Դպրոցականների շրջանում բռնցքամարտի Վրաստանի հավաքականում՝ մեկ ոսկի, մեկ արծաթ և երկու մարզիկ. Ախալքալաքի մարզիկների համար այսպիսի արդյունքով այսօր՝ ապրիլի 12-ին, ավարտվեց 2023 թվականի բռնցքամարտի դպրոցականների առաջնության Մառնեուլիի մրցումները։

Վրաստանի առաջնությանը մասնակցում էին 2009 և 2010 թվականներին ծնված դպրոցականները՝ 13-14 տարեկան տղաներ և աղջիկներ, որոնցից երեքն Ախալքալաքից էին՝ Պետրոս Նահատակյանը, Գոռ Ղազարյանը և Էդիկ Համազարյանը։ Նրանցից երկուսը դուրս են եկել եզրափակիչ և այսօր պայքարում էին առաջին հորիզոնականի համար:

Գոռ Ղազարյանը պարտության մատնեց Սագարեջոից իր մրցակցին՝ Դավիթ Պասիկաշվիլիին: Նա Ախալքալաք կվերադառնա ոսկե մեդալով։ Պետրոս Նահատակյանը զիջեց իր մրցակցին՝ քութայիսցի Դավիթ Կուբանիշվիլիին և զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը: Նա Ախալքալաք կբերի արծաթե մեդալ։ Երկու մարզիկներն էլ դպրոցականների շրջանում Վրաստանի բռնցքամարտի հավաքականում են ընդգրկվել։

Հիշեցնենք, որ Վրաստանի դպրոցական-բռնցքամարտիկների 2023 թ.-ի առաջնությունը մեկնարկել էր ապրիլի 7-ին: Մրցումներն անցկացվում էին Մառնեուլիի «Ադրբեջանական տուն» մարզահամալիրում։ Եզրափակիչում հաղթանակի համար պայքարում էր 16 զույգ Վրաստանի տարբեր շրջաններից ու քաղաքներից։