Հուլիսի 12-ին Ախալքալաքի «Արմաթ» կենտրոնում կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին նախընտրական փուլը։ Ժյուրիի անդմաները լսեցին Ախալքալաքի, Ախալցիխեի և Ասպինձայի շրջաններից եկած մոտ 70 մասնակիցներին։ Վաղը կկայանա Նինոծմինդայի և Ծալկայի մասնակիցների նախընտրական փուլը։ Ընդհանուր նախագծին մասնակցության հայտ է ներկայացրել 150 մասնակից։
Նախագծի ժյուրիի անդմաներն են՝ նախագահը Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսնադր Թամազովն է, հայտնի ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, «Երգ երգոց»-ի երաժշտական խմբի ղեկավար Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը և երգիչ Արմեն Մկոյանը։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն իր խոսքում նշեց, որ հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկը Սամցխե-Ջավախք մշակութային կյանքի ակտիվացումն է։
«Սամցխե-Ջավախքի մշակութային կյանքի ակտիվացումը մեր հիմնական առաքելությունն է։ Դրա իրականացնում ենք կերպարվեստի, երգարվեստի փառատոններ, մշակութային տարբեր նախագծեր, որոնցից ամենամեծ նախագծերն են թանգարանաշինությունը, որոնցից են Վահան Տերյանի և աշուղ Ջիվանու տուն-թանգարանը։ Մենք այսօր իրականացնում ենք «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են Սամցխե-Ջավախքի բոլոր շրջաններից՝ հայեր և վրացիներ», – ասաց Սամվել Մկոյանը։
Ծրագիրը իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլի լսումները կտևեն երկու օր, իսկ երկրորդ փուլի լսումները կանցկացվեն հուլիսի վերջ, այնուհետև տեղի կունենա գալա-համերգ, որն այս տարի կիրականացվի Երևանում։ Եթե նախագիծը հաջողի ու շարունակական լինի, ապա կազմակերպիչները մտադիր են հաջորդ տար գալա-համերգը կազմակերպել Թբիլիսիում։
Ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ, որին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։
«Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոն անցկացնելու գաղափարի հեղինակ և երգիչ Մավր Մկրտչյանն ասաց․
«Յուրաքանչյուր նախագիծ, որը նպատակաուղղված է մշակույթի զարգացմանն ու դրա կայացմանը, ինձ համար առաջնահերթություն է։ Երկար ժամանակ մտածում էի, ի՞նչ կարելի է անել, որ գոնե ինչ-որ չափով, չլինելով ֆիզիկապես այստեղ, մեր տաղանդավոր երեխաների համար ինչ-որ նախագիծ անենք։ Ի ուրախություն ինձ, երբ ես գաղափարով կիսվում էի Սամվել Մկոյանի հետ, դա նրան շատ դուր եկավ և որոշեցինք իրականացնել։ Այն իրաիանցումը, որը հիմա ես տեսնում եմ, դա է իրական գնահատանքն այս նախագծի»։
Վաղը՝ հուլիսի 13-ին կանցկացվի Նինոծմինդայի և Ծալկայի մասնակիցների նախընտրական փուլը։
Ընդգծենք, որ հաղթող մասնակիցները կստանան մրցանակներ և դրամական պարգև։