Ախալքալաք-Կարտիկամ ճանապարհը, որը գյուղացիներն արգելափակել էին քարհանքներից ավազ տեղափոխող ծանր բեռնատարների համար, ոստիկանության հետ բանակցություններից հետո նորից բացեցին:
Երեկ, կեսօրին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի բնակիչները, ծանրաբեռնված բեռնատարների համար, կրկին փակել էին ճանապարհը, որոնք ավազ էին տեղափոխում Աբուլի քարհանքից: Առաջին անգամ չէ, որ բնակիչներն արգելափակում են ճանապարհը: Նրանք պահանջում էին, որ քարհանքի տերերը և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները իրենց հետ բանակցեն:
Բնակիչների խոսքով, բեռնատարները նախատեսվածից ավելի շատ բեռ են տեղափոխում և փչացնում են նոր ասֆալտը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 15: 00-ին, այս ճանապարհին, Կարտիկամ գյուղի մոտակայքում, կուտակվել էին 12 բեռնված բեռնատար: Տեղում ոստիկանության աշխատակիցները բանակցություններ էին վարում բնակիչների հետ, որպեսզի նրանք թույլ տային բեռնատարներին անցնել:
«Յուրաքանչյուր մեքենայի բեռը 45 տոննա է, ինչը փչացնում է նոր ասֆալտը: Նոր ասֆալտի լցնելուց հետո երկու ամսից էլ չի անցել, իսկ այն արդեն քանդված է: Բացի այդ, ոչ մի մեքենա ծածկ չունի», – ասում է բնակիչներից մեկը:
«Մեզ խաբեցին, որ կվերականգնեն քանդված ճանապարհը, բայց ոչինչ էլ չարեցին, ինչ-որ բան կիսատ պռատ արեցին ու գնացին: Նրանք խոստացան, որ մեքենաները չեն անցնի լրիվ բեռնված: Թող անցնեն կիսով չափ բեռնված կամ ընդհանրապես չանցնեն այս ճանապարհով », – հավելեց Լյովա Դումանյանը:
«Ասֆալտի շերտն այնքան բարակ է, որ բեռնատարն առանց ծանրաբեռնվածության ինքնին արդեն բեռ է այս ասֆալտի համար», – ասում է մեկ այլ բնակիչ:
Ճանապարհն արգելափակած բնակիչները վրդովված էին նաև այն փաստից, որ ոստիկանությունն էր եկել նրանց հետ բանակցելու:
«Մենք ուզում ենք խոսել ղեկավարության հետ, ինչու են ոստիկանությանն ուղարկում», – ասում է Կարտիկամի բնակիչը:
Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում տարաձայնություններ կային բնակիչների միջև, ոմանք առաջարկում էին թողնել որ մեքենքներն անցնեն, ոմանք էլ դեմ էին, ասելով, որ ոչինչ չի փոխվի:
Վերջիվերջո, հավաքվածները համաձայնության եկան, որ մի քանի մեքենա տանեն կշռելու: Դրա համար նրանք ընտրեցին երեք մեքենա: Տեղում գտնվում էր Կարտիկամի տարածքային շրջանից Սակրեբուլոյի պատգամավոր Գենադի Էլիզբարյանը: Նա և մի քանի բնակիչներ գնացին մեքենաների հետ միասին:
«Մենք կշռեցինք երեք բեռնատար, և դրանք նախատեսվածից 13 տոննա և 6 տոննա ավելի էին: Համաձայն չափանիշների, ավտոմեքենաները պետք է տեղափոխեին ոչ ավելի, քան 10 տոննա բեռ », – ասաց Գենադի Էլիզբարյանը:
Թե ինչպես կվարվեն կարտիկամցիները, առայժմ պարզ չէ: Ըստ Էլիզբարյանի, դա կորոշվի այսօր, ոստիկանության շենքում քարհանքի ղեկավարության հետ բանակցություններից հետո:
Շուշան Շիրինյան