Մայիսի 23-ին, ժամը 17:00-ին, «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում անցկացրեց հանրային քննարկում «Ջավախքի շրջանի գերիշխող հայացքներն ու ձայները ներքեւից» թեմայով։ Հանդիպումն անցավ Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնում։
Հանդիպման նպատակն էր քննադատորեն անդրադառնալ նորագույն պատմության մեջ Ջավախքի հետ կապված գերակշռող դիսկուսներին ու քաղաքականությանը, ինչպես նաև քննարկել վերջին տարիներին շրջանում սկսված սոցիալական փոփոխությունները:
Հետազոտողներ Քեթևան Էփաձեն, Աննա Թիվաձեն, Ալիսա Բաքրաձեն Ջավախքում երկու հետազոտություն են անցկացրել Ջավախքի հայերի ինքնության, ինչպես նաև Ջավախքում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժառանգության վերաբերյալ:
Հանդիպմանը նրանք պատմեցին հետազոտությունների մասին, ներկայացրեցին հիմնական եզրակացությունները, ինչպես նաև լսեցին ներկաների կարծիքները։ Քննարկմանը մասնակցությունն ազատ էր, սակայն առանձին հրավիրված էին ուսուցիչներ, հասարակական սեկտորի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Ինչպես նշեց «Սոցիալական արդարության կենտրոն»-ի աշխատակից Տիգրան Թարզյանը, տեղի բնակիչներին հուզող հիմնական խնդիրները քաղաքացիության, միգրացիայի, հողերի անհավասար բաշխման խնդիրներն են։
«Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց քաղաքացիությունը և չեն կարող վերականգնել այն, դրա համար նրանք պետք է համապատասխան քննություն հանձնեն, համապատասխան գումար ծախսեն։ Որոշ տեղաշարժեր, իհարկե, կան, բայց մնում է քննությունը, որը տեղի բնակիչները ի զորու չեն հանձնել։ Կենտրոնական իշխանությունները պետք է հասկանան, որ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով՝ տարրական հացի գումար վաստակելու համար մարդիկ ստիպված են մեկնել արտագնա աշխատանքների։ Երկրորդ հարցը հողերի խնդիրն է, մենք յուրաքանչյուրս 25 հար հող ունենք, մինչդեռ որոշ մարդիկ, ովքեր սովետի ժամանակ բարձր պաշտոններ են ունեցել, այսպես ասած, այդ պաշտոնները փոխանակել են հողի հետ, հազարավոր հեկտարների սեփականատեր են հանդիսանում»,- մեկնաբանեց նա։
Ավելի մանրամասն խոսելով հետազոտության արդյունքների մասին՝ փորձագետներից Քեթի Էփաձեն, ով նաև ԹՊՀ-ի դասախոս է, նշեց, որ կենտրոնական իշխանությունների կողմից գերակշռում է քաղաքացիության նկատմամբ չափազանց նեղ մոտեցումը, ինչը բավարար չէ հասնելու համար հասարակության մեջ փոքրամասնությունների լիարժեք ինտեգրման նպատակին։
«Մենք հնարավորություն չենք ունեցել լայնածավալ ուսումնասիրություն իրականացնել, զրուցել ենք միայն ջավախքցի 10 երիտասարդնի հետ։ Հետազոտության հիմնական եզրակացությունները հետևյալն էին. Քաղաքացիության վերաբերյալ կենտրոնի հայեցակարգը շատ նեղ է, այն սահմանափակվում է միայն լեզվի իմացությամբ և հավատարմությամբ իշխանությունում գտնվող կուսակցության հանդեպ, որը ներառում է ենթարկվել Ջավախքի առաջատար կլաններին: Երիտասարդությունը կարծում է, որ պետական լեզվի իմացությունը բավարար չէ քաղաքացիության ընկալման համար։ Նրանք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, վրաց լեզուն ուսումնասիրելու ավելի շատ ռեսուրսներ ունենալ, հավասար միջավայրում ապրելու հնարավորություն ունենալ։ Նրանց համար շատ տհաճ են այն կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն Ջավախքի հայերի նկատմամբ»,- մեկնաբանեց նա:
Կենտրոնական իշխանություններին ուղղված հետազոտողների առաջարկներից մեկն այն է, որ պետք է ավելի շատ նայել «ներքև», լսել երիտասարդների գաղափարները, հաշվի առնել նրանց կարիքները և չսահմանափակվել միայն ինտեգրման առումով փաստաթղթերի ստեղծմամբ։
Ջավախքի հայերի նկատմամբ գերակշռող կարծրատիպերի պատճառը, ըստ Քեթի Էփաձեի, Վրաստանի համար լարված 1990-ական թվականներն են և տարածքային հակամարտությունների ֆոնին առաջացած էթնիկ ազգայնականությունը։
«Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է սկսել շփում, մյուս մարզերի բնակիչները պետք է իմանան, թե ինչ ցավեր ունեն տեղի բնակիչները, ինչ խնդիրներ են նրանց մտահոգում, և, ես կարծում եմ, որ տեղի բնակիչները պետք է շփվեն նաև երկրի մյուս բնակիչների հետ։ Սա պետք է լինի լայնածավալ, այստեղ 1-2 նախագիծը բավարար չէ»,- հավելեց նա։