Ախալքալաքի Դարբինյան 50 հասցեում գտնվող երկհարկանի շենքի վերանորոգված տանիքի շինարարական աղբը դեռ չի մաքրվել շենքի տարածքից։ Տանիքի վերանորոգման աշխատանքները իրականացնող ընկերությունից կրկին վստահեցնում են, որ աղբը կհեռացնեն։Դեռ երեք շաբաթ առաջ, Jnews-ի հետ հեռախոսազրույցում շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացրած ՍՊԸ «Գոլդ 777» ընկերության ներկայացուցիչ Վարդ Մոսոյանն ասել էր, որ շինարարությունից հետո իրենք ամբողջությամբ մաքրել են աղբը, բայց եթե հիմա աղբ կա և բնակիչները հնարավորություն չունեն սեփական միջոցներով աղբը մաքրելու համար, ապա իրենք կհեռացնեն այն։
Դարբինյան 50 շենքի բնակիչները դեռ սպասողական վիճակում են, այսօր՝ հուլիսի 2-ին, նրանք կրկին դիմել են JNEWS լրատվականին, պարզելու համար, թե ինչու չի մաքրվում աղբը։
«Ուզում եմ նշել, որ մենք գոհ ենք նրանց կատարած աշխատանքից, տանիքը շատ լավ են փոխել, սակայն ինչ վերաբերվում է այդ կուտակված աղբին, ապա ասեմ, որ դա այդ աշխատանքներից հետո է մնացել, մենք չունենք պատշգամբներ կամ այլ տարածնքեր, որ վերանորոգեինք, կամ կտուր փոխեինք, որ աղբը այդտեղ լցնեինք», – ասաց շենքի բնակիչ Ստելլա Բդոյանը։
Jnews-ը կրկին դիմեց Վարդ Մոսոյանին, նա ասաց․
«Մենք առհասարակ այդ տարածքում տանիքներ շատ ենք փոխել, ես անցած անգամ ասել էի, որ գնան մաքրեն, եթե ինչ-որ աղբ մնացել էր։ Հնարավոր է այդ տարածքում չեն ստուգել, ես ևս մեկ անգամ կտեղեկացնեմ, որ եղած խնդիրը Դարբինյան 50 շենքի տարածքում է»։
Դարբինյան 50 հասցեում գտնվող երկհարկանի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է ՍՊԸ «Գոլդ 777»` 34 124 լարի արժողությամբ։