Ախալքալաքի շրջանի տեղական բյուջեից ենթակառուցվածքային աշխատանքների համար հատկացվել է 1.115.768 լարի: 2018 թվականին կիրականացվի 20 նախագիծ:
Նախագծերը կիրականացվեն քաղաքում և գյուղերում: Քաղաքում հիմնականում տարվում են փողոցների ասֆալտապատման և փոսային վերանորոգման աշխատանքներ: Քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների գումարը կազմում է 912 693 լարի: Գյուղերում կատարվելու են խմելու ջրի խողովակաշարերի վերականգնման, դպրոցների և մանկապարտեզների բակերի ասֆալտապատման աշխատանքներ՝ 203 075.65 լարիի չափով:
Քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքներն են.
Աշուղ Հավասու փողոցի վերականգնում (Աշուղ Հավասու փողոցից մինչ Թելման փողոց -134 մ), Թելմանի նրբանցքից մինչ Միկոյան փողոց – 95 մ, Միկոյան փողոցի 2 նրբանցքը մինչ Ռուսթավելի փողոց – 105 մ, Նազարեթյան փողոցից մինչ Ուկմերսկայա – 84 մ, Մարգարյան փողոցից մինչ Նազարեթյան փողոց հասնող 176 մ երկարության հատվածը, Մալխասյանի 2 նրբանցք -172 մ և փողոցների փոսային աշխատանքներ: Սուրբ Նինոյի փողոցում ջրատար անցկացնելը, «Ապագայի տան» և սպորտ դպրոցի շենքերի վերականգնումը:
Աշխատանքներ գյուղերում.
Դադեշ, Բուռնաշեթ, Բավրա, Աբուլ գյուղերի խմելու ջրի խողովակների վերականգնում, Էխտիլա գյուղից մինչ Մերենիա գյուղ հասնող ջրատարը, Ափնիա գյուղի դպրոցի ջրատարը: Կուլիկամ և Չունչխա գյուղերի մանկապարտեզների և գյուղական ճանապարհների վերականգնում:
Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքերով, այս նախագծերից բացի, կազմվում են նաև մոտ 20 ենթակառուցվածքային աշխատանքների նախագծեր:
«Եթե լինեն միջոցներ, ապա գուցե այդ աշխատանքներից մի քանիսն իրականացնենք, իսկ եթե ոչ, ապա հաջորդ տարի մենք կիրականացնենք պետական հիմնադրամի և այլ ֆոնդերի միջոցներով», – ասաց Ալբերտ Նահատակյանը:
Շուշան Շիրինյան