Ախալքալաքում Դարբինյան 50 հասցեում գտնվող երկհարկանի շենքի բնակիչները բողոքում են, որ անցած տարի դեկտեմբեր ամսին իրենց շենքի տանիքն ամբողջությամբ փոխվել է, բայց շինարարական աղբը դեռ շենքի հարակից տարածքից չի մաքրվել։ Բնակիչներն ասում են՝ մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան, սակայն ապարդյուն։

Շենքի բնակիչները լուսանկարներ են ուղարկել JNEWS լրատվականին։

Բնակիչներն իրենց խոսքում նշում են, որ շատ գոհ են կատարված աշխատանքներից։ Ասում են՝ շատ որակյալ աշխատանքներ են կատարվել, տանիքը նորմալ փոխվել է, տեղադրվել է ջրատար խողովակները, սակայն շինարարական աղբը դեկտեմբեր ամսից շենքի հարակից տարածքում է։

3

«Մեր շենքի տղամարդիկ մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ խնդրանքով, որ մաքրեն այդ տարածքը, սակայն՝ ապարդյուն։ Այն ինչ պետքական էր, կարելի էր օգտագործել, տեսակավորեցին ու միանգամից տարան, իսկ աղբը արդեն ամիսներ շարունակ այստեղ է։ Նախ շատ անհարմար է, հետո էլ շենքի այդ տարածքը նմանվել է աղբանոցի», – ասում են բնակիչները։

Դարբինյան 50 հասցեում գտնվող երկհարկանի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է ՍՊԸ «Գոլդ 777»` 34 124 լարի արժողությամբ։

Jnews-ի հետ հեռախոսազրույցում ՍՊԸ «Գոլդ 777»-ի ներկայացուցիչ Վարդ Մոսոյանն ասաց, որ շինարարությունից հետո նրանք ամբողջությամբ մաքրել են աղբը, ինչ վերաբերվում է այս հավաքված աղբին, ապա դա իրենց պարտականությունը չէ, բայց շաբաթ-կիրակի իրենք կհեռացնեն աղբը, քանի որ բնակիչները դրա հնարավորությունը չունեն։

«Մենք գնացել նայել ենք, այդտեղ աղբ կա, բայց ես չգիտեմ ինչ աղբ է, քանի որ մենք հեռացրել ենք շինարարական աղբը։ Ես տեսել եմ, որ կան փոքր շերտաքարի (շիֆեր) մասնիկներ, միգուցե ժողովուրդն է լցրել, գիտեմ, որ կան այնպիսինները, որ պատշգամբի կտուր են փոխել, որ շենքի տանիքին նման լինի։ Բնակիչների հետ խոսեցի, նրանք այդ աղբը հանելու հնարավորություն չունեն, ըստ այդմ՝ շաբաթ-կիրակի օրերին աղբն այդ տարածքից մաքրել կտամ», – ասաց ՍՊԸ «Գոլդ 777»-ի ներկայացուցիչ Վարդ Մոսոյանը։

Հետաքրքիր է կարդալ՝