Երրորդ փորձից հետո, տարվա կեսին, Ախալքալաքի և գյուղերի ճանապարհների փոսային նորոգման մրցույթը կայացավ: Աշխատանքները, 350.000 լարիի չափով, կիրականացնի «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն: Քաղաքապետարանը մոտ օրերս պայմանագիրը կստորագրի, որից հետո կսկսվեն փողոցների բարեկարգման աշխատանքները։
Ախալքալաքի և գյուղերի ճանապարհները շատ անմխիթար վիճակում են: Նման վիճակ հաճախ է նկատվում մունիցիպալիտետում, հատկապես ձմռանից հետո։ Ճանապարհներին առաջացել են խոր ու մեծ փոսեր, որոնք դժվարացնում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Վարորդները դժգոհ են և բողոքում են, որ մեքենաները, ճանապարհների նման վիճակի պատճառով, շարքից դուրս են գալիս։
Ախալքալաքի և գյուղերի ճանապարհների բարեկարգման մրցույթը, որը ներառում է նաև փոսային նորոգումը, կայացավ 3-րդ փորձից: Այն հայտարարվեց 2024 թվականի մայիսի 29-ին: Առաջին անգամ քաղաքի և գյուղական ճանապարհների վերանորոգման մրցույթն Ախալքալաքում հայտարարվեց ապրիլի 4-ին՝ 350.000 լարիի չափով, հայտերն ընդունվեցին ապրիլի 20-ից 29-ը։ Այն հայտարարվեց գնացուցակի համաձայն, որտեղ տրված էր կատարվող միավոր աշխատանքի գինը: Երկրորդ անգամ մրցույթը հայտարարվեց մայիսի 13-ին։ Առաջարկներն ընդունվում էին մայիսի 21-ից 24-ը։ Բայց այն դադարեցվեց նախահաշվային փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով, ինչպես գրված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը Jnews-ի հետ զրույցում ասաց հետեւյալը.
«Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, ստորագրելուց անմիջապես հետո կսկսենք աշխատանքները: Քաղաքի բոլոր փողոցներում, որտեղ կա անհրաժեշտություն, փոսային աշխատանքներ կիրականացվեն, նույնը՝ գյուղերում, որտեղ կա ասֆալտ և առաջացել են փոսեր»,- ասաց Արա Մովսիսյանը։
«ՋավախԱվտոԳզա» ընկերությունից ասացին, որ որևէ խնդիր չկա, իրենք շուտով պայմանագիրը կկնքեն և կսկսեն աշխատանքները, իսկ թե, որ փողոցներն է անհրաժեշտ վերանորոգել, նշելու է քաղաքապետարանը։