանք հարմարվել են, և աշխատանքը շարունակվել է առանց խոչընդոտների։

«Հեռավոր կրակ» ֆիլմի պրեմիերան կայացել է Շվեյցարիայում, որտեղ այն արժանացել է մրցանակի։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է Կանադայում, Լեհաստանում, Հայաստանում և Վրաստանում անցկացված տարբեր կինոփառատոններում։ Այս պահին ֆիլմը շարունակում է իր փառատոնային ճանապարհը, իսկ առաջիկայում նախատեսվում են ցուցադրություններ նաև աշխարհի մի շարք այլ երկրներում։

«Հեռավոր կրակը» միայն երեք երիտասարդների պատմությունը չէ։ Այն պատմություն է Ջավախքի, այնտեղ ապրող մարդկանց, նրանց ընտրությունների, երազանքների և ինքնության մասին։ Միջազգային կինոփառատոններում գրանցված հաջողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ փոքր համայնքներից ծնված պատմությունները կարող են հասկանալի ու հուզիչ լինել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց համար։

Նշենք նաև, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 18:00-ին, Վրաստանում Սփյուռքի երիտասարդ դեսպան Թագուհի Սահակյանի կողմից կազմակերպվել է առցանց ձևաչափով հանդիպում, որի հյուրն է Հենրիխ Մալխասյանը, ով կխոսի Վրաստանում ապրող հայերի, ներգաղթի և պատճառների մասին 1800-ական թվականներից մինչև մեր օրեր, ինչպես նաև կխոսվի ֆիլմից և հետաքրքրվողները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Հենրիխին:

Հանդիպումը բաց է, կարող են մասնակցել բոլորը, ստորև ներկայացնում ենք հղումը՝

https://meet.google.com/srx-ufvy-jka

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝